Ո՞վ է խաբում վարչապետին


Ո՞վ է խաբում վարչապետին

  • 22-05-2020 14:10:58   | Հայաստան  |  Հասարակություն

ԼԱՎ ԱՅՍ ՄԱՌԱԶՄԸ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԿԱՄ Ո՞Վ Է ԽԱԲՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
 
Տեղեկացա, որ Արդարադատության Նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին , որպեսզի պարզի թե արդյոք ԱԺ-ն կարող է չեղարկել նախորոք նշանակված հանրաքվեն թե ոչ, և արդյոք սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել ԱԺ-ի միջոցով թե ոչ:
Հիշեցնեմ, սահմանադրական ճգնաժամը վերաբերվում է հանրաքվեի դրված հարցին, այն է սահմանադրության անցումնային դրույթներում փոփոխություն կատարելուն, որով ի չիք է դառնում Հրայր Թովմասյանի և մյուսների ցմահ պաշտոնավարումը ՍԴ-ում:
Տեղեկացա նաև, որ ամենաարագ պատասխանը Վենետիկի հանձնաժողովից սպասվում է լավագույնը հունիսի վերջին:
Անկեղծ ասած զարմացած եմ երկրի համար այս կարևորագույն հարցը Վենետիկի հանձնաժողովին դիմելու պատրվակով, կրկին ձգձգելուն ուղղված այս իրավաբանական մառազմից, այն դեպքում, երբ այս իրավիճակը հստակ կարգավորված է սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգ և Հանրաքվեի մասին սահմանադրական և Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքներով, որոնցից էլ բխում է, որ ՍԴ-ի ճգնաժամը պետք է լուծվեր ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ հենց ԱԺ-ի և դեռևս կես տարի առաջ և ընդ որում, առանց 3.5 միլիարդ դրամ հանրաքվեի անցկացմանը գումար տրամադրելու:
Նախ առաջինը, արդյո՞ք սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը ենթակա էր հանրաքվեի:
Միանշանակ ոչ, քանի որ սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ թվարկում է սահմանադրության այն հոդվածների ցանկը, որոնց փոփոխությունները պետք է իրականացվեն հանրաքվեի միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վերը նշված հոդվածով չնախատեսված հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ եթե նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
Մեր դեպքում ՝ սահմանադրության 213-րդ հոդվածը ներառված չէ սահմանադրության 202-րդ հոդվածի ցանկում, բացի այդ առաջարկվող փոփոխությունը ԱԺ-ի կողմից չի մերժվել, այլ ընդհակառակը՝ ԱԺ-ն չի իրականացրել Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունը և խուսափելով դրանից, հարցը դրել է հանրաքվեի:
Այսինքն սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը հանրաքվեի դնելը անօրինական է, այն պետք է փոփոխի ԱԺ-ն, որի լիազորությունը ունի:
Ինչ վերաբերվում է մեր վայ իրավաբանների այն արդարացմանը, որ ԱԺ-ով սահմանադրական փոփոխությունը իրականացնելու դեպքում պարտադրված պետք է դիմեին ՍԴ եզրակացություն ստանալու համար, ապա այն նույնպես հիմնազուրկ է, հետևյալ պատճառաբանությամբ՝
Ըստ սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասի, ՍԴ-ն ունի լիազորություն մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշել դրա համապատասխանության հարցը Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի 22-րդ հոդվածի ՍԴ-ն իրավասու է գործ քննել միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
Ըստ Սահմանադրության 169-րդ հոդվածի ՝ 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը:
Ըստ Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի ԱԺ-ն մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ընդունելը քվեարկության է դնում, դրա սահմանադրության համապատասխանությունը պարզելու համար ՍԴ դիմելու հարցը:
Եթե ԱԺ-ն որոշում է դիմել ՍԴ. Ապա դիմում են, իսկ եթե որոշումը չի ընդունվում ապա չեն դիմում:
Այսինքն, ԱԺ-ն, որտեղ առկա են իշխանության 88 պատգամավոր, կարող է հանգիստ ներկայացնել սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության նախագիծը, դնել քվեարկության ՍԴ դիմելու հարցը, նման որոշում չնդունել և կատարել փոփոխությունը և սրա համար ամենևին Վենետիկի հանձնաժողով դիմելու, կամ հանրաքվե անելու. 3.5 միլիարդ դրամ ծախսելու կարիք չկա:
Անդրադառնամ նաև, թե նախօրոք նշանակված հանրաքվեն կասեցված է թե օրենքի ուժով չեղարկաված է հարցով Վենետիկի հանձնաժողովին դիմելու աբսուրդին:
Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը, որը ընդունվել է 23.03.2018թ-ին և ուժի մեջ է: 09.04.2018 -ից, ունի 6-րդ հոդված, որը հստակ պատասխանում է այդ հարցին:
Հոդված 6-ի 1-ին մասը արգելում է հանրաքվեի անցկացումը արտակարգ դրության ժամանակ, որը այժմ հայտարարված է ՀՀ-ում:
Նույն հոդվածի 2-րդ մասը սպառիչ կերպով սահմանում է, ընդամենը մի դեպք, որի առկայության դեպքում, հանրաքվեն կասեցվում է և վերսկսում արտակարգ դրության վերացումից հետո, այն է՝ արտակարգ դրությունը պետք է հայտարարված լինի, հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, բայց մինչև ՀՀ Նախագահի կողմից հանրաքվե նշանակելը:
Մեր դեպքում արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ Նախագահի կողմից հանրաքվե նշանակելուց հետո:
Պետք չէ լինել փայլուն իրավաբան, որպեսզի հասկանալ, որ ՀՀ ում նշանակված հանրաքվեն, չի կարող լինել կասեցված և չկա իրավական ճանապարհ այն վերսկսելու համար:
Արտակարգ դրության հայտարարմամբ հանրաքվեն չեղարկվել է օրենքի ուժով և դրա համար ԱԺ որոշում պետք չէ, այդ փաստը պետք է արձանագրեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Առավել աբսուրդ է այդ հարցով Վենետիկի հանձնաժողովին դիմելը, երկիրը խայտառակ անելը և ՍԴ-ի ներկա կազմի կյանքը երկարացնելը:
Այն որ Վարչապետը հաստատակամ է ՍԴ-ի հարցը լուծելու գործում, դա հանրահայտ փաստ է:
Այստեղ հարց է առաջանում, ո՞վքեր են այն իրավաբանները, ովքեր կես տարուց ավել մոլորության մեջ են դրել Վարչապետին, համոզել են նրան, որ Սահմանադրությունը և օրենքները թույլ չեն տալիս ԱԺ-ի միջոցով լուծել ՍԴ-ի հարցը, դրանով իսկ երկիրը տարան հանրաքվեի, ստեղծեցին նախադրյալներ 3.5 միլիարդ դրամ անիմաստ ծախս կատարելու համար, իսկ հիմա էլ համոզել են Վարչապետին դիմել Վենետիկի հանձնաժողով և կրկին սպասել:
Կարծում եմ, այդ վայ իրավաբանների միակ նպատակը ՍԴ-ի այսօրվա կազմի կյանքը երկարացնելն ու երկիրը անդադար ցնցումների մեջ պահելն է:
Իսկ թե ում է դա ձեռնտու, կարծում եմ հայտնի է բոլորին:
Առողջ եղեք և թող Աստված մեզ հեռու պահի նման իրավաբաններից :
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play