Պատերազմից պետք է միշտ խուսափել․ Աննա Հակոբյանը ուղերձ է հղել ադրբեջանցի կանանց


Պատերազմից պետք է միշտ խուսափել․ Աննա Հակոբյանը ուղերձ է հղել ադրբեջանցի կանանց

  • 13-07-2020 14:10:33   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու կոչ
 
Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ սկսվել են մարտեր:
 
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:
 
Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:
 
Կանայք, մայրերը եւ քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:
 
Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը եւ մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետեւելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների եւ ժողովուրդների համար:
 
Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play