Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ.ՀԺ
06-06-2020 14:35:55 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը, գրում է asbarez.com-ը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, ինչպես նաև պալատի անդամ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ այս օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ներգրավելու համար։
Կոլորադոյի նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դանեյա Էսգարը Twitter-ում հայտնել է, որ «երբեք չէր լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին իրեն պատմել է հայ ընկերը»։
«Նա չէր հասկանում, թե ինչու մենք երբեք չենք խոսում իր ժողովրդի ցեղասպանության մասին: Այդ վայրագությունների մասին սաներին պատմելը մեզ համար չափազանց կարևոր է», - հավելել է Էսգարը։
Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը: