Հրայր Թովմասյանն արդարացնում է մեծամասնությանը․ ինչ է կատարվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հրայր Թովմասյանն արդարացնում է մեծամասնությանը․ ինչ է կատարվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-06-2020 19:23:15   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է․ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ կազմի վերաբերյալ Սահմանադրության փոփոխության նախագիծը: Ըստ այդմ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կմնա դատավոր եւ կդադարի լինել ՍԴ նախագահ, իսկ եւս երեք դատավոր ընդհանրապես կթողնեն ՍԴ-ն, քանի որ լրացել է նրանց պաշտոնավարման այն ժամանակահատվածը, որը դատավորի համար նախատեսում է 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը:
Դա ընդհանրապես բավական հետաքրքիր Սահմանադրություն է, խորհրդավոր, որի հեղինակներից է նաեւ Հրայր Թովմասյանը եւ որը կարծես թե գրված լինի հատուկ հեղափոխության համար: Համենայն դեպս, այդ Սահմանադրությունից ավելի շատ օգտվել է թերեւս հեղափոխությունը, մի շարք առումներով, քան այն իշխանությունը, որի հարատեւության համար իբրեւ թե գրվել էր Սահմանադրությունը:
Օրինակ, Սահմանադրության համաձայն, ԱԺ ընդդիմությունը այժմ փաստորեն չունի Իմ քայլը մեծամասնության նախաձեռնությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորություն: Սահմանադրությունը նշում է այն դեպքերը, երբ ԱԺ մեկ հինգերորդը կարող է դիմել ՍԴ խորհրդարանի այս կամ այն նախաձեռնության համար: Սահմանադրության փոփոխությունն այդ դեպքերի մեջ չէ: Իսկ մեծամասնությունն ինքը կայացրեց ՍԴ չդիմելու որոշում, այն տրամաբանությամբ, որ ՍԴ-ն չպետք է քննի իրեն առնչվող նախաձեռնությունը:
Իմիջիայլոց, ԱԺ մեծամասնությունը կարծես թե ընդունված փոփոխությունը նախագահին էլ չի ուղարկելու ստորագրության համար, այլ հրապարակելու է ԱԺ նախագահի միջոցով: Այստեղ կարող է լինել միտք, թե չեն վստահում նախագահ Սարգսյանին: Իրականում թերեւս հակառակն է՝ նրան խնայում են, քանի որ նախագահ Սարգսյանն ըստ ամենայնի դեմ չէր գնալու Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությանն ու ստորագրելու էր փոփոխությունը, ինչից հետո հայտնվելու էր նախկին համակարգի անմարդկային քննադատության թիրախում: Արմեն Սարգսյանին ազատում են այդ իսկապես ծանր վիճակից:
Սարգսյանն իհարկե միակ ազատվողը չէ: Ազատվում է նաեւ Հրայր Թովմասյանը: Նախօրեին ՍԴ-ն կայացրել է որոշում, որ հուլիսի 7-ին քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը: Հանրությունը վստահ է, որ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ-ն համարելու էր, որ նրա հանդեպ հետապնդումը հակասահմանադրական է: Հրայր Թովմասյանը մոտ մեկ տարի առաջ ստանալով դիմումը երկրորդ նախագահի պաշտպաններից, իր հերթին խորհրդատվական կարծիքի համար դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով:
ՍԴ նախագահը անշուշտ հիանալի է պատկերացնում խնդրի թե բարոյահոգեբանական, թե քաղաքական հանգամանքներն ու նրբությունները, հետեւաբար դրանով որեւէ որոշման ծանրությունն ու բարդությունը:
Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ եւ Վենետիկի միջոցով շահեց մոտ մեկ տարի ժամանակ, եւ փաստորեն հարցը քննելու օր նշանակեց այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ Իմ քայլը մեծամասնությունը լուծում է ՍԴ կազմի հարցը, եւ դատարանն այս կազմով այլեւս չի հասցնի քննել հարցը: ՄԻԵԴ-ը, Վենետիկի հանձնաժողովն ու ի վերջո Իմ քայլը մեծամասնությունը Հրայր Թովմասյանին ազատագրեցին Ռոբերտ Քոչարյանի գործից:
Ըստ այդմ, Հրայր Թովմասյանն ու Իմ քայլը կարող են բաժանվել միմյանց շնորհակալություն հայտնելով՝ մեկը Թովմասյանին Սահմանադրության, մյուսը՝ Իմ քայլին այդ Սահմանադրությունը փոփոխելու համար:
 
 
1in.am-ը գրում է.
