Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին


Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին

  • 27-07-2020 13:20:57   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեսպան  Աշոտ Սմբատյանը հայ համայնքին զգոնության և սադրանքներին չտրվելու կոչ է արել ։
 
«Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հրկիզվել է ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։
Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։ Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ»։
Նոյյան տապան  -   Հասարակություն