ՍԾՏՀ-ի անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումն<br /> առաջին անգամ անցավ Հայաստանի նախագահությամբ<br />


ՍԾՏՀ-ի անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումն
առաջին անգամ անցավ Հայաստանի նախագահությամբ

  • 27-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 27-ին Երեւանում կայացավ Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի եւ Սեւծովյան տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապահովմանն ուղղված ծրագրերը: Հայաստանի նախագահությամբ առաջին անգամ անցակցված այս հանդիպմանը ՍԾՏՀ-ի անդամ 12 երկրներից չէին մասնակցում միայն երկուսը` Ալբանիան եւ Ադրբեջանը: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, հանդիպմանը քննարկվեցին ՍԾՏՀ-ի օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման, Սեւծովյան տարածաշրջանում ծովային ուղիների մշակման, տարածաշրջանում բեռնափոխադրումների դյուրինացման հետ կապված հարցեր: Քննարկվող հարցերի շրջանակում էր նաեւ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման խնդիրը: Չնայած հանդիպմանը Թուրքիայի նախարարի մասնակցությանը, հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության հարցը, ըստ նախարարի, քննարկել չէր նախատեսվում: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը, Սեւծովյան տարածաշրջանում օղակաձեւ մայրուղի կառուցելու վերաբերյալ մեմորանդումը ՍԾՏՀ-ի անդամ երկրների կողմից ստորագրվել է 2007թ.-ին եւ ուժի մեջ է մտել 2008թ.-ի նոյեմբերի 1-ից: Ծրագրի շրջանակներում գործող մշտական տեխնիկական քարտուղարությունը կազմակերպության բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին բաժանել է հարցաթերթիկներ, որոնց մոտ ժամանակներս սպասվող ամփոփումը հնարավորություն կտա ստեղծելու օղակաձեւ մայրուղու քարտեզը, որում կնդգրկվեն արդեն գործող եւ կառուցվելիք ճանապարհները: Ըստ Ա.Սարգսյանի, դրանք պետք է համապատասխանեն միմնիմալ եվրոպական չափանիշներին, մասնավորապես` ունենան ասֆալտային ծածկույթ եւ առնվազն 6 մ լայնություն: Նա նշեց, որ Հայաստանում այդ չափանիշներին համապատասխանող ճանապարհներ կան: Ըստ Ա.Սարգսյանի, ՍԾՏՀ-ի շրջանակներում շրջանառվում են եւս երկու մեմորանդումներ` կապված տարածաշրջանում ծովային երթուղիների եւ բեռնափոխադրումների դյուրացման հետ: Վերջինը մասնավորապես ենթադրում է բեռնատարների վարորդներին վիզաների տրամադրման հեշտացված կարգ եւ այն առայժմ ստորագրել են ՍԾՏՀ-ի անդամ 4 երկրներ, որոնց թվում է նաեւ Հայաստանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play