Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է բնական գազի շահագործման անվտանգության կանոններին, կորոնավիրուսային իրավիճակին


Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է բնական գազի շահագործման անվտանգության կանոններին, կորոնավիրուսային իրավիճակին

  • 27-08-2020 11:52:55   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգի քննարկումը, անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին: Վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել է․
 
«Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում, և Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, գազի պայթյունից, ըստ էության, ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանի Հանրապետությունում, ինչը ևս մեկ անգամ մեր բոլորի  ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Իհարկե, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի շրջանակում կպարզվեն գործի բոլոր հանգամանքները: Բայց, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին: 
 
Այս պահին կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ՝ մինչև նրանց հետագա հարցերի քննարկումը և լուծումը: Մի շարք քաղաքացիներ, ընտանիքներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների բնակարաններում կամ իրենց ունեցած այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ:
 
Հաջորդ խնդիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակն է: Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ ցուցանիշ: Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք ենք ունեցել, նաև հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938 հետազոտությունից: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: 
 
Ըստ էության, կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամաճարակային կանոնների պահպանման որակի հետ, ինչը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված: Եվ կրկին ցանկանում եմ կոչ անել, խնդրել, որպեսզի մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում: Մանավանդ մենք կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել, այսինքն՝ նկատի ունեմ կանոնները պահպանելը զուտ ֆիզիկապես հիմա ավելի հեշտ է, քան նախկինում:
 
Ցավոք, երեկվա դեպքի հետևանքով նաև զոհ ենք ունեցել: Մենք ցավում ենք այդ դեպքի համար և ցավակցություն ենք հայտնում գազի պայթյունի հետևանքով զոհի հարազատներին, մտերիմներին և, իհարկե, կորոնավիրուսի հետևանքով մահացած մեր քաղաքացիների հարազատներին: Այս պահի դրությամբ ունենք 864 մահ կորոնավիրուսից և 265 մահ կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահն արձանագրվել է այլ պատճառներով»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play