ԱՀԿ ղեկավարությունը «կաշի՞ն է փրկում». ինչ կանի Չինաստանը


ԱՀԿ ղեկավարությունը «կաշի՞ն է փրկում». ինչ կանի Չինաստանը

  • 02-05-2020 12:00:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՀԿ սպասում է կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտություն իրականացնելու Չինաստանի պաշտոնական հրավերին: Հայտարարությունը հնչում է կազմակերպության շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակում:
 
ԱՄՆ-ը, որ դարձել է փաստորեն համաճարակի էպիկենտրոն, հայտարարել է ԱՀԿ գործունեությունը քննելու, դրա հանդեպ կասկածների, Չինաստանի օգտին ԱՀԿ «սխալվելու» մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է կազմակերպության ֆինանսավորումը մինչեւ քննության ավարտ: Թրամփը հայտարարում է, որ կան տվյալներ կորոնավիրուսի արհեստական ծագման մասին, թեեւ ԱՀԿ-ն հերքում է դա: Հերքում է նաեւ Չինաստանը:
 
ԱՀԿ գործունեության հանդեպ կասկածներ են հնչում նաեւ Եվրոպայից: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը օրերս Թրամփի հետ քննարկել էր կազմակերպության վերափոխման հարցը: Չի բացառվում, որ գործընթացին միանա նաեւ Գերմանիան: Փոխարենը, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվային դուր չի գալիս ԱՀԿ հանդեպ այդ արշավը:
 
ԱՀԿ ներկայիս նախագահ Գեբրեյեսուսը Եթովպիայից է, նա իր երկրում, նաեւ ԱՀԿ պաշտոնում հայտնվել է մի շարք սկանդալների մեջ, կոռուպցիոն մեղադրանքների տակ՝ կայացրած մի շարք տարօրինակ որոշումների համար:
 
ԱՀԿ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում աչքի է ընկնում երկակի պահվածքով: Երբ վարակը Չինաստանում էր, ԱՀԿ աչքի չէր ընկնում տագնապալի ահազանգերով: Երբ վարակը տեղափոխվում էր այլ երկրներ, եւս: Սակայն վերջին շաբաթներին ԱՀԿ ստանձնել է համաշխարհային խուճապահենի դերը, պարբերաբար հաղորդելով մեկը մյուսից մռայլ եւ հուսահատեցնող հեռանկարներ: Եվ դա տեղի է ունենում այն ֆոնին, որ աշխարհում ավելի ու ավելի է բարձր հնչում կարանտինային սահմանափակումներից հրաժարվելու ձայնը, մի շարք երկրներ թուլացնում են սահմանափակումները, չեղարկում դրանք:
 
Ինչո՞վ է զբաղված ԱՀԿ-ն, արդյոք այլեւս միայն «սեփական կաշին» փրկելով: Եվ արդյոք այդ ֆոնին Չինաստանից օգնության կոչ չէ այն, թե սպասում են ուսումնասիրության պաշտոնական հրավերի: Արդյոք այդպիսով ԱՀԿ ակնարկում է Չինաստանին, որ պատրաստ է լինել կորոնավիրուսի քողի տակ աշխարհքաղաքական դիմակայության մեջ Չինաստանի գործընկերը կամ անգամ գուցե գործիքը՝ առավել եւս, որ գլխավոր դոնոր ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսավորումը եւ այդպիսով բարդ վիճակում դրել ԱՀԿ ղեկավարությանը:
 
Կվարձակալի՞ Չինաստանն ԱՀԿ-ն, թե՞ կազմակերպությունը կմնա Ռուսաստանի հույսին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play