 
Սահմանադրական դատարանը իր աշխատանքային նիստի օրակարգ է ընդգրկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը, որը վերաբերում է երկրորդ նախագահին ուղղված մեղադրանքին: Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանը քննարկել է այդ դիմումի քննության օր նշանակելու հարցն ու նշանակել հուլիսի 7-ին:
Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ խորհրդարանում քննվում է ՍԴ դատարանակազմի հարցը և դրա լուծման Սահմանադրական փոփոխության օրինագիծը: Երբ այդ ֆոնին ՍԴ-ն օրակարգ է բերում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումն ու նշանակում նիստը, դա այլ բան չէ, քան ուղղակի խոստովանություն, որ Սահմանադրական ներկայիս դատարանակազմի ամբողջ նպատակը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման հարցը լուծելն է՝ ճանաչելով հակասահմանադրական: Այսինքն՝ ՍԴ ներկայիս դատարանակազմը և դրա նախագահ Հրայր Թովմասյանը կամա, թե ակամա հաստատում են այն մեղադրանքները, որ նրանք իրականում ի զորու չեն լինել անկախ դատարան և գտնվում են նախկին իշխող համակարգի, այդ թվում՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ազդեցության ներքո:
Ասել կուզի, ՍԴ այսօրվա վարքագիծը այլ բան չէ, քան հաստատում այն քաղաքական փաստարկների, որ բերում է կառավարող մեծամասնությունը ՍԴ դատարանի կազմի հարցը դնելով: Ստացվում է, որ Սահմանադրական դատարանն ինքն իր ձեռքով հիմնավորում է այն նախաձեռնությունը, որ գտնվում էր խորհրդարանում և արժանացավ մեծամասնության հավանությանը: Պատկերն այն աստիճան պարզունակ է, որ առաջանում է հարց՝ մի՞թե Հրայր Թովմասյանը չէր պատկերացնում, որ դրանով ընդամենը հիմնավորում էր քաղաքական մեծամասնության իրեն տրվող գնահատականը, թե՞ Թովմասյանը դա լավ էլ պատկերացնում էր, և բուն նպատակը հենց դա էր՝ խթանել մեծամասնության քայլերը, արագացնել դրանք և վերջապես ազատվել Ռոբերտ Քոչարյանի գործի քննության պատասխանատվությունից։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Ընդդիմադիր դաշտում խոստացված կոնսոլիդացիան այդպես էլ չի կայանում: Միասնական ճակատով հեղափոխական իշխանության դեմ պայքարի չեն գնա ԲՀԿ-ն, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտարարվեց, թե շուտով հուշագիր կստորագրվի ընդդիմադիր բևեռ ձևավորելու և միասնական պայքարի համար: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ուժերի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են նախորդ շաբաթվա վերջին ու չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն պնդել է, թե անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ ուժեր միանան իրենց ճակատին, որպեսզի ազդեցիկ միավորում լինի, ու դա լինի Գագիկ Ծառուկյանի շուրջ: Մյուս կուսակցությունները, որոնց մեծ մասը մարդ-կուսակցություններ են, չեն համաձայնել` ասելով, թե պետք չէ «մանր-մունր» կուսակցություններին ներգրավել այդ գործընթացին: Ու այդպես հուշագիր ստորագրելու գրծընթացը կասեցվել է կամ չեղարկվել ընդհանրապես:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերը նշված ուժերն այնուամենայնվիվ մի հարցի շուրջ համաձայնության եկել են, այն է` հին դեմքերը, Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցիչ չպետք է երևա ընդդիմության գործողություններում և չպետք է խառնվի նոր ընդդիմության գործերին, այսինքն՝ այս ուժերը կարողացել են դեռևս համաձայնության հասնել միայն այս հարցում: Այնուամենայնիվ, կոնկրետ ի՞նչն է խանգարում միավորմանը. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ քննարկումները շարունակվում են: «Մեր քննարկումները քաղաքական ուժերի հետ այսօր էլ ընթացքի մեջ են, և որևէ բան չպետք է արվի ինքնանպատակ, պահի ազդեցության տակ: Ոչ մի բան հնարավոր չէ մեկ ժամում նախանշել», – նշեց Տոնոյանը: Իսկ, ահա, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Հանդիպումներ եղել են ինչպես հունիսի 20-ին, այնպես էլ դրանից առաջ։ Ընթանում է բնականոն աշխատանքային գործընթաց, և քննարկումների ավարտին մեր ժողովրդին կներկայացնենք համագործակցության ձևաչափի և առաջիկա ռազմավարության մասին»: Իսկ ի՞նչ խնդիրներ կան «Մեկ Հայաստան» կուսակցության մասով, որի լիդերը հայտարարել էր, թե հուշագիր ոչ մի դեպքում չի ստորագրելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ղազինյանը դժգոհել է, թե իրեն անտեսում են և չեն տեղեկացնում պայմանավորվածությունների մասին, նա շատ բան իմանում է լրատվամիջոցներից:
