Գագիկ Ծառուկյանի առանցքային որոշումը. Վտանգավոր ճամփաբաժանին


Գագիկ Ծառուկյանի առանցքային որոշումը. Վտանգավոր ճամփաբաժանին

  • 16-06-2020 10:30:29   | Հայաստան  |  Վերլուծություն

Խորհրդարանն այսօր քննարկելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Նրան կարող են ներգրավել որպես մեղադրյալ, հետո կալանավորել: ԲՀԿ նախագահի քաղաքական խնդիրները սակայն շատ ավելի խորն են, քան այն հեռանկարը, որ կարող է սպասել նրան քրեական գործերով: Ավելին, այդ գործերը նրան կարող են անգամ հերոսացնել որոշակի հանրային խմբերում, դարձնել նրան «ընդդիմության հալածյալ առաջնորդ»:
 
Միեւնույն է, ԲՀԿ նախագահի խնդիրը, եւ անգամ գուցե անձնական ողբերգությունը, դրանից չի կորցնելու իր խորությունը, եթե ոչ հակառակը: Անձնական ողբերգություն այն իմաստով, որ Ծառուկյանը հանգամանքների, եւ գուցե նույնիսկ հենց անձնական հանգամանքների բերումով հայտնվել է մի կարգավիճակում, որը բացարձակապես նրա միջավայրը չէ թե մտածողության, թե արժեհամակարգային իմաստով: Այդ միջավայրւմ նրա միակ ռեսուրսը անգամ «քֆուրը» չէ, այլ զուտ փողը: Իսկ առաջինն ընդամենը փողը հաշվելու ինքնապաշտպանական միջոց, չէ՞ որ միլիոնավոր դոլարներ է ծախսում եւ պետք է շատ թե քիչ համոզված լինի, որ մի գեղեցիկ օր իրեն չեն գցի:
 
Առավել եւս, որ խոշոր իմաստով նա արդեն հայտնվել է այդ կարգավիճակում, մնալով քաղաքականության մեջ առանցքային դիրքում: Բանն այն է, որ ԲՀԿ քաղաքական նախագծով իշխնության հարցը լուծելուց հետո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ըստ ամենայնի կամ ինքը կվերցներ կուսակցությունը, կամ դա կաներ Վարդան Օսկանանի միջոցով, որին դիտարկում էր 2008-ի նախագահի պաշտոնի համար: Իրադարձությունները սակայն ունեցան այլ ընթացք, Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ լուծել իշխանության հարցը, թողեց նախագահի պաշտոնը եւ անցավ Սերժ Սարգսյանի դեմ ստվերային պայքարի, իսկ ԲՀԿ-ն սկսեց դիտարկվել արդեն որպես պարտիզանական ջոկատ:
 
Ընդ որում, ջոկատ, որի դե յուրե պատասխնատուն գործում էր ոչ թե ստվերում, այլ բաց՝ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն իր վրա վերցնելով ստվերի գործողությունների ամբողջ պատասխանատվությունը, բայց ամբողջապես ստվերում գործընթացները կառավարելու ունակ չլինելով: 2015 թվականին Սերժ Սարգսյանը խնայեց Ծառուկյանին, նրան տալով դուրս գալու հնարավորություն եւ անգամ բաց տեքստով հայտարարելով, որ ինքը Ծառուկյանի հետ չունի խնդիր, իր խնդիրը այն անձանց հետ է, որոնք օգտագործում են նրան:
 
Լեգիտիմության բացակայությունն էր գուցե պատճառը, որ Սարգսյանը հիմնվորապես չլուծեց Ծառուկյանի քաղաքականության էջը փակելու հարցը, եւ օգնությունը Ծառուկյանին փաստորեն մնաց կիսատ: 2017-ին նրան վերադարձրին, իսկ Սերժ Սարգսյանն էլ մի քանի իրողության, այդ թվում լեգիտիմության բացակայության պայմաններում անաղմուկ ընտրություն անցկացնելու անհրաժեշտության բերումով համակերպվեց Ծառուկյանի վերադարձին:
 
Նիկոլ Փաշինյանը գնում է Ծառուկյանի համար էջը դարձյալ փակելու՞, այս անգամ հիմնավորապե՞ս: Դա կլինի լավագույն օգնությունը Գագիկ Ծառուկյանին, որը քաղաքականության մեջ հայտնվել է մի վիճակում, երբ դրանից դուրս գալուց բացի ցանկացած այլ գործողություն աշխատելու է ոչ միայն իր, այլ Հայաստանի դեմ: Որովհետեւ սկզբունքորեն վտանգավոր է քաղաքական տիրույթում առանցքային սուբյեկտը, որը չլինելով ի բնե քաղաքական, հայտնվել է հանգուցակետում՝ ինչպես երկաթուղային գծանցում, չտիրապետելով ոչ միայն գծանցի տեխնոլոգիային, այլ նաեւ պատկերացում չունենալով հետագա ուղղություններից որեւէ մեկի երթուղու մասին:
 
Որեւէ կերպ կապ չունի, թե ինչ մղումներով է Ծառուկյանը այդ դիրքում: Որեւէ կերպ կասկածի տակ չդնենք նրա՝ ժողովրդի ու երկրի հանդեպ հոգատարության կանխավարկածը: Միեւնույն է, նրա ձեռքին հայտնվել է գործիք, որին նա չի տիրապետում, եւ ըստ այդմ նա դառնում է այլոց ձեռքին գործիք, որոնք հիանալի են տիրապետում այդպիսի հանգամանքները Հայաստանի դեմ հմտորեն օգտագործելու տեխնոլոգիաներին: Եվ դա այն հիբրիդային պատերազմի պայմաններում, որն ընթանում է նաեւ Հայաստանի հանդեպ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play