Մայիսի սկզբին նախատեսվում է JICA-ի առաքելության այցը<br /> Հայաստան<br />


Մայիսի սկզբին նախատեսվում է JICA-ի առաքելության այցը
Հայաստան

  • 19-03-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բաժնի պետ Կենիչի Յամատոտոյին: Կարեւորելով գործակալության հետ սերտ համագործակցությունը, նախարարը նշել է, որ այն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգմանն ուղղված նոր վարկային ծրագրի կազմման գործընթացին, Գ.Սարգսյանը տեղեկացրել է, որ այն արդեն ավարտական փուլում է, եւ առաջիկայում փաստաթղթերը վերջնական տեսքի կբերվեն: JICA-ի ներկայացուցիչը մանրամասն ներկայացնելով գյուղական ճանապարհների վերանորոգման վարկային ծրագիրը, նշել է, որ այն կկազմի մոտ 50-100 մլն ԱՄՆ դոլար եւ կտրամադրվի արտոնյալ պայմաններով: Ըստ նրա, մայիսի սկզբին նախատեսվում է JICA-ի առաքելության այցը Հայաստան, որի ընթացքում մանրամասն կքննարկվեն վարկային համաձայնագրի պայմանները, ֆինանսավորման կոնկրետ չափը եւ ժամկետները: Կ.Յամատոտոն հավաստիացրել է, որ երկկողմ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում վարկային համաձայնագիրը Հայաստանի հետ մինչեւ տարեվերջ կստորագրվի: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի, հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ ճանապարհների պահպանության խնդրին, որի լուծման համար հնարավոր է նաեւ JICA-ի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն