Հայաստանի Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Բջնի»
գործարանի հարկադիր վաճառքի աճուրդը
19-03-2009 22:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վարչական
դատարանը` դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, մարտի 19-ին
անվավեր է ճանաչել «Բջնի» հանքային ջրերի գործարանի հարկադիր
վաճառքի աճուրդը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:
Հիշեցնենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության
գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր
էլեկտրոնային աճուրդը ավարտվել էր փետրվարի 16-ին: Աճուրդի 10 օրվա
ընթացքում կատարվել էր գնային առաջարկ, ըստ որի լոտի վաճառքի գինը
կազմել էր 4 մլրդ 441,5 մլն դրամ: Աճուրդով գործարանը ձեռք էր
բերել ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը: