ԱԺ նախագահը կառավարության ներկայացուցչին հորդորեց պահպանել ԱԺ ներքին հարցերին չմիջամտելու ավանդույթը. ՀԺ


ԱԺ նախագահը կառավարության ներկայացուցչին հորդորեց պահպանել ԱԺ ներքին հարցերին չմիջամտելու ավանդույթը. ՀԺ

  • 03-06-2020 15:52:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մենք առաջակություններ չունենք, սակայն կան որոշակի դրույթներ, որոնց վերաբերյալ մտահոգություն ենք հայտնել, կամ խնդրահարույց իրավակարգովորումներ են մեզ համար։
 
Այս մասին այսօր «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Ներկայացնելով կառավարության դիրքորոշումը՝ Դանիելյանը հայտարարեց՝ իրենց համար ընդունելի է, որ հանձնաժողովի անդամներին որոշակի իրազեկվածություն ապահովվի, նաեւ, որ ամփոփ հաշվետվություն ներկայացնի, սակայն նա շեշտեց, որ մտահոգիչ է հատկապես հանձնաժողովի աշխատանքների քվորումի պահանջի փոփոխությունը՝ մեկ քառորդից առնվազն կեսի չափով, որը քաղաքական բոյկոտի գործիք կարող է հանդիսանալ եւ արհեստականորեն խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքները։ Նա ասաց, որ քաղաքական բոյկոտը որեւէ կերպ չպետք է առիթ հանդիսանա, որ հանձնաժողովի նիստերը չկայանան։
 
Մյուս հարցը, որը, փոխնախարարի կարծիքով, գլխավորն էր, վերաբերում է հանձնաժողովի նախագահի եւ խմբակցության ղեկավարի նոր՝ խորհրդականի հաստիքին։ «Այստեղ գրված է, որ մենք ունենք պետական ուռճացված համակարգ ու նպատակ ենք դրել ճկուն, ծախսարդյունավետ, դինամիկ եւ մրցունակ պետական կառավարման համակարգ ստեղծելու, ինչը ենթադրում է ֆունկցիաների կրկնության բացառում»,- ասաց Դանիելյանը՝ շարունակելով, որ այս հաստիքների ստեղծումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի։
 
Այս ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կա մի չգրված ավանդույթ, այն է՝ գործադիրի անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները, որպես կանոն, ձեռնպահ են մնում ԱԺ կանոնակարգ օրենքի այն փոփոխություններին, որոնք վերաբերում են ԱԺ ներքին աշխատանքների կազմակերպման գործընթացին։ Այնուհետեւ հավելեց, որ, իր կարծիքով, սա շատ գեղեցիկ ավանդույթ է, եւ պետք է հնարավորինս պահպանել այն։ «Եվ կարծում եմ, որ պետական կառավարման համակարգի վերաբերյալ ուռճացվածության դատողություններին, բյուջեի, ստեղծված այլ հանգամանքների մանրազնին վերլուծությունը կարելի է սկսել այլ գերատեսչություններից»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ սա ասում է, որովհետեւ խորհրդարանն ընդգծված հարգանքով է վերաբերվում կառավարության մասնագիտական դիրքորոշմանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play