Ծառուկյանին կկալանավորե՞ն. հաջորդ քայլը


Ծառուկյանին կկալանավորե՞ն. հաջորդ քայլը

  • 23-09-2020 18:44:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Սեպտեմբերի 23-ին տեղի չի ունեցել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաքննության նիստը՝ Ծառուկյանն ու փաստաբանները չեն ներկայացել դատարան: Նրանք հայտնում են, թե պատշաճ չեն եղել ծանուցվել, թեեւ մյուս կողմը պնդում է հակառակը:
 
Այն, որ ԲՀԿ նախագահն ու փաստաբանները չեն գնացել նիստի, թերեւս վկայում է, որ նրանք չունեն որեւէ դրական արդյունքի սպասում: Կկալանավորվի՞ ԲՀԿ նախագահն այս անգամ, թե ոչ:
 
ԲՀԿ-ն Հայրենիք ու ՀՅԴ կուսակցությունների հետ հայտարարել է համապետական հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին: Եթե Ծառուկյանը կալանավորվի մինչ այդ, ապա նա փաստացի կդառնա թե հանրահավաքի, թե ընդհանրապես եռյակի գործակցության ձեւաչափի «գլխավոր հերոսը», եւ ընդհանրապես ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի որոշակի շրջանակի գլխավոր հերոս: Նա կլինի հայտարարված քաղբանտարկյալ, ում հանդեպ կձեւավորվի ընդդիմադիր բարոյական պարտավորության մի շրջանակ:
 
Այդ հանգամանքը կարող է ունենալ երկակի ազդեցություն: Ծառուկյանը մի կողմից կդառնա առաջնորդ, մյուս կողմից՝ դուրս բերվելով անմիջական խաղից եւ վերածվելով «ընդդիմության սրբապատկերի», ԲՀԿ նախագահն այդուհանդերձ կարող է կանգնել դիրքերի կորստի առաջ, ինչից կօգտվեն նրա ներկայիս ուղիղ թե անուղղակի գործընկերները, որոնք խորքային առումով իհարկե նրա մրցակիցներն են:
 
Մյուս կողմից, իքս պահին ազատվելով կալանքից, Ծառուկյանը կամա թե ակամա կարող է քանդել այդ ընթացքում առանց իրեն ձեւավորվող որոշակի մեխանիզմ, ինչպես օրինակ նշմարվեց Ռոբերտ Քոչարյանի պարագայում:
 
Օրերս հրապարակված հայտնի «Դոսյեի» համատեքստում դիտարկելով իրավիճակը, Գագիկ Ծառուկյանի կալանավորումը կարող է ստացվել պատասխան այն մեխանիզմին, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու առումով նրակարագված էր «Դոսյեում»: Այդ դեպքում կա երկու հանգամանք: Ծառուկյանը կամովի՞ն է ներգրավված այդ մեխանիզմում՝ եթե իհարկե ներգրավված է, ինչի պատասխանը պետք է տան թերեւս դա պարզելու հնարավորություն ունեցող կառույցները, թե՞ Ծառուկյանին ներքաշում են ինչ ինչ հանգամանքներ օգտագործելով:
 
Այդ պարագայում իհարկե ԲՀԿ նախագահի համար կալանքը կարող է լինել կամա թե ակամա ավելի խորը չներքաշվելու հնարավորություն:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play