«Էդմոն Մարուքյանի հայոց լեզվի նոր բացատրական բառարանը և ժողովրդական «սխալ» ընկալումը». Արտակ Գալստյան


«Էդմոն Մարուքյանի հայոց լեզվի նոր բացատրական բառարանը և ժողովրդական «սխալ» ընկալումը». Արտակ Գալստյան

  • 13-05-2020 12:54:05   | Հայաստան  |  Իրավունք

Երբ Վարդան Օսկանյանը Եվրոպայում հայտարարեց, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և ժողովրդական հուզում բարձրացավ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ժողովուրդը սխալ է հասկացել Օսկանյանին, պարզաբանելով, որ օկուպացված ասելով Օսկանյանը նկատի է ունեցել, զբաղված բառը և որպես օրինակ բերեց ինքնաթիռի զուգարանի դռան վրա գրվածը, երբ ներսում մարդ կա, այսինքն զբաղված է, ապա այդ դեպքում վրան գրված է օկուպացված:
 
Երբ Սերժ Սարգսյանը փոխում էր սահմանադրությունը և կիսանախագահական կառավարման համակարգը դարձնում էր խորհրդարանական, հայտարարեց, որ ինքը երբեք չի հավակնելու ՀՀ Վարչապետի պաշտոնին:
Հետագայում պարզվեց, որ ժողովուրդը կրկին սխալ է հասկացել և Վարչապետի պաշտոնին չհավակնելը, դա դեռ չի նշանակում որ չի ցանկանում դառնալ և չի դառնա:
Նույն կերպ ժողովուրդը սխալ հասկացավ և Ռոբերտ Քոչարյանի մարտի մեկի սպանդը որակեց որպես սպանություն, մինչդեռ մեզ 10 տարի բացատրեցին, որ դա մարդասիրական քայլ էր:
Ժողովուրդը այդպես էլ չհասկացավ, որ կարելի է հաղթել թշնամուն 800 հեկտար հող նվիրելով, իսկ այ եթե մի 20 հազար հեկտար տանուլ տաինք, ապա հաղթանակը կլիներ լիակատար:
Փաստորեն արձանագրենք, որ նախկինների և ժողովրդի միջև առկա է, ոչ միայն սոցիալական, այլ նաև լեզվական, բառերի ընկալման իմաստային անդունդ:
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, որպես իմ կարծիքով, որպես նախկինների գործի իրավահաջորդ, օրերս շարունակեց այդ ավանդույթը, և բուն իմաստով հաստատեց իմ վերը նշված վարկածը:
 
Այսպես՝
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում Ալեն Սիմոնյանին անվանեց անբարոյականի վաստակ:
Ժողովուրդը տրամաբանորեն դա ընկալեց, որպես Ալեն Սիմոնյանի ծնողների հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանք, բայց պարզվեց որ ժողովուրդը կրկին սխալվել է:
Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերով պարզաբանեց՝ քանի որ ինքը համարում է, որ Ալեն Սիմոնյանը իր քաղաքական կշիռը՝ վաստակը ձեռք է բերել անբարոյականության միջոցով, ապա նա անբարոյականի վաստակ է, այսինք Ալենի ծնողներին նկատի չի ունեցել, այլ նրա քաղաքական վաստակը:
Այնուհետև Էդմոնի եղբայրը, սեռական բնույթի հայհոյանք տեղադրեց համացանցում, Սասուն Միքայելյանի ծնողների հասցեին, բայց պարզվեց որ բացառապես նրա ծնողներին նկատի չի ունեցել, ավելին երկու եղբայր Սասունի ծնողներին համարեցին որպես իրենց սրբություն, դրանով իսկ արձանագրեցին, թե ինչպես են իրենք դիմում իրենց ընտանիքներում, իրենց սրբություններին:
Այնուհետև երկու եղբայր ակնարկեցին, որ իրենք հզոր են, որ Սասունի ամեն ենթադրյալ հարվածին կպատասխանեն տաս անգամ ավել, որ Սասունի ամեն երկրապահի դիմաց կհանեն 40 անգամ շատ մարդ:
Վերջում էլ պարզվեց, որ եղբայրների 10 անգամ ավել հուժկու հարվածը, երկրապահից էլ 40 անգամ ավել ենթադրյալ բանակն էլ, դա ընդամենը Սերժի սիրելի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, որին էլ գլխապատառ դիմեցին եղբայրները, որպեսզի օգնի իրենց խուսափել պատասխանատվությունից:
Էդմոն Մարուքյանի այս բացատրությունները ստեղծում են հետևյալ իրավիճակը:
1. Քանի որ քաղաքական գործչի վարկանիշը, կշիռը հասարակության մեջ ամրագրվում է ընտրության արդյունքներով, ապա ստացվում է, որ Էդմոն Մարուքյանը խոստովանում է, որ անբարոյական է անվանել Ալեն Սիմոնյանի ընտրողներին, որոնց թիվը եթե չեմ սխալվում 15.000-ից ավելի են:
2. Էդմոն Մարուքյանը աներկբա ընդունում է, որ եթե վաղը, ցանկացած անձ, ով կենթադրի, որ դիցուք ինքը, իր քաղաքական կշիռը, վարկանիշը՝ վաստակը ձեռք է բերել անբարոյական ճանապարհով, ապա նույնպես իրավունք ունի իրեն անվանել անբարոյականի վաստակ և դա ոչ մի կերպ չի կարող իր կողմից դիտարկվել, որպես ծնողի հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանք:
Այսօր համացանցում և պետության առաջին դեմքերի մակարդակով շրջանառվող լուրերից հավաստի կասկած է ստեղծվում առ այն, որ Էդմոն Մարուքյանը իր քաղաքական կշիռը, վարկանիշը ՝ վաստակը ձեռք է բերել սկզբում Ռոբերտ Քոչարյանի, այնուհետ Սերժ Սարգսյանի, Ֆլեշի Բարսեղի և Միքայել Մինասյանի շնորհիվ, ընդ որում այդ ամբողջ վաստակը ձեռք բերելու ժամանակահատվածում լինելով <<ընդիմադիր >>:
Իմ և կարծում եմ ժողովրդի մեծամասնության կարծիքով, եթե վերը նշվածը ճիշտ է, ապա կարելի է հավաստի կասկած հայտնել, որ Էդմոն Մարուքյանը իր քաղաքական վաստակը ձեռք է բերել անբարոյական ճանապարհով:
Այստեղից բխում է, որ ես, եթե աներկբա հավատամ Էդմոն Մարուքյանի հայերեն բացատրական բառարանին, ապա կարող եմ հավաստի կասկածի մակարդակով նրան անվանել անբարոյականի վաստակ, առանց մտավախություն ունենալու, որ նա, կամ նրա ընտանիքից, կուսակցությունից որևիցե մեկը, դա կարող է ընկալել որպես սեռական բնույթի հայհոյանք, վիրավորանք, առավել ևս նրանց ծնողների հասցեին:
Բայց քանի որ ես հայ մարդ եմ, տիրապետում եմ մայրենի լեզվին, ապա ես Էդմոն Մարուքյանին անբարոյականի վաստակ չեմ անվանի, խորհուրդ չեմ տա նաև, որևիցե մեկին նրան այդպես անվանել, քանի որ համոզված եմ, որ դա սեռական բնույթի հայհոյանք է, ուղղված հասցեատիրոջ ծնողներին, բացի այդ դա անմեղ տեղը կվիրավորի այն 4554 քաղաքացիներին, ովքեր որ իմ կարծիքով, բարեխիղճ մոլորության մեջ գտնվելով ձայն են տվել հայոց լեզվի նոր բացատրական բառարանի հեղինակ, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին:
Առողջ եղեք և համբերատար:
 
իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք