Նիկոլ Փաշինյանը «ջարդ» է արել․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նիկոլ Փաշինյանը «ջարդ» է արել․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-07-2020 17:45:36   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է. 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի միանգամից տասը պաշտոնյա: Դատելով հրամանագրից, ազատվել են տարբեր ուղղություններով հայ համայնքների հետ աշխատանքի պատասխանատուները Ռուսաստանից ու հետխորհրդային տարածությունից մինչեւ Եվրոպա եւ Ամերիկա:
Փաստացի Նիկոլ Փաշինյանը կադրային «ջարդ» է արել հանձնակատարի գրասենյակի այսպես ասած կառավարչական օղակում, ինչի համար թերեւս պետք է ունենար ծանրակշիռ պատճառ:
Վարչապետի այդ քայլը տեղի է ունենում երրորդ երկրների տարածքներում հայկական համայնքների, հայերի հանդեպ ադրբեջանական հարձակումների իրողության ֆոնին: Այդ ֆոնին հնչեց քննադատություն, որ Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակը համարժեք չի արձագանքել մարտահրավերին եւ բավարար արդյունավետությամբ չի հաղորդակցվել արտերկրի հայերի հետ:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի որոշումը վկայում է, որ կառավարությունն ընդունում է քննադատությունը: Մյուս կողմից, կասկածից վեր է, որ այստեղ լոկ քննադատություն ընդունելու հարց չէ եւ չի բացառվում, որ անարդյունավետ կամ ոչ համարժեք արձագանքը ոչ թե աշխատանքային թերացման եւ իրավիճակի գնահատման որոշակի սխալի հետեւանք է, այլ գուցե մտածված, սաբոտաժային երեւույթ:
Համենայն դեպս, կատարված կարդային որոշման բնույթը եւ մասշտաբը, խստությունն այնպիսին է, որ թույլ է տալիս առնվազն մտածել այդ մասին: Ընդ որում հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչ «հետագիծ» ունեն հանձնակատարի գրասենյակի ազատված պաշտոնյաները:
Միեւնույն ժամանակ, հարցը գուցե ավելի լայն է, մասնավորապես հայ համայնքների կազմակերպման հարցի համատեքստում, նկատի ունենալով այն, որ հաղթող հայերը գործնականում բողոքի ակցիաների բացարձակապես ավելորդ մրցակցության մեջ էին մտել պարտված ադրբեջանցիների հետ, այն դեպքում, երբ հայկական ուժը եւ ներուժը գործնականում մշտապես ասիմետրիկ քայլերի եւ պատասխանների մեջ է եւ պետք չէ ասիմետրիայից դուրս մսխել այդ ներուժը այս կամ այն երկրի փողոցներում կամ ադրբեջանական դեսպանատների դիմաց բարձր աղմկելու հարցում մրցակցելու վրա:
Որքան էլ միանգամայն անկեղծ են սփյուռքի մեր հայրենակիցների մղումները, այդուհանդերձ ադրբեջանցիների ամբողջ նպատակը հենց դա է՝ համահայկական ներուժը դուրս բերել թե մեթոդաբանորեն, թե որակապես ասիմետրիկ առավելությունից եւ «հավասարեցնել» իրենց: Այդ հարցերը պետք է լինեն Հայաստան-Սփյուռք ամենօրյա աշխատանքային օրակարգում:
Դրան զուգահեռ, հարցն անշուշտ նաեւ հեռանկարի մեջ է, այն իմաստով, որ Ռուսաստանում ծիրանի հայկական «բլից-կրիգը» հայությանը դնում է բոլորովին նոր մակարդակի պատասխանատվության առաջ, ծիրանի շուրջ ծավալվածն ընդհանրապես համահայկական մասշտաբի ավելի խորքային ինստիտուցիոնալ-մտածողական կապիտալիզացիայի ենթարկելու հարցը:
Այդ իմաստով, արդյո՞ք առկա ֆոնը վարչապետի հրամանագրի ոչ միայն պատճառ էր, այլ նաեւ առիթ՝ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին նոր շունչ, արդիական եւ կենսունակ շունչ հաղորդելու համար: Ի դեպ, հատկանշական է օրեր առաջ վարչապետի հրապարակած տեղեկությունը, որ առաջիկա շաբաթներին հայկական կառավարման համակարգը կհամալրեն սփյուռքի տարբեր ոլորտի մոտ 100 մասնագետներ: Նրանցից կլինե՞ն սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակը համալրողներ:
 
1in.am-ը գրում է. 
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել երեք հեռուստաընկերությունների, որոնց հետ, այսպես ասած, ֆորմալ կամ ոչ ֆորմալ գործակցում է անցնող երկու հետհեղափոխական տարիների ընթացքում:
Մի քանի շաբաթ առաջ դուրս գալով իր գրասենյակից և պատասխանելով սպասող լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի իրավիճակը երկրում, Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր, թե չի ցանկանում ոտքի վրա խոսել լուրջ հարցերի մասին և պատրաստվում է առաջիկայում ներկայացնել համապարփակ, խորը գնահատական:
Եթե երեք հեռուստաընկերություններին հարցազրույցը այդ գնահատականն էր, ապա, խոշոր հաշվով, զուտ բովանդակության, ասելիքի իմաստով որևէ էական տարբերություն չկար գրասենյակի մուտքի դիմաց մի քանի բառի և երեք լրագրողների դիմաց մոտ մեկուկես ժամ զրույցի միջև, որովհետև Ռոբերտ Քոչարյանը գործնականում չներկայացրեց ոչ միայն որևէ նոր միտք, գաղափար, այլև կրկնեց հետհեղափոխական ամբողջ ժամանակաշրջանում քարոզչական տարբեր ձևաչափերով և աղբյուրներով, տարբեր դեմքերով շրջանառվող նույն «թեզերը»: Ընդ որում, պետք է նկատել, որ կան դեմքեր, որոնք դա անում են շատ ավելի տպավորիչ ու հետաքրքիր, շատ ավելի ստեղծագործաբար:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վստահաբար կլիներ ոչ մի բանի մասին, եթե չլիներ մի հետաքրքիր նրբերանգ: Նա գործնականում բաց տեքստով հայտարարեց, որ պատկերացնում է իշխանափոխություն փողոցի միջոցով, երբ մարդիկ կլինեն դժգոհ և դարձյալ դուրս կգան՝ փողոց փակելով իրավիճակ փոխելու: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ կան բոլոր նախադրյալները, և պակասում է միայն կազմակերպչական աշխատանքը: Նա հայտարարում էր, որ այդ բոլոր սցենարները «ընդդիմության» սեղանի վրա են:
Մեծ հաշվով, այդ հայտարարությամբ երկրորդ նախագահ Քոչարյանը այդ սցենարները ըստ էության կամ դե ֆակտո դնում էր իշխանության սեղանի վրա՝ բացելով այդ սցենարները իշխանության համար:
Իհարկե, պետք է նկատել, որ այդ ամենը առանց դրա էլ առանձնապես գաղտնիք կամ դժվար պատկերացնելի և գլխի ընկնելի մի բան չէր: Եվ իշխանության համար էլ թերևս ամեն ինչ մինչ այդ էլ հասանելի կարող էր լինել տարբեր տեղեկատվությունների միջոցով, ոչ ֆորմալ աղբյուրներից: Տարբեր խմբերի վարքագիծը հստակ նախանշում էր, թե ինչի վրա է արվում խաղադրույքը: Բայց այլ է իրավիճակը, երբ հրապարակավ, այն էլ այդ գործընթացը առաջնորդելու հավակնություն ունեցող նախկին նախագահի շուրթերից բարձրաձայնվում է այդ մասին:
Դա ինչ-որ իմաստով վա-բանկ խաղ է, և հարց է առաջանում, թե ինչո՞ւ է երկրորդ նախագահը խաղում այդպես: Նա վստա՞հ է այդ խաղի անկասելիության վրա, թե՞ հակառակը՝ ակնկալում է, որ իշխանությունը կկասեցնի այդ խաղը դեռ չսկսած, քանի որ սկսելուց հետո կասեցումը կարող է լինել շատ ավելի ցավագին:
Բանն այն է, որ երկրորդ նախագահը, խոշոր հաշվով, հայտնվում է իր համակիրների առաջ մի այնպիսի վիճակում, ինչպիսի վիճակում, օրինակ, իր հասարակության առաջ հայտնվել է Ադրբեջանի նախագահը: Նա անհասանելի և անիրականանալի հավակնություն է ներկայացրել Հայաստանի ու Արցախի հանդեպ և հայտնվել փակուղում, ծանր վիճակում:
Ռոբերտ Քոչարյանը գործնականում բավականին անհասանելի և առնվազն դժվարամատչելի հավակնություն է ներկայացնում, իհարկե, ներքաղաքական կյանքում, իշխանության համար պայքարում, իր համախոհների առաջ: Նա, իհարկե, լավ է պատկերացնում, որ գալու է համախոհներին արդյունքի համար պատասխան տալու ժամանակը:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որին ուշի-ուշով հետևում է նաև հայկական կողմը: Եվ հենց այդ զորավարժությունների մեկնարկն էր պատճառը, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ժամանակ Տոնոյանը նշել է, թե զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։
Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։ Նաև Դավիթ Տոնոյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանների և ռազմական կցորդների հետ: Այս տեսանկյունից կարևորություն է ներկայացնում նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը:
Հետաքրքիր է, որ այս նույն շրջանում զորավարժությունններ են անցկացնում նաև Ռուսաստանը և Իրանը։ Իսկ, ահա, Հայաստանի սահմանի մոտ երեկ մեկնարկած երկշաբթյա համատեղ զորավարժությունների շրջանակում նախատեսված են նաև օդուժի կիրառմամբ վարժանքներ: Եվ չնայած նման զորավարժություններ անցյալ տարիներին էլ իրականացվել են, սակայն այս անգամ դրանք տեղի են ունենում խիստ լարված շրջանում՝ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային սրացումից հետո»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը արդեն տևական ժամանակ է՝ փորձում է ձևավորել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այնպիսի կազմ, որը ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ժամանակ հնազանդորեն կքվեարկի իր հովանավորյալ Վահրամ Դումանյանի օգտին:
Ընդ որում՝ Կարաբեկյանը չի խորշում խախտել ԵՊՀ կանոնադրությունը, որի 31-րդ կետը ասում է, որ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ։
Բայց քանի որ Կարաբեկյանը չի կարողանում գտնել կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչների, որոնք կուրորեն կքվեարկեն իր հովանավորյալի օգտին, ԵՊՀ-ն բոլոր օրենքների ու բանականության խախտմամբ շարունակում է մնալ առանց ռեկտորի»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում: Մասնավորապես, իշխող խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նաև պատժամիջոցներ սահմանել պատգամավորների նկատմամբ, և դա անելու իրավասությունը կտրվի ԱԺ նախագահին: Ինչպես հայտնի է, մինչև այժմ էթիկայի կանոնները խախտած պատգամավորները պատասխանատվության չէին ենթարկվում:
Գաղտնիք չէ, որ յոթերորդ գումարման խորհրդարանում հաճախ են միջադեպեր գրանցվում պատգամավորների մասնակցությամբ, և, մեր տեղեկություններով, այս փոփոխությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի փորձեն պատգամավորներին լռեցնել Էթիկայի հանձնաժողովի միջոցով:
Ընդ որում, այդ հանձնաժողով այսուհետ դիմել կկարողանան բոլորը՝ մատնանշելով ապացույցներ, որ այս կամ այն պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունն է կրկին մեծամասնություն լինելու՝ չի բացառվում, որ աշնանային նստաշրջանում կարգապահական պատասխանատվության ենթարկված պատգամավորները շատ լինեն»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացի¬ական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկ¬վել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նիստ անելու գլխավոր թեման եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցու¬թյան պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված «փարթին», որը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների գրեթե բոլորի զայրույթն է հարուցել:
Ըստ մեր տեղեկու¬թյունների՝ թե´ օրենսդիր, թե´ գործադիր հատվածի կարծիքով՝ Հայկ Սարգսյանը չպետք է նման միջոցառումներ կազմակերպեր, որի պատճառով իրենք նման տհաճ իրավիճակում են հայտնվել: Եվ վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչպես պետք է վար¬վել «անհնազանդ» պատգամավորի հետ, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Օրակարգային հար¬ցերից են եղել նաև կրթության ոլորտում կատարվող շրջադարձային իրադար¬ձությունները, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետ կապված տարբեր հարցեր ու խնդիրներ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայ¬մանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչներն են ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Էդուարդ Աղաջանյանն ու Արփինե Դավոյանը»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին լուրջ ու շատերի համար անսպասել կտրուկ զարգացումներ տեղի ունեցան Ամուլսարի շուրջ։ Ինչպես հայտնի է, մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հանքի շուրջ ստեղծված անհասկանալի ու հակասական իրավիճակի հետ կապված պետք է հստակեցումներ իրականացնել։ Հիմա հենց հստակեցումների առումով խնդիրներ ունի իր իշխանությունը:
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջին օրերին Ամուլսարում ընթացող գործընթացները նախապես ամբողջովին համաձայնեցված են իշխանությունների հետ, ավելին՝ ամեն ինչ ընթանում է նախապես մշակված ծրագրով։
Ըստ էության, կառավարությունը անցած երկու տարվա ընթացքում չկարողացավ, կամ, ավելի ճիշտ, ուղղակի չցանկացավ կարգավորել հանքի շուրջ ստեղծված իրադրությունը և հարցի հետ կապված հստակեցումներ մտցնել։
Մեր տեղեկություններով, Փաշինյանի թիմը նման քայլի է գնացել, քանի որ այլ պարագայում կա՛մ պետք է սեփական արժեքներին դավաճանեին՝ իրենց վարկանիշը իսպառ հողին հավասարեցնելու, գուցե նաև իշխանությունը վտանգելու գնով, կա՛մ վերահաստատելով, որ որոշողը ժողովուրդն է, նմանօրինակ զարգացումներ ապահովեին։
Ըստ մեր աղբյուրների, փաստացի «կանաչ լույս» է վառված «Լիդիանի» համար՝ հանքը շահագործելու առումով, սակայն դա ուղղակիորեն չի հայտարարվում, այլ որոշակի քայլերի հերթականություն է «գծված»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում:
Բանն այն է, որ վերջերս դատավորների մասին իրար հետևից նոր բացահայտումներ են լինում, և, մեր տեղեկություններով, շղթան շարունակական է լինելու: Ինչպես հայտնի է, այժմ լուրջ իրավիճակ է տիրում Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի շուրջ, վերջինս էլ կալանավորված է:
Եվ սա էլ դեռ ամենը չէ. նախօրեին հայտարարություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը և հայտնել, որ բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Սա ևս դատական համակարգի ներկայացուցիչների հանդեպ սկսված գործընթացների շարունակությունն է:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, դատավորները հայտնվել են իրավապահ համակարգի թիրախում. բոլորի նկատմամբ լուրջ գործողություններ են իրականացվում, հսկողության տակ են անգամ նրանց հեռախոսային խոսակցություններն ու հանդիպումները: Եվ հենց դա է պատճառը, որ հենց իրենք՝ դատական համակարգի ներկայացուցիչները, նոր բացահայտումների են սպասում»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play