Մինսկի համանախագահությունը ջնջել է հակահայկական պայմանագիրը


Մինսկի համանախագահությունը ջնջել է հակահայկական պայմանագիրը

  • 31-07-2020 14:33:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի ԱԳՆ հանրային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Զայցեւը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ Մոսկվան շարունակում է ջանքը հայ-ադրբեջանական լարվածությունը թուլացնելու համար կողմերի միջեւ երկխոսության ուղղությամբ:
 
Հատկապես ինչ ջանքի մասին է խոսքը, Մոսկվան չի ներկայացնում, թեեւ ասում է դրա մասին արդեն մի քանի անգամ: Հասկանալի է, որ ջանքը լոկ շփումները կամ հեռախոսազանգերը չեն, այն պետք է ունենա բովանդակություն, որ շոշափվում է այդ զրույցների ընթացքում: Ո՞րն է բովանդակությունը, հաշվի առնելով այն, որ առավել եւս տավուշյան զարգացումներից հետո թե Երեւանը, թե Բաքուն էապես կոշտացրել են իրենց առանց այդ էլ իրարամերժ դիրքորոշումները:
 
Մյուս հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան երկխոսության ջանք է դիտարկում նաեւ ռուս-թուրքական շփումը, որ տեղի է ունեցել արտգործնախարարների, հետո նախագահների մակարդակով:
 
Այստեղ էական է հասկանալ, կա՞ արդյոք բանակցության կամ խաղաղ գործընթացի ձեւաչափ փոխելու նպատակ կամ միտում: Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից Բաքվի ու Անկարայի դժգոհությունը հայտնի է վաղուց: Ինչ է մտածում Ռուսաստանն այդ առնչությամբ: Մոսկվան անշուշտ դեմ չէր լինի ունենալ միանձնյա մանդատ: Բայց, դրան թերեւս դեմ կլինեն Բաքուն եւ Անկարան:
 
Մինսկի խմբի ձեւաչափի հարցում խորքային խնդիրը, սակայն, հայ-ադրբեջանական, արցախյան հարցը չէ: Մինսկի խմբի ձեւաչափի խնդիրը հայկական հարցն ու ռուս-թուրքական հարաբերությունն է, դրա այսպես ասած իրավա-քաղաքական եւ բարոյա-քաղաքական բազայով՝ ռուս-թուրքական պայմանագրերով:
 
Մինսկի խմբի ձեւաչափի ստեղծումը ռուս-թուրքական մեկդարյա հակահայկական պայմանագրերի դեմ Հայաստանի առաջին գործողության եւ հաղթանակի միջազգային լեգիտիմության արձանագրումն էր: ՄԱԿ ԱԽ երկու մշտական անդամներ՝ ԱՄՆ ու Ֆրանսիան, երրորդի՝ Ռուսաստանի ներգրավումով կազմեցին ռեգիոնալ ռազմա-քաղաքական, անվտանգային համակարգի շուրջ քննարկումների ձեւաչափ: Խոշոր հաշվով, Մինսկի խմբի եռանախագահությունը Կովկասում փոխարինել է ռուս-թուրքական պայմանագրերին, որոնք էին մինչ այդ խոշոր հաշվով սահմանում Կովկասի անվտանգության դասավորությունն ու սկզբունքները:
 
Մինսկի խումբը մեծ հաշվով նոր համակարգի, նոր սկզբունքների շուրջ դե ֆակտո պայմանագիրն է ՄԱԿ ԱԽ երեք անդամների եւ Հայաստանի միջեւ, Հայաստանը ներառյալ Արցախով, իհարկե:
 
Ռուսաստանն այդ իրավիճակում ամենաերկիմաստ դրությամբ խաղացողն է, որը իբրեւ կողմ կա թե այդ պայմանագրում, թե հակահայկական թուրքական պայմանագրում: Եվ դեռ կա նաեւ երրորդ՝ Հայաստանի հետ ռազմա-քաղաքական դաշնակցության մեծ պայմանագիրը: Մինսկի խմբի «պայմանագրի» հետ այն կարող է լինել ներդաշնակ, իսկ ահա ռուս-թուրքական եւ հայ-ռուսական պայմանագրերը սկզբունքային հակասության մեջ են, եթե Հայաստանը բարձրաձայնում է իր իրավունքները: Ռուսաստանն այդ հարցում պետք է կողմնորոշվի, թե ինչն է ընտրում՝ 3-1, թե 3-2 տարբերակը: Հրաժարվու՞մ է Մինսկի խմբի եռանախագահության եւ Հայաստանի հետ մեծ պայմանագրերից, թե՞ ռուս-թուրքական պայմանագրերից, որոնց դարը լրանում է 2021 թվականին:
 
Թեեւ, խոշոր հաշվով ընտրությունն այլեւս Ռուսաստանին չէ, քանի Մինսկի եռանախագահության ձեւաչափից Ռուսաստանը չէ, որ կարող է հրաժարվել, այլ ԱՄՆ եւ Ֆրանսիան: Նրանք չունեն հրաժարվելու մտադրություն, ըստ այդմ՝ Ռուսաստանի համար այդ ձեւաչափից դե յուրե կամ դե ֆակտո հրաժարումը կնշանակի հրաժարում Կովկասում ապագա դերակատարումից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play