27-ամյա երիտասարդը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով


27-ամյա երիտասարդը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

  • 20-05-2020 17:55:29   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում, նույն քաղաքի Արցախ պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17.00-ին 27-ամյա երիտասարդին իրավախախտում կատարելու համար բերման էր ենթարկել, վիճաբանել և քաշքշել է վերջինիս՝ նշված միջադեպի հետ կապված,  բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել փախուստի:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ոստիկանը տուժող է ճանաչվել:
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Առգրավվել է տուժողի ծառայողական համազգեստը և տարբերանշանը, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
 
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը ձերբակալվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է։
Նոյյան տապան  -   Իրավունք