Վարդան Խաչատրյան. «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել<br /> ընտրություններին, որպեսզի ընդդիմադիր զանգվածի ձայները չփոշիանան<br />


Վարդան Խաչատրյան. «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել
ընտրություններին, որպեսզի ընդդիմադիր զանգվածի ձայները չփոշիանան

  • 25-03-2009 16:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որոշելով չմասնակցել Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին, «Ժառանգություն» կուսակցությունը ցուցաբերեց քաղաքագիտական ճշգրիտ մոտեցում, որը Հայ Ազգային կոնգրեսին (ՀԱԿ) հնարավորություն կտա առավելագույն քվեներ ստանալ: Այս մասին մարտի 25-ի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը : Նրա խոսքերով, ի սկզբանե «Ժառանգությունը» գտնում էր, որ ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով ընտրարշավին մասնակցելը հնարավորություն կտա կոտրել ռեժիմի դիմադրությունը: Սակայն, ինչպես հավելեց Վ.Խաչատրյանը, երբ ՀԱԿ-ի հետ բանակցությունները արդյունք չտվեցին, «Ժառանգությունում» որոշեցին գնալ ծայրահեղ քայլի` հրաժարվել ընտրություններում սեփական մասնակցությունից, որպեսզի ընդդիմադիր զանգվածի ձայները չփոշիանան: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» պատրաստվում է ընտրական հանձնաժողովների իրեն հասանելիք տեղերը զիջել ՀԱԿ-ին, Վ.Խաչատրյանը նշեց, որ այդպիսի քայլը իրավաբանական տեսանկյունից նոնսենս է: Միաժամանակ նա հավաստիացրեց, որ քարոզարշավի ընթացքում եւ ընտրությունների օրը «Ժառանգության» ներկայացուցիչները համագործակցելու են ՀԱԿ-ի հետ: «Արդյո՞ք «Ժառանգությունը» մասնակցելու է ընդդիմության նախընտրական քարոզարշավին» հարցին ի պատասխան Վ.Խաչատրյանը նշեց, որ իրենք միշտ ժողովրդի հետ են լինելու: Իսկ ասուլիսին ներկա «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասաց, որ կուսակցությունը ցանկացած հանրահավաքի մասնակցելու հարցում իր շարքային անդամներին ազատ կողմնորոշվելու հնարավորություն է տվել: Անդրադառնալով ընդդիմադիր թերթերում «Ժառանգության» վերաբերյալ օրեր առաջ հնչեցված գնահատականներին, Վ.Խաչատրյանը նշեց, որ «նման լուտանքներին» իրենք «հայրական մեծահոգությամբ» են վերաբերվում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play