Ըստ Հայկ Դեմոյանի, Թուրքիան իր բոլոր քայլերը նախապէս<br /> հաշուարկել է<br />


Ըստ Հայկ Դեմոյանի, Թուրքիան իր բոլոր քայլերը նախապէս
հաշուարկել է

  • 06-04-2009 17:05:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյանի, այսօր Արեւմուտքը ցանկանում է հայ-թուրքական սահմանը բաց տեսնել, ինչը Թուրքիայի համար անյարմարութիւններ է առաջացնում: Ինչպէս Հ.Դեմոյանը նշեց ապրիլի 6-ի ասուլիսում, սահմանի բացման հաւանականութիւնը խնդիրներ է առաջացնում թուրք-ադրբեջանական յարաբերութիւններում: Բացի այդ, ըստ բանախօսի, թուրքական իշխանութիւնները ստիպուած են սեփական հանրութեանն ինչ-որ կերպ ցոյց տալ, որ իրենք սահմանի բացման հարցում ԱՄՆ-ի ճնշմանը չեն ենթարկվում: «Մի խօսքով, սահմանի բացման առումով մանեւրելու Թուրքիայի հնարաւորութիւնը դարձել է սահմանափակ»,- ասաց Հ.Դեմոյանը: Նա յաւելեց, որ եւրոպական ԶԼՄ-ներում քննադատութեան է արժանացել թուրք պաշտօնեաներից մէկի այն յայտարարութիւնը, թէ սահմանը չի կարող բացուել, քանի դեռ կայ ԼՂ հակամարտութիւնը: Հ.Դեմոյանի խօսքերով, հայ հասարակութիւնը «սահմանի բացում» ասելով` պատկերացնում է թուրքերի մօտալուտ արշաւ կամ յարձակում: Մինչդեռ, ըստ նրա, խօսքը գնում է ընդամէնը երկու ուղեկալի բացման մասին: Հ.Դեմոյանը յաւելեց, որ այդ ուղեկալների բացման շնորհիւ կկատարուեն բեռնափոխադրումներ եւ կապ կհաստատուի արտաքին աշխարհի հետ: «Սահմանի բացման առաւելութիւնները Հայաստանի համար հսկայական են»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ ամէն դէպքում հայերը պէտք է զգոյշ լինեն: «Եկեք միամիտ չլինենք. Թուրքիան իր բոլոր քայլերը նախապէս հաշուարկել է: Չպէտք է մոռանալ, որ Թուրքիան դաշնակիցն է այն երկրի, որի հետ մենք գտնւում ենք չյայտարարուած պատերազմի մէջ»,- ասաց Հ.Դեմոյանը:
  -   Քաղաքական