ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սադրանք է տեղի ունեցել. Արման Բաբաջանյան


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սադրանք է տեղի ունեցել. Արման Բաբաջանյան

  • 14-05-2020 12:11:38   | Հայաստան  |  Քաղաքական

 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որտեղ վերջինս խստորեն դատապարտում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սադրանքը:
 
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
 
«Երեկ ուշ երեկոյան տհաճ միջադեպ է տեղի ունեցել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ վերջինս ուղղակի ներքաշվել է այդ միջադեպի մեջ: Դատելով տարածված ձայնագրությունում հնչող խոսքից` սփյուռքահայ մի երիտասարդ ակնհայտ ագրեսիվ վարքագծով մոտեցել է Զոհրաբ Մնացականյանին` նրան հարցեր ուղղելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային-փաթեթային տարբերակների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ:
 
Տեսանյութում պարզորոշ երևում է, սակայն, որ այդ երիտասարդի նպատակը ոչ թե իր տված հարցերի պատասխանները ստանալն էր, այլ արտգործնախարարին հունից հանելը, ինչը մասամբ նրան հաջողվում է:
 
Հետևաբար տեղի ունեցածը պետք է գնահատել որպես սադրանք Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ: Կատարվածը կարելի էր համարել սովորական միջադեպ, եթե չլիներ այն քաղաքական լայն համատեքստը, որն առկա է վերջին շրջանում: Խոսքը տարբեր միջադեպերի, քաղաքական ու կենցաղային սադրանքների միջոցով երկրում անկայության արհեստական մթնոլորտ ձևավորելու փորձերի մասին է: Մեծ հավանականությամբ, Զոհրաբ Մնացականյանի հետ կատարվածը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում և բացառված չէ անգամ, որ կազմակերպված լինի այն ուժերի կողմից, որոնք շահագրգիռ են Հայաստանում անկայունություն կամ անկայունության պատրանք ստեղծելու հարցում:
 
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում առաջիկայում լինել առավելագույնս զգոն ու չտրվել նման սադրանքների, որոնք այդպիսիք, ամենայն հավանականությամբ, դեռևս տեղ են ունենալու մեր կյանքում»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play