Ո՞վ կամ ովքե՞ր են փրկելու մեր վաղվա օրը, երազանքը և իրականությունը...


Ո՞վ կամ ովքե՞ր են փրկելու մեր վաղվա օրը, երազանքը և իրականությունը...

  • 06-05-2020 15:44:58   | Հայաստան  |  Վերլուծություն

      
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում պատերազմներ են ընթանում, հարևաններն իրար հետ յոլա չեն գնում, նույն երկրի մեջ գտնվող ազգերն ու ազգությունները վեճերի և կռիվների մեջ են, հարավայինը չի սիրում հյուսիսայինին, արևելյանը տանել չի կարողանում արևմտյանին, իսլամը՝ քրիստոնյաներին, շիաները՝ սուննիներին, ուղղափառը՝ կաթոլիկին:
 
Ինչ-որ նոր, գերհզոր ուժի և զորության պահանջ է զգացվում: Մեր նախնիները դրան Աստված են կոչել: Բայց հիմա քչերն են հավատում և սպասում Աստծուն: Եթե Աստվածը  լիներ  անցած դարում հաստատ չէր լինի  Հայոց Մեծ եղեռը, ապա Հոլոքոստը:
Աշխարհն անհանգիստ ծովի նման փոթորկվում է: Սակայն այդ փոթորիկներ սանձող ուժը դեևս չկա: Իսկ եթե հայտնվում են մեկը կամ երկուսը, որոնց գերտերություն են անվանում, սրանք էլ առաջնորդվում են կամ իրենց ՇԱՀ- երով կամ ԱՀ- երով, նաև ԳԱՀ-երով:
Ճիշտ է՝ կա ՄԱԿ կոչվող մի կազմակերպություն, որը ստեղծվել է համաշխարհային նշանակության խնդիր լուծելու, ժողովուրդներին անվտանգություն և աշխարհին խաղաղություն հաստատելու առաքելությամբ, սակայն այստեղ էլ որոշումներ կայացնելն այնքան է դժվար, որքան բազմակի անհայտներով խնդիրների լուծումը: Այս կազմակերպության մեջ ընդգրկված երկրների որոշումները իրականացվում են կոնցեսիուսի սկզբունքով, որտեղ մեծ տերություններին տրված է վետոյի իրավունք, ինչն էլ կիրառում են իրենց ՇԱՀԻՆ, ԱՀԻՆ, ԳԱՀԻՆ  համապատասխան:
Եթե հայերի և հրեաների ցեղասպանությունները տեղի էին ունեցել մինչև ՄԱԿ- ի հիմնադրումը, ապա ՄԱԿ-ի աչքին և ականջին հասու նոր ցեղասպանություններն իրականացան Ռուանդայում, Իրաքում, Դարֆուրում, որոնք ճանաչվեցին որպես այդպիսիք: Սակայն եղել են նաև միջազգայնորեն չճանաչված (Սումգայիթը Ադրբեջանում) ցեղասպանություններ, որոնցում զոհվածների համար ոչ մի նշանակություն չունի, թե իրենց կյանքից զրկվելը միջազգայնորեն ճանաչված է, թե՝ ոչ, իսկ կենդանի մնացածների համար էլ չկան երաշխիքներ, թե այլևս չեն կրկնվելու նորից:
     Մինչ աշխարհն այսպես եռացող կաթսայի պես քլթքլթում է, մի օր էլ հանկարծ հայտնի կդառնա, որ Երկիր մոլորակին է մոտենում հսկա մի աստղաբեկոր, որի անկման ուղղությունը կարող են փոխել մեկ կամ երկու երկրների ռազմական հզորությունները միայն: Բնականաբար նրանք առաջինը դրա ուղղությունը կփոխեն իրենց երկրների վրայից դեպի անմարդաբնակ մի վայր, իսկ եթե չհաջողվի, դեպի իրենց հակառակորդ մի ուրիշ կամ էլ իրենց համար անկարևոր երկիր: Չկա համոզմունք կամ երաշխիք, որ այդ հարցը կլուծվի արդարացի և բոլոր երկրների շահերին համապատասխան : Ահա այս ժամանակ է, որ օրակարգի հարց պիտի դառնա Համաշխարհային կառավարության ստեղծումը: 
Գուցե իսկապես Համաշխարհային կառավարություն ստեղծելու հարցը մինչև 2020 թվականը լուծվի: Սակայն ամբողջ խնդիրը ճիշտ ընտրակարգի մեջ է: Մեր իմացած ժողովրդավարական ընտրակարգով նույնիսկ մեկ երկրի մակարդակով ճիշտ և անթերի ընտրություն իրականացնել հնարավոր չի լինում, ուր մնաց՝ համաշխարհային: Մի անգամ ընտրվածների կրկին անգամ վերընտրվելու հիվանդագին ցանկության համախտանիշն ինքնապաշտպանական բնազդի նման շարունակ գործելու է: Իսկ ցմահ թագավորների, տիրակալների, ցարերի ու սուլթանների «խերն ու շառը» մարդկությունը ճաշակել է վաղուց և կուշտ կշտացել:
 
Արևելքում ասում են` «Կյանքը նույն մա՛հն է», Արևմուտքում ասում`
«Մահը նույն կյանքն է»: «Մեր Կյանքը զե՛նքն է»,- ասում են Հյուսիսում:
«Մեր Կյանքը վայե՛լքն է»,- ասում են Հարավում: Մարդիկ, կարծես, կորցրել են իրականության զգացողությունը: Նրանց թվում է իրականությունն այն է, ինչ իրենք են ցանկանում: Այդպես մտածելով՝ աննկատելիորեն մարդիկ տրվում են մեղսագործությանը:
Աղետալին այստեղ ոչ այնքան մեղք գործելն է, որքան մեղքի զգացումը կորցնելը: Քրիստոնեական ուսմունքով մեղքից ազատվելու միջոցը ապաշխարության ուխտն է, սակայն մարդկության մեղքերի բեռն այնքան է մեծացել, որ քրիստոնեական քարոզներն արդեն անզոր են դարձել: Եվ մոլորյալ մարդկությունը չի գտնում լուծումներ: Մինչ ժողովուրդն աչքերը չորս կողմ չռած, մշտածուփ տատանումներով այսուայն կողմ տարուբերվելով չէր գտնում ելքի դուռը, մուտքի դռնից ներխուժում է «Վայրագ կապիտալիզմ» հրեշը:
Սոցիալիզմ տեսած ժողովուրդը շվարած է մնում, սրանք երկուսն էլ, կարծես թե, նման են իրար, տարբերությունը չի ջոկվում: Իրականում կա տարբերություն: Ըստ Ունինստոն Չերչիլի` «Կապիտալիզմի ի ծնե արատն այն է, որ բարիքները բաշխվում են անհավասար: Սոցիալիզմի ի ծնե առավելությունն այն է, որ հավասար է բաշխվում աղքատությունը»: Սկսվում է կապիտալի նախասկզբնական կուտակումը: Այս շրջանում արդեն, ինչպես ամենամեծ կապիտալիստ, ամերիկացի Ֆորդն էր ասում` «Հնարավոր է գրեթե ամեն ինչ, բացի օրինական բիզնեսից»: Օլիգարխներն ու մենաշնորհվածներն են դառնում դրության տերը: Ագահությունն աճում է հարստության հետ հավասար:
Շվարած ժողովրդին մնում է կտրվել իր հող ու ջրից, իր բնօրրանից, ցաքուցրիվ լինել աշխարհով մեկ: Իսկ նրանք, ովքեր չէին կարողացել կամ չէին ցանկացել արտագաղթել, չգիտեն ո՞ր փորձանքին դիմակայեն`
ՑՐՏԻ՞Ն, ՎԻՐՈՒՍԻ՞Ն, ԻՇԽԱՆՈՒԹՅԱ՞ՆԸ:
 
Ցրտից պաշտպանության միջոցները գտնվում էին: Վիրուսից էլ` դիմել բժշկին կամ` «տաք պահի, կանցնի»: Իշխանությունից պաշպանվելու միջոցները չէին գտնվում:
Մարդիկ իրենց կառավարող իշխանություն են ընտրում (կամ չեն ընտրում), որն ամեն օր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրով կեղեքում,  շահագործում, հարստահարում է ՝ լեգիտիմ և ոչ լեգիտիմ, կարճաժամկետ և երկարաժամկետ, բռնակալական և «ժողովրդավարական» կոչված ծրագրերով և սկզբունքներով:
Երկրում փակվում են գործարաններ, դպրոցներ, մշակույթի օջախներ, դրան հակառակ կառուցվում են կառավարական նոր շենքեր, եկեղեցիներ, խաղատներ, զվարճանքի վայրեր: Քանդվում, հիշողությունից ջնջվում են հին շենքերը: Քանդված շենքերի և շինությունների տեղերը էլիտար շենքեր կառուցելու համար հատկացվում են իշխանավորի փեսաներին, զոքանչներին, բաջանաղներին, հեռու- մոտիկ բարեկամներին: Գործողության մեջ են մտնում աղքատների ընչազրկությունը, հա- րուստների ընչաքաղցությունը, իշխողների հափրանքը և չիշխողների զրկանքը չսահմանափակող նոր Սահմանադրություններ: Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից:
Աշխարհին, այդ թվում և Հայաստան աշխարհին կործանման նոր վտանգ է սպառնում: Պայծառատեսներն ապոկալիպսիս են գուշակում: Աշխարհը  փոթորկվում  է  իգիլներից  (իսլամական  ահաբեկիչներից), ամենուր մետրոների պայթեցումներ, ռմբահարումներ, խորտակումներ, կործանումներ: Հայաստանին ահաբեկում են Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, Ռուսաստանին՝ ԱՄՆ-ով, ԱՄՆ-ին՝  Ռուսաստանով:
Այսպես շարունակվելու դեպքում աշխարհին համաշխարհային աղետ է սպառնում, և հեռու չէ այն օրը, երբ աշխարհը կվերադառնա իր նախաստեղծ վիճակին:
Նասանն էլ իր հերթին է ահաբեկում. Մերկուրի և Յուպիտեր մոլո րակները մոտենում են երկրագնդին: Կարո՞ղ է արդյոք մարդկությունը խույս տալ այս աղետից: Մարդիկ այլևս առաջվա նման չեն հավատում Տիրոջը, չեն անսա ամեն մի խոսքի ու հորդորի, հիմա Նոյ չկա, չի էլ ծնվելու: Հիմա մարդ արարածը ճանաչում է միայն իրեն, նրա տապանում ոչ մեկի համար տեղ չի պահվում, լավագույն դեպքում՝ իր կուսակցի կամ կողակցի համար:
Աշխարհի զարգացած, թերզարգացած, նույիսկ բոլորովին չզարգացած երկրների կառավարիչները շարունակում են կատարելագործել իրենց հղփությունը, եսամոլությունն ու անկշտությունը: Եթե նրանց մեջ օրերից մի օր հանկարծ հայտնվի իրենց չնմանվող, իրենցից տարբեր, ասենք, Ուրուգվայի կամ Իրանի նախկին նախագահների նման մեկը, որոնց աչքը կուշտ է, միտքն արդար, ապա շուտով, շատ շուտով նրանք կդառնան «սպիտակ ագռավներ» և փետրահան կարվեն:
Այս Աշխարհը փոխելու սուր պահանջ կա: Մոտալուտ աղետը, թվում է, մարդկության դուռն է ծեծում: Նոր տեսություններ, ծրագրեր են մշակվում: Տեսությունը միայն տեսնելու, ծրագիրը միայն գրելու համար չէ: Աշխարհի մի անկյունում, անկյուն չկոչենք, տարածք կոչենք, տերություն կամ տիրակալություն կոչենք, ծնվել և տարածվում է «գլոբալիզացիա» կոչված գաղափարը (ի դեպ, այդ գաղափարի նախահայրը, քավորսանահերը Զիգմունդ Բժեժինսկին է, մի մարդ, ում շատերը գիտեին իր կոնվերգենցիայի տեսությամբ, բայց քչերը գիտեն, որ նա ծագումով հայ է ըստ իր հայտարարության):
Գլոբալացումը չընդունող, իր անպարտելիության երբեմնի հիշողություններով տարված Ռուսաստանը, մարդկանց թվաքանակով ամենամեծը՝ Չինաստանը, մեկ- մեկ էլ կողքի քաշվող- մեջտեղ ուտող Եվրամիությունը փորձում են ցույց տալ, թե իրենք էլ կան աշխարհում: Դարձյալ ոչինչ չի փոխվում և եթե փոխվում է՝ միայն դեպի վատը և վատթարը: ԱՄՆ-ի հեգեմոն դերը, որը սկսվել էր 1990- ից, ավարտվեց 2005-ին: Չինաստանը դարձավ ԱՄՆ-ի տրիլիոնների արտաքին պարտքի հիմնական պարտատերը:
Միաբևեռ Աշխարհը դեռ չկայացած դառնում է բազմաբևեռ: Այսպես երկար շարունակվել չի կարող: Ո՞վ կամ ովքե՞ր են գտնելու մարդկությանը սպառնացող աղետից փրկվելու ուղին:
 
 
ՎԱՂՎԱ ՕՐԸ
 
Վաղվա օրն անհայտ է մեզ, Ապրենք այսօր, քանի կանք:
                                                                                 Շիլլեր
 
       Ի՞նչ աղետի մասին է խոսքը: Վերևում նշեցինք երեք սպառնալիքներից՝ ՑՐՏ-ից, ՎԻՐՈՒՍ -ից ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ից  պաշպանվելու, դրանցից եկող վտանգների մասին: Սրանք դեռ այնքան սարսափելի չեն, որքան դրանցից առաջացած ՎԱԽԸ: 
   Աշխարհը ես եմ: Ես կամ, աշխարհը կա: Ես չկամ, աշխարհը չկա: Ինչքան մարդ կա այս աշխարհում, այդքան Աշխարհը կա: Այս աշխարհում ապրում են յոթ միլիարդ «Ես»-եր: Իսկ եթե այդ յոթ միլիարդից  1 կամ 2 միլիոնը հիվանդա ինչ-որ վիրուսով և մնացածն արդեն խուճապի մեջ կհայտնվի և երկար ժամանակ  ոչ միայն նրանց, այլև 7 միլիարդին փրկելու միջոցներ չեն գտնվի: 
Թեև շատերը գիտեին, որ սատանան այնքան ահավոր չէ, որքան իրենց թվում է, սակայն մարդկանց սրտերն ահուդող մտցնող տեղեկություններն  այնքան շատ կլինեն, որ նրանց այդժամ   փրկելու համար ոչ թե բժիշկ-համաճարակաբաններ պետք կլինեն, այլ հոգեբույժներ, միայն հոգեբույժներ, որովհետև ըստ հոգեբույժների, եթե մարդիկ մինչև վեց ամիս շարունակ մնում են վախի մեջ, դրանից հետո նրանք ձեռք են բերում ֆոբիաներ, ի վերջո պարանոդիալ հիվանդություններ: Պարանոյան ոչ միշտ է զարգանում որպես հոգեկան հիվանդության հետևանք․ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ազգաբնակչության շրջանում թեթև պարանոիդ մտքերը բավականին տարածված են, մարդիկ դառնում են պարանոիդ, և խանգարվում են նրանց դատողության և իրերին միտք տալու ունակությունները ։ 
Պարանոիդ անձնային խանգարումը խնդրահարույց մտքերի, զգացողությունների և վարքագծերի երկարատև խանգարումն է։ Պարանոիդ անձնային խանգարմամբ մարդիկ դառնում են զգուշավոր, կասկածամիտ, փաստերն աղավաղող,  և ուրիշների նկատմամբ անվստահ։ 
Ինչքան երկար ձգվի վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումը այնքան ավելի հավանական կդառնան մարդկանց հոգեկան զառանցական խանգարումները։  Զառանցական խանգարումով մարդիկ ունեն միայն զառանցանք (անփոփոխ, կեղծ համոզմունք)՝ առանց հոգեկան հիվանդության որևէ այլ ախտանիշի։ Պարանոյիդ զառանցանքներ ունեցողներին թվում , թե իրենք արդեն հետապնդման և դավադրության զոհ են: Ինչի մասին հիմա հաճախ ենք լսում որոշ մարդկանցից։ Որոշ հետազոտություններով բացահայտվել է, որ պարանոյան ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվում են սուր կամ մշտական սթրեսի։
   Վերջին հույսը գիտությունն է, գիտությունն է կարող միայն փրկել այս հեգ մարդկությանը: Իսկ գիտությունն էլ երկար է, կյանքը` կարճ (Ars longa, vita brevis eս,- ինչպես վկայում է լատինական ասացվածքը): Թվում է, գիտության վրա էլ հույս դնել չի լինում: Ամեն ինչ վերածվել է բիզնեսի` «Ով վճարում է, նրան է ծառայում գիտությունը» կամ, ինչպես հաճախ են կրկնում՝ «Ով վճարում է, նա է լսում երաժշությունը»:
  Ասենք թե գտնվեց այն վակցինան, որով հնարավոր էր փրկել մարդկությունը չարաղետ ինչ-որ վիրուսից; Նորաստեղծ Համաշխարհային կառավարությունը հատուկ որոշմամբ, որին  դեկրետ են կոչում, այն արագորեն բաժանում է  իր ենթակայության տակ գտնվող բոլոր երկրներին: Ի՞նչ երաշխիք կա, որ այդ վակցինայի մեջ ներդրված չէ ինչ-որ մեկ այլ վիրուս, որով իշխանություններն իրագործելու են աշխարհին իշխելու իրենց նոր ծրագիրը:
   Թեև սա շատ է նման կոնսպիրոլոգիայի, սակայն այնքան էլ հեռու չէ իրականությունից:  Վերջին ժամանակներս  տարածվեց մի տեղեկություն, ինչը սակայն, չգիտես ինչու, միջազգային հանրային կարծիքն անուշադրության մատնեց: Գուցե դա ուներ իր պատճառը. ոչինչ առանց պատճառի չի լինում:
Այսպես, շվեյցարական և ամերիկյան մի խումբ գիտնականներ սենսացիոն գյուտ են արել: Նրանք հայտնագործել են «վստահության կենսահեղուկ», որը կոչել են «օքսիտոցին», մի հորմոն, որն ամենաամուր և ամենաանհնազանդ, անգամ Հերկուլեսի պես առասպելական հերոսին, կամքից ամենաուժեղ մարդուն վերածում է կամակատարի, որն իրեն ասված ամեն ինչին հավատում է, ինչպես մանկապարտեզի միամիտ երեխան:
Աշխարհը կարևորություն չտվեց այս տեղեկությանը: Ինչո՞ւ: Միթե՞ ոչ մեկը չհասկացավ, որ այս գյուտի շնորհիվ, ավելի ճիշտ` պատճառով, աշխարհը կարելի է ետ տանել դեպի անցյալ, ֆեոդալիզմ, անգամ ստրկատիրություն, նույնիսկ նախնադարյան համայնավարական կարգեր:
Պատկերացնո՞ւմ եք` այդ օքսիտոցին հորմոնը ընկնում է իշխանավորների ձեռքը՝ վերջ. մարդկության ուղեղից անվերադարձ ջնջվում են Ազատության, Հավասարության, Արդարության, Եղբայրության մասին կարգախոսերը: Դրանով կարելի է մարդկանց, մեղմ ասած, լրիվ զոմբիացնել, դարձնել մանկամիտ երեխաներ: Չնայած առանց այդ հորմոնի էլ որոշ երկրներում իշխանությունները տարբեր միջոցներով, խաբեությամբ, ստախոսությամբ, իրենց պատկանող մամուլով ու հեռուստաալիքներով արդեն զոմբիացրել են իրենց ժողովուրդներին:
Եթե մտածենք, որ կարելի է հեռուստատեսություններին հակադրել համացանցը, ապա կսխալվենք, քանզի իշխանությունները դրա լուծումը նույնպես գտել են: Կեղծ ֆեյքերով և համացանցում ներդրված գործակալներով՝ թոշակի անցած կամ պաշտոնաթող ոստիկաններով ու նախարարներով նրանք հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերը:
Հիմա էլ լուրեր են տարածվում, թե գիտնականները մշակում են մի նոր հորմոն, որն, իբր, կօգտագործվի Ավետարանի առջև երդում տվող իշխանության լիդերների ազնիվ զգաստացման համար: Հավատալու չէ: Հենց միայն այն պատճառով, որ Ավետարանին հիմա չեն հավատում ոչ երդվողները, և ոչ էլ լսողների մեծ մասը:
Ասում են, թե գիտնականներն իբր պիտի ստեղծեն մի նոր հորմոն, որը կաթեցնելով երդվողի քթի մեջ, երդմնազանց լինելու դեպքում հորմոնի սփրեյը կանցնի գործի, կկանխի նրա սխալ, անօրինական քայլերը:
Սակայն սա էլ խնդրի լուծում չէ:
Իշխանության ձեռքին կենտրոնացած են հսկայական միջոցներ, նրանց համար դժվար չէ իրենց ծառայող գիտնականներին պատվիրել գտնելու այդ հորմոնի հակահորմոն-հակաթույնը: Եթե նույնիսկ այս թույն-հակաթույն գործընթացն երկար շարունակվի, կգա մի պահ, որ իշխանավորները ձեռք կբերեն իմունիտետ, և կստացվի ի շրջանս յուր` ամեն ինչ կվերադառնա նախնական վիճակին և վերջ, մարդկությանն այլևս ոչինչ չի փրկի, անգամ Սասնա ծռերը, եթե, իհարկե, ազատվեն կալանքից:
Խեղճ մարդկություն, մի՞թե մի 70 տարվա մեջ փրկության որևէ դուռ չի բացվելու քո առջև (նորից հիշենք 70 տարվա խորհուրդը):
Այնուամենայնիվ՝ մի՞թե ելք չկա: Հայաստանում ստեղծվել է մի կուսակցական դաշինք, որը գտնում է, որ ԵԼՔ ԿԱ: Գուցե իսկապես նրանք կգտնեն ԵԼՔ, եթե այդ դաշինքը, շատ դաշինքների պես, չքանդվի, չվերանա:
Անժխտելի է, որ հնագույն ժամանակներում բանական մարդը, հաճախ առաջնորդվելով կենդանական աշխարհի բնազդներով, չկարողանալով վերափոխել աշխարհը, դարձել էր այդ աշխարհի հպատակն ու գերին: Հիմա արդեն գիտության զարգացումը նոր հորիզոններ է բացել, նոր հնարավորություններ են տրվել մարդուն:
Սկսենք ամենապարզ, մեզ համար արդեն պրիմիտիվ թվացող բաներից: Կար ժամանակ, որ դժվար էր ապացուցել հանցանքի մեջ կասկածվող մարդու մասնակցությունը: Գիտությունը գտավ, որ հանցագործները թողնում են մատնահետքեր, որոնք էլ հենց անհերքելի ապացույցներ են համարվում, քանզի մարդու մատնահետքերը եզակի և անկրկնելի են:
Բայց սա էլ ուներ իր թերությունները: Միշտ չէր, որ չարագործները մատնահետքեր էին թողնում. երբեմն նույնիսկ ջնջում կամ ձեռնոցներ էին կրում:
Գիտությունը գտավ նաև այդ խնդրի լուծումը: Հիմա արդեն պարզվել է, որ մարդու, ինչպես նաև օրգանական ու ոչ օրգանական նյութերի մեջ առկա է դեզօքսիռիբոնուկլեին թթուն (ԴՆԹ), (անգլ. Deoxyribonucleic acid (DNA)), և դրանից ստացվող բոլոր կենդանի և ոչ կենդանի օրգանիզմների, որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգներն արդեն ամեն ինչ պատմում են դրանց մասին:
Հիմք է դրվել նոր գիտության՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի (ԳՁՕ), գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի (ԳՄՕ), որոնց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։
Վերջին այս հասկացությունը մի ժամանակ կիրառվում էր բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։ Գենային փոփոխությունները, որպես կանոն, մինչ այդ կատարվում էին գիտական և տնտեսական նպատակներով։ Հիմա արդեն այդ գիտությունը թափանցում է նոր ոլորտներ: Այս գիտության օբյեկտ է դարձել արդեն նաև մարդ արարածը:
Իրական են դառնում արհեստական մարդ ստեղծելու ծրագրերը: Գիտնականների կարծիքով, անհրաժեշտություն է առաջացել մարդ ձևավորել արհեստական բեղմնավորման միջոցով: Պատճառը տղամարդկանց սերմնահեղուկի բեղմնավորման ցածր ցուցանիշն է: Պարզել են, որ մոտ 10 տարի առաջ երիտասարդ տղամարդկանց սերմնահեղուկի որակը 37 տոկոսով ավելի բարձր էր, քան այժմ: Պատճառը ոչ միայն էկոլոգիայի, այլև տղամարդկանց վարքի մեջ պետք է փնտրել: Ուստի 2-3 տասնամյակ անց բնակչության 1/3 կծնվի արհեստական բեղմնավորմամբ»,- գրում է Rosbalt- ը:
Ամեն ինչ հնարավոր է նախապես ծրագրավորել:
Մենք վաղուց արդեն չենք զարմանում, որ ինկուբատորներում հավի ձվից ճուտ է դուրս գալիս՝ առանց հավի թուխս նստելու: Այսօր արդեն գիտափորձերը դրական արդյունքներ են գրանցել նաև մարդու ծնունդը կնոջ արգանդին փոխարինող սրվակներում: Հետո կսկսվեն մարդու զանգվածային (սերիական) արտադրություններ տարբեր երկրներում, որոնց ապրանքանիշերի վրա գրված կլինի՝ «Պատրաստվել է ․․․» ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ինչու չէ՞ նաև Հայաստանում: Այդ երկրների արտադրած «մարդիկ» իրար հետ կապրեն ու կհամագործակցեն շուկայական մրցակցային նոր կանոններով, միջպետական համաձայնագրերով: Եվ դա այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել պետությունները:
Վերջնականապես աշխարհի երեսից կվերանան պատերազմները, համաճարակները: Ահաբեկչություն հասկացությունը անհասկանալի կդառնա մարդկանց, ինչպես որ հիմա անհասկանալի և անըմբռնելի են նախնադարի մարդկանց կյանքին ու կենցաղին առնչվող շատ հարցեր: Տարերային աղետների հետևանքով զոհվածներին կփոխարինեն սրվակներում ծնվելու հերթի դրվածները: Օլիմպիական խաղեր տեղի կունենան մարդկանց միջև, որոնք արտադրված են աշխարհի տարբեր արտադրական օբյեկտներում:
Մարդիկ կծնվեն ըստ նախապես որոշված, պատվիրված աչքի, մաշկի և մազերի գույների, հասակի և քաշի:
Երկրագունդն այլևս չի պտտվի կանանց շրջազգեստի շուրջ: Որպեսզի մերկապարանոց չհնչի խոսքս, ներկայացնում եմ նկարը, որտեղից պարզորոշ երևում է սրվակում արհեստական եղանակով ծնվող երեխան:
 
Ահա այսպիսի փորձանոթներում կարտադրվեն տարբեր նպատակների համար նախատեսված ապագա մարդիկ` կառավարիչներ, կառավարվողներ, սպառողներ, մատակարարներ, նորահայտ բազում մասնագիտություններով  ու  ծառայություններով զբաղվողներ, որոնք եթե փորձեն իրենց լիազորություններից դուրս գալ, գենետիկական գաղտնագրի ապահովիչը նույն պահին կգործի:
 
Մարդը ծնվում է առանց մորից սնվող պորտալարի: Մարդկության ապագան որոշողները դառնալու են այն մանկաբարձ գիտնականները, որոնց ստեղծած տեխնիկական նշտարները կտրելու են նոր ծնվողի (արտադրվողի) պորտալարը:
Մեր Ծիր Կաթին ուղեծիրը և դրա Երկիր մոլորակը թևակոխելու են նոր շրջափուլ:
Համոզված եմ, մոտ է այդ օրը: Եթե գիտությունն այսօր արդեն կարողանում է մեկ ուրիշ մոլորակի վրա աշխատող մեքենան կառավարել, երկնքի աստղերի կարկաչը լսել և տեսնել, արդեն պրիմիտիվ թվացող անօդաչու ինքնաթիռ կառավարել, ապա այդ խնդիրների լուծումները «նանո» և չգիտեմ ուրիշ ինչ անունով տեխնոլոգիաների կիրառմամբ հաստատ կգտնի: Մարդկությունը վերջապես ազատ շունչ կքաշի, կվերանան իշխող բռնակալական ռեժիմները՝ իրենց հետևանքներով հանդերձ:
Վերացած կլինեն նաև աշխարհի սահմանները, կլինի հաշտ ու խաղաղ մարդկություն, ինչը երազում էր հայ բանաստեղը:
Գուցե ոմանց թվա, թե այն ժամանակ կյանքը կդառնա անհետաքրքիր ու տաղտկալի, զուրկ բազմազանությունից ու բազմակարծությունից: Նման դեպքի համար են ասել` կապրենք, կտեսնենք: Սա գուցե հիպոթետիկ դատողություն համարեք, ոչինչ, ես հասկանում եմ ձեզ: Այո, մենք կապրենք այդ աշխարհում:
Ստորև կներկայացնեմ իմ փաստարկները։
Մարդու ստեղծագործական միտքը և երազանքը հավերժական են ու անսահման: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կդառնա օքեյ, դարձյալ կլինեն չլուծված խնդիրներ, դարձյալ կյանքը կշարունակվի հակադրությունների բախման միասնության և պայքարի օրենքներով, կլինեն բացասումներ և բացասման բացասումներ: Կլինեն երկրներ, որոնք կունենան մենաշնորհային դիրքի, միաբևեռ աշխարհի և գլոբալացման հանդեպ նկրտումներ: Նրանց նկատմամբ, անշուշտ, կկիրառվեն միջազգային օրենքներ և պատժամիջոցներ: Հակառակ դեպքում իսկապես միօրինակությունը, բազմազանության և բազմակարծության բացակայությունը աշխարհը կդարձնեն տաղտկալի և անհետաքրքիր: Դա արդեն իրենց խնդիրն է: Գուցե ոմանց թվա, թե ես հավակնում եմ փոխարինելու Միշել Նոստրադամուսին, Վանգելյա Վանգային, հայտնի և անհայտ պայծառատեսներին: Նախապես ասեմ, որ չեմ տառապում նաև հին աշխարհի մոգերի և քրմերի աստվածհաղորդության ներշնչանքով: Ես վերևների կամ տիեզերական ուժերի հետ ոչ մի առնչություն չունեմ: Վերևներ ասելով՝ ես նկատի ունեմ երկնքի տիրոջը, ոչ թե երկրների կառավարիչներին, որոնցից հաճախ հիասթափվել եմ:
Իմ այս կանխատեսումը խարսխված է ինձ ծանոթ, իրական թվացող գիտական հիմքերի վրա, ինչը և ներկայացրի: Չեմ կարծում, թե կհավատաք ինձ առանց տարակուսելու: Սակայն մի հարցի պատասխան, այնուամենայնիվ, չեմ գտնում․ այդ ինչպե՞ս եղավ, որ հարյուրավոր և հազարավոր տարիներ լսել և հավատ եք ընծայել «սրբերի», իրենց պայծառատես հորջորջած բախտախնդիրների տեսիլքներին ու մարգարեություններին, սպասվող աղետների, Նեռի հայտնության, աշխարհի վերջի մասին պատմություններին, ու չկատարվեց դրանցից ոչ մեկը ստույգապես, իսկ իմ այս դատողություններին չեք հավատում, որոնք ընդամենը գիտության զարգացման միտումներին հիմնված կանխատեսումներ են, որոնց հավատալու կամ չհավատալու որևէ պարտադրանք չկա ամենևին:
Անշուշտ, կառաջանան մի շարք հարցեր: Օրինակ`
Եթե մարդը ծնվելու է լաբորատորիայում և փորձանոթներում, որոնք հետո դառնալու են արտադրամասեր, արտադրական միավորումներ, ֆիրմաներ և հոլդինգներ, այդ դեպքում կվերանա արդյո՞ք սեքսը:
Հանգիստ մնացեք, հարգելի ցանկասեր, վավաշոտ, տռփասեր, տենչասեր հայրենակիցներ: Հարցն ունի միանշանակ մեկ պատասխան` ո՛չ, սեքսը չի վերանա: Նոր ծնված մարդիկ դարձյալ սեքսով կզբաղվեն, սակայն այդ սեքսը չի նախատեսված երեխա ծնելու համար, պարզապես մարդիկ սեքսով են զբաղվում հաճույք ստանալու համար, ինչն էլ ձեզանից շատերին խորթ չէ նաև այսօր: Կանայք կդադարեն այլևս 9 ամիս տևողությամբ կրել անհամար դժվարություններ՝ հանուն մայրության, իրենց ամուսիններին, ընտանիքներին, հանրությանը երեխա պարգևելու սրբազան պարտականության: Ես դեռ չեմ պատկերացնում, թե այդ աշխարհում, եթե կինը և տղամարդը կորցնելու են կյանքի վերարտադրման բնազդը, նրանք ինչ կյանքով են ապրելու: Սատանան գիտե:
     Գուցե մեր ընկալումներով դա արդեն մարդ կոչված էակների զգայականության, էմոցիաների աշխարհի այլասերո՞ւմ է, տերմինատորների ներխուժում մարդու աշխարհ, եթե իսկապես մեր ընկալումներով դեռևս մարդ պիտի կոչենք դրանց:
Ինձ համար դեռ հասկանալի չէ, թե այդ աշխարհում գոյություն կունենա՞ արդյոք սեր հասկացությունը, սիրո քրիստոնեական մեր ընկալումը, որի ճշգրիտ բացատրությունը մենք էլ չգիտենք: Գուցե նրանք չեն ընդունի մեր վերացական դատողություններն ու հասկացությունները:
Այսպես ծնվելով ու վերածնվելով՝ մարդկությունը ձգտում է անսահմանության: Նոր ծնվող երեխաները կլրացնեն մարդկանց թիվը, արդյո՞ք կգտնվեն նյութական բարիքներ նրանց գոյատևման համար:
Սա լուրջ հարց է, իհարկե: Մեր նախնիները երեխա ծնվելիս ուրախանում էին՝ չմտածելով նրանց պահելու հոգսերի մասին: «Երեխայի հետ ծնվում է իր «ղսմաթը»,- ասում էին նրանք: «Ղսմաթ»- ը թուրքերեն է: «Թուրքն անիծված է, բայց խոսքերն օրհնված են»,-       ասում են հայերը՝ մոռանալով, որ իրենց արյունից բացի թուրքին են տվել նաև իրենց իմաստությունները: Հայերը տարասեր (ալտրուիստ) ժողովուրդ են, նրանք կարող են անգամ ընդունել իրենց ոչնչացումը երազողների խոսքերը: Ղսմաթը երեխայի հետ է ծնվում, բնությունն ինքն է այդ խնդրի լուծումը գտնում: Չինաստանը, Հնդկաստանը վաղուց հատել են միլիարդի սահմանը, և այդ երկրներում ծնված երեխաները սովից չեն կոտորվում: Չմանրամասնենք, շատ հարցեր դեռ պատասխաններ չունեն, ինչպես ասում են՝ ջուրը չտեսած, չարժե բոբիկանալ:
Տիեզերքի և կյանքի ծագման գաղտնիքներն ուսումնասիրող աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ մարդկությանը չի հաջողվի Երկրի վրա ապրել ևս 1.000 տարի: Նա կարծում է, որ մարդկությունը կարող է փրկվել միայն մեկ այլ մոլորակ տեղափոխվելու դեպքում:
Ես, կարծես, լրացնում  եմ  նրա  միտքը, որը ոմանք կարող են ցնորք համարել: Եթե հարկ լինի՝ արհեստական ինտելեկտով մարդը, ճանաչելով տիեզերքի օրենքներն ու օրինաչափությունները, ժամանակավոր կամ մշտական բնակության համար կտեղափոխվի այլ մոլորակներ: Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ շարժվում, սա է հարատևության բանաձևը:
Ասում ենք` գործելու է հակադրությունների պայքարի և միասնության օրենքը, սակայն չեն լինելու ոչ պետություններ, ոչ իշխանություններ, ոչ ոստիկաններ, ոչ դատարաններ ու դատախազություններ, այդ դեպքում մարդիկ ո՞ւմ դեմ են պայքարելու, ո՞ւմ են հակադրվելու:
Այո, չեն լինելու պետություններ, իշխանություններ, բնականաբար, նրանց ծառայող ոստիկաններ, դատախազներ ու դատավորներ: Դեռ ավելին, չի լինի նաև մահ: Ի դեպ, Մահ- ը առաջացել է մեզ արդեն քաջածանոթ Ահ- ից, մ- ն ժխտական մասնիկ է, այսինքն՝ ահը ժխտող, վերացնող: Չեն լինի նաև Ահն ու Շահը, ինչու չէ նաև՝ Գահը, որոնց անհաշտության ու անհամաձայնության պատճառով են այս աշխարհում տեղի ունենում ավերածություններն ու թալանը, տիրանալու, վաղանցուկ կյանքը միայնակ կամ ընկերովի վայելելու հաճույքն ու կիրքը, ցոփությունն ու մոլուցքը: Թեև չի բացառվում, որ մարդուն չեն զրկի ինքնաոչնչացման, կամուրջներից ցած նետվելու իրավունքից և պահանջմունքից:Դա արդեն մեր պատկերացումներից դուրս է:
Այո, այո, մահ չի լինի, մեզանից ոմանք, եթե հասցնեն ընկնել այդ շրջափուլի մեջ, նրանք մահ չեն ունենա: Մի պրիմիտիվ դատողություն. մենք հաճախ ենք օգտագործում հետևյալ միտքը՝ « Անմահ է միայն Աստվածը»: Ոմանք էլ ասում են՝ «Աստված ամեն մի մարդու մեջ է». մարդը կա, Աստված էլ կա: Մարդը մահացավ` Աստվածն էլ իր հետ մահանում է: Եթե Աստվածն անմահ է, ինչու Մարդը պիտի մահանա: (Չնայած երբեմն որոշ մարդկանց մենք աստվածացնում ենք:) Ուրեմն՝ մարդն այլևս չի մահանա: Եզրակացություն՝ Մահվան պատճառով է, որ Մարդն այսպես անկանխատեսելի ու անկառավարելի է դարձել: Մահից Ահ չունեցողը ուրիշ կյանքով կապրի, ինչը մենք չենք հասկանում կամ պատկերացնում:
Վերևում հնչող հարցի երկրորդ մասի վերաբերյալ ասեմ, որ Տիեզերքի համար մեծ բան չէ անթիվ անհամար Մարդ բնակեցնելն իր մեջ: Ոչ մեկն էլ սոված և բոկոտն չի մնա, չկասկածեք:
Ինչ վերաբերում է հակադրությունների պայքարի և միասնության օրենքին, ասեմ, որ այն կգործի, կգործի այլմոլորակայինների դեմ կռիվներում, որոնք արդեն այդ ժամանակ զարգացման իրար համապատասխան (ադեկվատ) փուլերում կլինեն: Հիմա էլ կարող էր լինել այդ կռիվը, պարզապես այլմոլորակայինները, տեսնելով իրենց համեմատ մեր ցածրագույն մակարդակը, չեն ուզում մեզ հետ գլուխ դնել, ինչպես որ փղերը կռվի մեջ չեն մտնում շնիկների դեմ: Մենք դեռևս իրենց արժանի հակառակորդներ չենք:
Իմ պատկերացրած նոր աշխարհում կլինե՞ն արդյոք բանաստեղծներ, երաժիշտներ, նկարիչներ, թատրոն, կինո, ծաղրածուներ ու ողբերգակներ: Թե՞ ամեն ինչ ստանդարտացման է ենթարկվելու:
Բոլորն էլ կլինեն, անշուշտ, միայն թե մեր այսօրվա մարդկանց համար դրանք կլինեն անհասկանալի ու անըմբռնելի: Նրանց ստանդարտները չեն համապատասխանի մերին:
Բանաստեղծներ հաստատ կլինեն: Գուցե այդ աշխարհում չի լինի Հովհաննես Թումանյան հայ բանաստեղծը, ով իր «Թագավորն ու չարչին» պոեմում կգրի.
Քանի դեռ կա շահ ու գերի, ստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վրա ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր:
Կծնվեն բանաստեղծական ուրիշ տողեր, որոնք մեզ անհասկանալի կթվան:
- Ոմանք իմ այս դատողությունները ցնորամտություններ կկոչեն, կասեն, հավանաբար, ուտոպիստ-սոցիալիստների կամ իմ ապրած ժամանակների կոմունիստների գաղափարաբանությամբ են վարակված:
Սա ցնորամտություն չէ: Եվ եթե ցնորք է, ապա պակաս ցնորք, քան դուք տեսնում եք ամեն անգամ, երբ կառավարությունները ձեզ ծրագրեր, խոստումներ, իրապատում և հրաշապատում հեքիաթներ են ներկայացնում, որոնց մանկամիտ երեխայի միամտությամբ, ծափիկ-ծափիկներ տալով հավատում, ձեր ուժերն ու միջոցները տալիս եք նրանց, վերջում որպես իրականություն չտեսնելով այդ ամենը, հուսահատվում, զայրանում, անիծում և կրկին պատրաստվում եք նոր ցնորքներով ապրելու: Նրանց դուք երազողներ կամ ֆանտազյորներ չեք համարում, չեք պատժում․ լավագույն դեպքում պաշտոնազրկում կամ մեկ այլ պաշտոնի եք փոխադրում: Հասկանալի է, երազելու համար մարդուն պատիժ չի նախատեսված: Ընդունեք նաև, որ աշխահի վրա ապրելու իրավունք ունեմ նաև ես և ինձպես ուրիշներ, ովքեր թեև փոքր մարդիկ են, սակայն ունեն մեծ երազանքներ: Այդպիսի մարդիկ այս հողագնդի վրա նախկինում էլ են ապրել, ում ցնորքներ թվացող երազանքները հետագայում իրականություն են դարձել:
Ինչ վերաբերում է կոմունիզմին, ապա այդ բառն ընդհանրապես հանեք ձեր բառապաշարից: Ի «շնորհիվ» (ավելի ճիշտ՝ պատճառով) ապիկար Լենինի և առավել ապիկար ու դաժան նրա զինակիցների, կոմունիզմ հասկացությունն այնպես վարկաբեկվեց, որ այդ բառը մարդկությունը դեռ երկար ժամանակ ի վիճակի չէ նորից լսելու:
Պետք է ասեմ, այս աշխարհ դեռ նոր մուտք գործած Հոմո ցեղի նեանդերթալյան մարդկանց գլխում անգամ ԿՈՄՈՒՆԻԶՄ եղել է: Նրանք այն իրագործել էին նախնադարյան համայնական հասարակարգում ( ի դեպ, համայնական բառից է առաջացել կոմունիստականը): Ճիշտ է, այդ գաղափարը փորձեցին իրագործել նաև անցած դարի 70 տարիների ընթացքում, սակայն ապաշնորհ, անազնիվ, տգետ մարդուն ինչ գաղափար էլ տաս՝ փչացնում, վարկաբեկում է:
Այդ գաղափարը հնարավոր էր իրագործել միայն առաջադեմ, բարձր զարգացում ունեցող երկրում, բայց ոչ ետամնաց մի երկրում, ինչպիսին էր Եվրոպայի ժանդարմ համարվող Ռուսաստանը, որը կոմունիզմ էր պարտադրում սովահար, անգրագետ և խավարի մեջ խարխափող մուժիկներին: Այդ գաղափարի  հիմնադիրները՝  գերմանացի  Մարքսն ու Էնգելսը, ուսումնասիրել, վերլուծել էին իրենցից առաջ եղած ուտոպիստ-սոցիալիստների ուսմունքները, տվել այն իրագործելու, մեր լեզվով ասած՝ ճանապարհային քարտեզը: Նրանք սակայն հաշվի չէին առել կարևոր, շատ կարևոր մի բան, որ այդ քարտեզն ընկնելու էր Լենինի, Ստալինի և նրանց հաջորդողների ձեռքը: Այդ գաղափարը իրագործելի է: Սակայն, նորից եմ կրկնում, ոչ թե ետամնաց երկրում կամ դրան ենթակա կախյալ կամ կիսակախյալ որևէ այլ երկրում, այլ գիտական, տնտեսական, մշակութային մեծ ներուժ ունեցող երկրներում, որոնց ամեևին էլ պարտադիր չէ, որ կոչեն կոմունիստական կամ ժողովրդավարական, նացիոնալիստական կամ ինտերնացիոնալիստական, կապիտալիստական կամ սոցիալիստա կան, քրիստոնեական կամ իսլամական:
Ավելի հիմնավոր և գիտականորեն մշակված գաղափար, քան կոմունիզմի գաղափարն է, մարդկության պատմության մեջ չի եղել երբևէ: Դուք այն չեք տեսել և չեք կարող պատկերացնել: Ձեզ ներկայացվածը ոչ թե կոմունիզմն էր, այլ դրա ծաղրանկարը:
Ոմանք էլ կասեն, որ իմ այս գաղափարները պրիմիտիվ (պարզունակ) են և ոչ մեկի կողմից չեն ընդունվելու, իզուր ժամանակ եմ կորցրել, թուղթ մրոտել:
Ասում եք պարզունա՞կ է այս գաղափարը: Բայց համաձայնեք, որ սովորաբար ամենապարզից է ծնվում բարդը: Մարդը քարից զենք և գործիք շինեց, նույնպես պրիմիտիվ էր: Ձեռքի տակ ուրիշ բան չուներ խեղճ մարդը: Հետո մարդը ստեղծեց անիվ: Դա նույնպես պրիմիտիվ էր: Անիվը սայլի, ֆուրգոնի, ավտոմեքենայի, գնացքի տակ դրեց: Անիվի վրա տեղադրված բեռն երբեմն ձայնից էլ արագ սլացավ: Մարդը փետրահան արված հավից պոկված փետուրը վերև նետեց ու զարմանքով տեսավ, որ այն թռչում, հեռանում է: Այս պրիմիտիվ փետուրին նայելով՝ մարդն ինքնաթիռ, հրթիռ, տիեզերանավ ստեղծեց:
Այդպես պրիմիտիվ, պրիմիտիվ քայլեր կատարելով՝ մարդկությունն ընթանում է սպիրալի վերընթաց պարույրների միջով դեպի առաջ և դեպի վեր:
Ինչո՞ւ եմ կարծում, որ մարդկությունը պիտի շեղվի իր ճանապարհից, ընթանա իրեն անծանոթ, չստուգված, չփորձարկված իմ նշած ուղիով:
Ստիպված է: Մարդկությունը տարեց- տարի, դարե-դար, հազարամյակ առ հազարամյակ թաղվում է նոր մեղքերի մեջ: Քրիստոնեությունը, կրոններն առհասարակ, հենց այնպես, հոգևորականների համար աշխատատեղ բացվելու համար չէին ստեղծվել: Մարդկությունը պիտի ունենա քաջություն, սթափություն և մեծ, տիեզերածավալ կամք՝ ապաշխարությամբ իր մեղքերից ազատվելու, նորերի մեջ չհայտնվելու: Ապաշխարությամբ չի ավարտվում աշխարհի կատարելությունը: Դրան հասնելու ճանապարհներ   շատ   կան:   Դրանցից   մեկը՝   մեղսագործությունից «հրաժարվելով՝ հրաժարվելն» է:
Գուցե կլինեն մարդիկ, ովքեր կասեն. «Սա գրքի թեմա չէ, սա ընդամենը համացանցային ֆեյքերով մեզ առաջարկվող հերթական արկածախնդրություն  է:  Եթե  սա  է  ձեր  երազած  երկիրը,  մենք հրաժարվում ենք այդ երկրում ապրելու մտքից, կմնանք մեր երկրում»: Մնացեք, ապրեք ձեր երկրում: «Ֆուլ հաուս», «Կարգին սերիալ» դիտեք, Ազգային ժողովների, դումաների, մեջլիսների ծեծկռտուքներով զվարճացեք: Դա ձեր բազում իրավունքներից մեկն է միայն, մի մոռացեք, սակայն,  որ  դուք  ունեք  նաև  պարտականություն,  ընդամենը  մեկ պարտականություն`  ԱՊՐԵԼՈՒ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:  Ինչո՞ւ  ապրել, ինչպե՞ս  ապրել,  ինչքա՞ն  ապրելու  պարտականություն:  Իսկ  ապրելու համար պետք է նաև վաղվա օրվա մասին մտածել, մտածել ու երազել:
Երազանքից է ծնվում  իրականությունը:
 
Հատված ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (լրագրող, հրապարակախոս, Հրազդան TV հիմնադիր-տնօրեն) 
«ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ» գրքից
 
 
 
 
 

 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play