Հրաժարում ռուսական կեղտոտ խաղի՞ց. հնարավոր ելքը


Հրաժարում ռուսական կեղտոտ խաղի՞ց. հնարավոր ելքը

  • 26-06-2020 17:28:48   | Հայաստան  |  Վերլուծություն

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել է Հայաստանի նախորդ իշխանության ժամանակաշրջանի մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունների առիթով: Սարգսյանի հայտարարությունը կոշտ տողեր է պարունակում նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:
 
Ի՞նչն է պատճառը, որ երրորդ նախագահը բավական օպերատիվ արձագանքում է Ալիեւի հայտարարությանը, միաժամանակ թիրախավորելով Նիկոլ Փաշինյանին: Արդյոք Ալիեւի հայտարարությունը նրա համար առիթ է կոշտ խոսել Փաշինյանի հասցեին, թե՞ խնդիրն ունի այլ համատեքստ:
 
Հատկանշական է, որ քաղաքական աշխուժության հարցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե հետ է քաշվում, եւ առաջին պլան է գալիս Սերժ Սարգսյանը: Արդյոք այդ հարցն էին քննարկել նրանք օրերս տեղի ունեցած հանդիպմանը: Այդ հանդիպումը դիտարկվել է Սարգսյան-Քոչարյան գրեթե դաշինքի համատեքստում: Դաշինք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ դա խնդրի միայն երեւացող կողմն է:
 
Քոչարյան-Սարգսյան դաշինքը Փաշինյանի համար ավելի շուտ քաղաքական միավոր է, քան հարված: Հազիվ թե նրանք չգիտակցեն այդ հանգամանքը:
 
Այդ դեպքում ու՞մ է հասցեագրված Սարգսյանի խոսքը:
 
Փոխվում է աշխարհակարգ, որտեղ Ռուսաստանը գտնվում է տնտեսա-քաղաքական ստագնացիայի փուլում: Ընդ որում այն աստիճանի, որ ներկայում չափազանց դժվար է դիմակայում անգամ Թուրքիայի «քաշային կատեգորիայում»: Եվ դա իսկապես լրջագույն խնդիր է Հայաստանի համար, հաշվի առնելով Հայաստանի վրա ռուսական ավանդական ազդեցությունը եւ այդ առնչությամբ ռուսական վերնախավում կարծրացած մեծապետական հավակնությունը:
 
Այդ հավակնությունը Հայաստանի դեմ փորձ է արվել եւ արվում իրացնել Հայաստանի ներքաղաքական սուբյեկտներին օգտագործելու միջոցով, ըստ դրանց հանդեպ վերահսկողության բազմաբնույթ լծակների: Այստեղ առավելապես «օգտագործելին» նախկին իշխող համակարգն է, հաշվի առնելով հանգամանքը, որ այդ համակարգը մոտ երեք տասնամյակ Հայաստանում իր հակասահմանադրական բնույթով բյուրեղացել է հենց ռուսական հովանու ներքո:
 
Դա կեղտոտ գործ է, որ ռուսական վերնախավը փորձում է անել Հայաստանի նախկին վերնախավի ձեռքով, ինչից հետո լինելու է այլեւս այդ համակարգի խորքային զոհաբերումը: Եթե չստացվի, ապա նախկին համակարգը խորքային հարված է ստանալու արդեն Հայաստանի քաղաքական ղեկավարության ձեռքով, որովհետեւ այն, ինչի մեջ ներքաշվում են պարտադրանքով, թե ոչ, Հայաստանի ինքնիշխանության դեմ խաղի հերթական պարտիան է:
 
Հայաստանում լեգիտիմ իշխանության առկայությունը նախկին իշխող համակարգի համար ի վերջո հնարավորություն է դուրս գալ այդ խաղից մեկընդմիշտ, խաղասեղանին չունենալով ի հեճուկս հանրության իշխանություն պահելու խնդիր:
 
Ո՞րն է այստեղ հնարավոր ելքը, եթե նախկին վերնախավը բավական խոցելի է ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավի հետ բազմաթիվ կապող թելերի բերումով: Ելքն է ստեղծել ազդեցություն, քաղաքական նոր իշխանության շուրջ ժողովրդական համախմբվածության ամուր հակազդեցություն խթանելու համար:
 
Միաժամանակ կարեւոր է դառնում չեզոքացնել նախկինների համակարգային պայքարը, գոնե այս շրջափուլում, կեղտոտ գործի պարտադրանքը հնարավորինս չեզոքացնելու համար: Ահա այդ համատեքստում կարեւոր է, երբ հետ է քաշվում ռուսական հույսի դաշտում գործած Ռոբերտ Քոչարյանը, եւ ժողովրդական հակազդեցության ուժեղ ալիք առաջացնելու համար բացում դաշտը Սերժ Սարգսյանի համար:
 
Դա տեղի է ունենում Մոսկվայում Պուտինի տապալված շքերթից հետո, ինչը կարող է բերել նրա առավել ագրեսիվությանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play