Ըստ Հայկ Դեմոյանի, Թուրքիան իր բոլոր քայլերը նախապես<br /> հաշվարկել է<br />


Ըստ Հայկ Դեմոյանի, Թուրքիան իր բոլոր քայլերը նախապես
հաշվարկել է

  • 06-04-2009 17:05:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, այսօր Արեւմուտքը ցանկանում է հայ-թուրքական սահմանը բաց տեսնել, ինչը Թուրքիայի համար անհարմարություններ է առաջացնում: Ինչպես Հ.Դեմոյանը նշեց ապրիլի 6-ի ասուլիսում, սահմանի բացման հավանականությունը խնդիրներ է առաջացնում թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Բացի այդ, ըստ բանախոսի, թուրքական իշխանությունները ստիպված են սեփական հանրությանն ինչ-որ կերպ ցույց տալ, որ իրենք սահմանի բացման հարցում ԱՄՆ-ի ճնշմանը չեն ենթարկվում: «Մի խոսքով, սահմանի բացման առումով մանեւրելու Թուրքիայի հնարավորությունը դարձել է սահմանափակ»,- ասաց Հ.Դեմոյանը: Նա հավելեց, որ եվրոպական ԶԼՄ-ներում քննադատության է արժանացել թուրք պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունը, թե սահմանը չի կարող բացվել, քանի դեռ կա ԼՂ հակամարտությունը: Հ.Դեմոյանի խոսքերով, հայ հասարակությունը «սահմանի բացում» ասելով` պատկերացնում է թուրքերի մոտալուտ արշավ կամ հարձակում: Մինչդեռ, ըստ նրա, խոսքը գնում է ընդամենը երկու ուղեկալի բացման մասին: Հ.Դեմոյանը հավելեց, որ այդ ուղեկալների բացման շնորհիվ կկատարվեն բեռնափոխադրումներ եւ կապ կհաստատվի արտաքին աշխարհի հետ: «Սահմանի բացման առավելությունները Հայաստանի համար հսկայական են»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ ամեն դեպքում հայերը պետք է զգույշ լինեն: «Եկեք միամիտ չլինենք. Թուրքիան իր բոլոր քայլերը նախապես հաշվարկել է: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան դաշնակիցն է այն երկրի, որի հետ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ»,- ասաց Հ.Դեմոյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական