90 տարեկանում կյանքից հեռացել է իրանահայ գործարար-բարերար Լևոն Ահարոնյանը


90 տարեկանում կյանքից հեռացել է իրանահայ գործարար-բարերար Լևոն Ահարոնյանը

  • 28-08-2020 13:47:30   |   |  Հասարակություն

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժողովրդի լավագույն ու վաստակած զավակներից մեկը՝ իրանահայ գործարար-բարերար Լևոն Ահարոնյանը։ 
 
Նա Հայաստանի անկախացման առաջին օրերից  նոր տնտեսահարաբերություններին անցնելու դժվարին իրավիճակից մինչև այսօր  հնարավորինս ամեն ինչ արեց մեր երկրի տնտեսությանը զորակցելու, մասնավորապես հայ-իրանական տնտեսական հարաբերություններում նոր մոտեցում ձևավորելու գործում։ 1993 թվականին նա հիմնադրեց և զկյանս ղեկավարեց Իրան-Հայաստան առևտրային պալատը, որը ակտիվացրեց հայ և իրանցի գործարարների շփումները, փոխադարձ գործարար համաժողովների, ցուցահանդեսների ու համատեղ ծրագրերի իրականացումը։ 
 
Այդ հայանպաստ գործունեության համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Լևոն Ահարոնյանին պարգևատրեց Միության Ոսկե մեդալով և այլ պարգևներով։ Լևոն Ահարոնյանի ղեկավարության օրոք հայ–իրանական «Սաթի»  ավիաընկերությունը դարձավ խոշոր կազմակերպություն և լուրջ ներդրում ունեցավ Թեհրան-Երևան չվերթի իրականացման գործում։
 
Նա Հայաստանում բազում բարեգործական  լուրջ ծրագրեր է իրականացրել, որոնց մասին համեստորեն չէր բարձրաձայնում։ Իր հիմնադրած «Լույս» ամսագիրը նկատելիորեն աշխուժացրեց հայ-իրանական մշակութային կապերն ու փոխայցելությունները։ 
 
1999 թվականին լույս տեսավ Լևոն Ահարոնյանի «Փոթորկոտ կյանքիս օրերը» ստվարածավալ երկհատորյակը պարսկերեն և հայերեն լեզուներով։
 
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես ցավակցում է Ահարոնյանների ընտանիքին և երախտագիտությամբ հիշում լավագույն հայորդու բարի գործերը։ 
 
 
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play