Նիկոլ Փաշինյանը փոխում է ստատուս-քվոն. նոր որոշում ԱԱԾ վերաբերյալ


Նիկոլ Փաշինյանը փոխում է ստատուս-քվոն. նոր որոշում ԱԱԾ վերաբերյալ

  • 19-05-2020 18:22:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, իսկ նոր պետ է նշանակվել Արթուր Պողոսյանը, որը մինչ այդ եղել է Շիրակի դատախազի տեղակալի պաշտոնը: Այդ հնարավոր փոփոխության մասին մամուլը գրում էր արդեն մի քանի օր, ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումից հետո: Ըստ մամուլի հրապարակումների, Արթուր Պողոսյանը Արգիշտի Քյարամյանի նախկին գործընկերն է:
 
Գործնականում, Քյարամյանին ՊՎԾ պետի պաշտոնից ԱԱԾ պետի տեղակալի պաշտոն տեղափոխելու քաղաքական որոշումից հետո վարչապետ Փաշինյանն ըստ ամենայնի ձեւավորում է որոշակի «թիմ»: Դա կարող է ունենալ իր տրամաբանությունը, հաշվի առնելով այն, որ Քյարամյանի նշանակումն ակնհայտորեն միտված էր ԱԱԾ համակարգում վարչապետ Փաշինյանի անձնական ներկայությունն ուժեղացնելուն: Ըստ այդմ, դա չի կարող հիմնվել մեկ մարդու վրա:
 
Թե ինչն է նպատակը, հնարավոր է ենթադրել, որովհետեւ նպատակների, կամ ավելի շուտ շարժառիթների շարքում կարող են լինել ինչպես ներքին իրավական եւ քաղաքական, այդպես էլ արտաքին խնդիրներ: Ավելին, Հայաստանում ներքաղաքական կյանքը սովորաբար աշխուժացել եւ աշխուժանում է արտաքին ուղիղ թե անուղղակի ազդակների ներգործությամբ:
 
Այդ համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն անշուշտ առանցքային օղակ է, որի կանխատեսելիությունն ուղղակիորեն առնչվում է ոչ միայն իրավիճակի կառավարելիության, այլ Հայաստանի ինքնիշխանության ու ներքին կայունության խնդիր:
 
Միաժամանակ, ի վիճակի՞ են նոր նշանակված երիտասարդները լուծել այդօրինակ խնդիրներ: Պետք չէ բացառել իհարկե, որ դրանք դրված են ոչ անմիջապես նոր կադրերի վրա: Խնդիրը թերեւս այսպես ասած աշխատանքի բաժանում իրականացնելն է, քանի դեռ ԱԱԾ-ում տեղի չի ունեցել գործառույթների բաժանում, երբ կառույցը կզբաղվի գերազանցապես հետախուզական եւ հակահետախուզական հարցերով:
 
ԱԱԾ ղեկավար կազմում կադրային շատ թե քիչ մասշտաբային լուծումների փուլը 2016 թվականին էր, Երեւանում հուլիսյան դրամատիկ իրադարձություններից հետո: Մինչ այդ, 2016-ի փետրվարին Սերժ Սարգսյանը ԱԱԾ պետ էր նշանակել համակարգի համար դարձյալ երիտասարդ եւ «օտար» Գեորգի Կուտոյանին: Հնարավոր է, որ դրան հաջորդելու էին այլ լուծումներ, սակայն եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը, իսկ հետո էլ՝ հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը:
 
Այդ իրավիճակի հանգուցալուծումից հետո էլ տեղի ունեցան կադրային որոշակի փոփոխություններ, ազատվեց ԱԱԾ պետի առաջին տեղակալը, ի դեպ ազատվեց նաեւ քննչական վարչության պետը:
 
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը փորձում է կադրային փոփոխություններով նոր հարաբերակցություն ձեւավորել ԱԱԾ-ում, մինչ որեւէ անսպասելի փաստի առաջ կանգնելը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play