Զարմանալի է վարչապետ Փաշինյանի լռությունը. Արթուր Վանեցյանը Փաշինյանի եւ Մինասյանի միջեւ


Զարմանալի է վարչապետ Փաշինյանի լռությունը. Արթուր Վանեցյանը Փաշինյանի եւ Մինասյանի միջեւ

  • 05-05-2020 11:48:07   | Հայաստան  |  Վերլուծություն

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ուսումնասիրվելու են Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութում նշված հանգամանքները, պարզելու համար դրանցում հանցակազմի առկայությունը:
 
Միքայել Մինասյանը անդրադարձել էր հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը: Ըստ Մինասյանի, դեռեւս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Հռոմում հանդիպել է իրեն՝ որպես վարչապետ Փաշինյանի բանագնաց, եւ ներկայացրել վարչապետի առաջարկը. Սիմվոլիկ փող վճարել Հայաստանի հիմնադրամներից մեկին, հրաժարվել Հայաստանում քաղաքական հավակնությունից եւ այդ ամենի դիմաց չենթարկվել քրեական հետապնդման:
 
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն առայժմ չի արձագանքել Միքայել Մինասյանի հայտարարությանը: Չի արձագանքել նաեւ վարչապետ Փաշինյանը: Փաշինյանն, ի դեպ, չի արձագանքել նաեւ իր աներորդու՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցադրում-ակնարկին, թե Արթուր Վանեցյանին վարչապետը պաշտոնից հեռացրել է, երբ նրա առաջ է դրել այլ երկրի հատուկ ծառայությունում հավաքագրված լինելու փաստեր:
 
Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, թե իր հարցը պայմանավորված չէ որեւէ հանգամանքով, պարզապես հարց է, որ հետաքրքրել էր իրեն եւ կարող է հետաքրքրել հանրությանը:
 
Հատկանշական է, որ պատգամավորի հարցը չի հետաքրքրել իրավապահներին, մինչդեռ խոսքը պետական անվտանգության մասին է: Որովհետեւ, ի վերջո, եթե Արթուր Վանեցյանը հավաքագրված է, ապա պաշտոնից հեռացվելով չի չեզոքացվում նրա վտանգը, որովհետեւ նա ի պաշտոնե տիրապետում է Հայաստանի Հանրապետությանն առնչվող կարեւորագույն տեղեկությունների: Ըստ այդմ, ստացվում է, որ հավաքագրված են այդ տեղեկությունները:
 
Հետեւաբար տարօրինակ է, որ պատգամավորի հրապարակային հարցադրումը՝ պատգամավորի, ոչ թե փորձագետի կամ լրագրողի, այն էլ վարչապետի հետ ընտանեկան կապ ունեցող պատգամավորի հարցադրումը չի արժանանում իրավապահների ուշադրությանը:
 
Զարմանալի է նաեւ վարչապետ Փաշինյանի լռությունը:
 
Կա՞ արդյոք կապ բարձրաձայնված հարցադրման եւ Միքայել Մինասյանի տարածած տեսանյութի միջեւ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play