Հավելենք, որ երեկ ողջ օրը խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ համապատասխան թվով ստորագրություններ հավաքել` ՍԴ դիմելու համար»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված ԱԱԾ խուզարկության արդյունքում ի հայտ եկած ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ թղթերից ու քրեական գործերից հետո իրար է խառնվել նաև ՀՀԿ-ն։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ընտրակեղծարարության ակունքներում կանգնած ՀՀԿ-ականները «ուբորկա» են սկսել իրենց գրասենյակներում, բնակարաններում։ Թեև ՀՀԿ-ն ավելի խելացի է գտնվել ընտրակաշառք բաժանելուց և դրանց վերաբերյալ թղթերը շատ չի արխիվացրել, բայց որոշ ՀՀԿ-ականների մոտ դեռևս հին ցուցակներ կան, որոնք այս օրերին ակտիվ ոչնչացման փուլում են։ Մեզ պատմեցին, որ ամենաբարձր մակարդակով ՀՀԿ-ականներին զգուշացվել է «ուբորկան» մաքսիմում պատշաճ կատարել, որ հետք անգամ չմնա»։
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Անցած տարի ՊԵԿ-ը Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վերաբերյալ մոտ 1 միլիարդ դրամի ակտ էր կազմել։ «Նաիրի ինշուրանսի» կողմից այս դատական ակտը չէր բողոքարկվում մինչև վերջին պահը։ Սակայն նախօրեին բողոքարկման համար նախատեսված ժամկետի վերջին օրվա վերջին րոպեներին «Նաիրի ինշուրանսը» դատի է տվել ՊԵԿ-ին։
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը թերևս ոգևորել է Քոչարյան ընտանիքին, լրացուցիչ վստահություն է տվել, և նրանք անցել են հակահարձակման։
Հիշեցնենք, որ այս գործով, ի թիվս այլ հարցերի, Քոչարյանները «մեղադրվում» են 1 մլրդ դրամ (2 մլն դոլար) հարկ թաքցնելու մեջ։ Կարելի է պատկերացնել, թե հոր պաշտոնավարման ժամանակ ինչ չափով է Լևոն Քոչարյանը բարեգութ եղել բյուջեի վճարումների հարցում»։
 
 «Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 89 կողմ ձայնով` առանց դեմ և ձեռնպահ ձայների: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները: Այդպիսով կդադարեցվի Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահ, և 9 անդամներից 3-ի լիազորությունները` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի: Ընդ որում, այս փոփոխությունները բավականին արագ են կատարվելու, և Ազգային ժողովի կողմից նախագծի հրապարակումից հետո պատգամավորները խորհրդարանում արդեն փակ գաղտնի քվեարկությամբ կարող են ՍԴ նոր անդամներ ընտրել:
Հավելենք, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են մինչև այդ ունենալ ՍԴ նոր կազմ, որպեսզի խուսափեն անակնկալներից, քանի որ չի բացառվում՝ այժմյան կազմով այն հակասահմանադրական ճանաչվի, և այդ դեպքում քրեական գործը կկարճվի:
Դրա հետ մեկտեղ ուշագրավ է, որ երեկվա դրությամբ իմքայլականները չունեին թեկնածուներ և այդ առումով բուռն քննարկումների մեջ էին՝ այդպես էլ չիմանալով՝ ում առաջադրել միանգամից երեք տեղի համար: Ընդ որում, ընտրությունը պետք է կայանա նույն օրը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները բանակցում են միասնաբար Սահմանադրական դատարան դիմելու և խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցը վիճարկելու հարցի շուրջ:
