ԱՄՆ ճանաչեց Տավուշի հաղթանակը. նոր աշխարհակարգի հայկական քարը


ԱՄՆ ճանաչեց Տավուշի հաղթանակը. նոր աշխարհակարգի հայկական քարը

  • 24-07-2020 10:20:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Տեղեկություն է տարածվել, որ ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը: Զորակոչի անցկացման պատասխանատուների ուղեկցությամբ գնդապետ Մաքսվելը ծանոթացել է հավաքակայանում նորակոչիկների ընդունման, գրանցման, բժշկական զննության, COVID-19 թեստավորման, վիճակահանության, սննդի և կեցության ապահովման պայմաններին:
 
Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդի այցը տեղի է ունենում Տավուշում հայկական զինուժի միջազգային հնչեղություն ստացած պատժիչ գործողությունից հետո, այդպիսով արտացոլելով գործողության արդյունքի ճանաչումը: ԱՄՆ փաստացի ճանաչում է այդ արդյունքը, որը Հայաստանի վարչապետի ելույթում գնահատվեց «հուլիսյան հաղթանակ»:
 
Հուլիսի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարություն էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որը նախարար Տոնոյանի հետ քննարկել էր թե հայ-ամերիկյան անվտանգային գործակցության հարցեր, թե միջազգային ու ռեգիոնալ անվտանգությանն առնչվող խնդիրներ:
 
Դրանից երկու օր անց՝ հուլիսի 9-ին նախարարություն էր այցելել արդեն Հայաստանում Չինաստանի դեսպանը, դարձյալ քննարկելով թե երկկողմ, թե ռեգիոնալ նշանակության անվտանգային հարցեր:
 
Մի քանի օր անց հայկական բանակը, արձագանքելով ադրբեջանական սադրանքին, գործնականում ցույց տվեց, որ հայկական անվտանգային համակարգը միջազգային ու ռեգիոնալ անվտանգության կայունության եւ կառավարելիության հուսալի, պատասխանատու գործընկեր է: Գործընկեր, որն ունակ է գործակցել միջազգային անվտանգային համակարգի դերակատարների հետ, որոնք ներկայում բավական բարդ համաշխարհային իրավիճակում փորձում են ձեւավորել նոր աշխարհակարգը: Մեծ հաշվով, հայկական բանակը Տավուշում իր եւս մի քարն է դրել նոր աշխարհակարգի անվտանգային ճարտարապետությունում, անշուշտ փոխադարձաբար ակնկալելով նաեւ հայկական անվտանգային ճարտարապետության նկատմամբ միջազգային դերակատարների վստահելի եւ պատասխանատու գործընկերությունը՝ անկախ նրանց միջեւ եղած տարակարծություններից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play