Սահմանադրության 169 հոդվածը պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդին՝ 27 պատգամավոր, հնարավորություն է տալիս նման հարցով դիմել ՍԴ: ԲՀԿ խմբակցությունը ունի 25 պատգամավոր, գումարած Տիգրան Ուրիխանյանը, 27 ստորագրություն ունենալու համար պետք է ևս մեկ պատգամավոր: Չնայած քննարկումներին, քիչ հավանական է, որ այս երկու խորհրդարանական խմբակցությունները գնան նման քայլի, քանի որ վախենալու են, որ կմեղադրվեն նախորդ իշխանության կողմից ուղղորդվելու մեջ»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի և ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունները խնդրել են համաձայնություն տալ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 մլն 597 հազար 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ բանկերից մեկում գրավադրման գործարքի կնքմանը։ Սակայն պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 12-ի գրությամբ ՀԾԿՀ-ին ներկայացրել է կառավարության դիրքորոշում, որտեղ նշվել է, որ գործարքի կնքումը նպատակահարմար չէ։ Իսկ հանձնաժողովը գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը մերժել է, ի ապահովումն «Լիսմարթ» ընկերության վարկային պարտավորությունների կատարման, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ տեղեկություններ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի որդու մասին: Մասնավորապես, պարզեցինք, որ Աղաջանյանի որդու հետ կապված՝ ՀՀ զինվորական քննչական բաժնում քրեական գործ է հարուցված:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Աղաջանյանի որդին ամիսներ առաջ զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն իր հայրիկի՝ ՌՈ պետի՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ազատվել է ծառայությունից: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը Աղաջանյանի որդու՝ բանակից ազատման մասով հարուցել է քրեական գործ, այն ուղարկել Զինվորական քննչական բաժին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանից: «Դ. Աղաջանյանը, ունենալով առողջական խնդիրներ, 19.07.2019թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքրի 315-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ»:
Ստացվում է, որ քննչական մարմինը հիմա ստուգում է այն հանգամանքը, թե որ բժիշկներն են սխալ եզրակացություն տվել, որ խնդիրներ ունեցող տղան զորակոչվել է բանակ: Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա տարվող քննությունը և չի պարզվի, որ բժշկական եզրակացությունները սարքովի են»:
 
«Հրապարակ» թերթը գրում է.
 
«Հունիսի 29-ին տեղի է ունենալու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների բաց մրցույթը։
Ինչպես Գլխավոր դատախազությունից են մեզ հայտնել՝ տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝ 25 դիմում, յոթ տեղի համար։
Մրցույթն անցկացնելու է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի եւ որակավորման հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանն է՝ նախկին զինդատախազը։ Ըստ գլխավոր դատախազի հրամանի՝ մրցույթը, կախված հավակնորդների թվից, կարող է տեւել ոչ թե մեկ, այլ մի քանի օր։ Մրցույթներն անցկացվում են հարցազրույցի եղանակով։ Տեղակալի մրցույթն էլ անցկացվում է հարցազրույցի միջոցով՝ երեք փուլով։
Մրցույթն անցկացվում է անգամ այն դեպքում, երբ դիմել է մեկ հոգի։ Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տալ առավելագույնը 2 հարց, սակայն ընդհանուր հարցերի քանակը պետք է լինի առնվազն վեցը։ Մրցույթի ավարտից հետո մեկօրյա ժամկետում 3 դրական եզրակացություն ստացած թեկնածուների վերաբերյալ ցուցակը ներկայացվում է գլխավոր դատախազին, եւ նա է նշանակում կատարում։
Էթիկայի եւ որակավորման հանձնաժողովի անդամ Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է բոլոր թեկնածուներին , նրանց գործերն ուղարկվել են իրենց․ «Տեղակալի հետ կապված 3 թեկնածու կա, մյուսի դեպքում՝ 20-ից ավելի։ Օրենքով սահմանված կարգին համապատասխանող բոլոր անձինք իրավունք ունեն դիմելու։ Մարդիկ կան, որ իրավաբան են, օրինակ՝ տեղակալի համար մեկը, որը դիմում է ներկայացրել, արդարադատության նախարարությունից է»։
Հիշեցնենք նաեւ, որ բաց մրցույթները կանցկացվեն 2020թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը: Մեր տեղեկություններով, մրցույթի համար դիմած անձինք այս օրերին ոչ միայն ինտենսիվ պատրաստվում են՝ օրենսդրությունն են վերհիշում, այլեւ գործի են դրել ծանոթ-բարեկամների ողջ արսենալը, որ իրենց համար բարեխոսեն»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play