Հայաստանի Կենտրոնական բանկը առաջարկում է խստացնել<br /> արժութային օրենսդրության պահանջները խախտող անձանց նկատմամբ<br /> պատասխանատվությունը<br />


Հայաստանի Կենտրոնական բանկը առաջարկում է խստացնել
արժութային օրենսդրության պահանջները խախտող անձանց նկատմամբ
պատասխանատվությունը

  • 17-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց նախօրեին քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնցով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում մի շարք գործող օրենքներում եւ օրենսգրքերում: Այդ թվում առաջին ընթերցմամբ ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկված փոփոխությունների փաթեթը: Վերջինի նպատակը, ըստ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, դոլարիզացիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարն ու կանխումն է: Ըստ այդմ, առաջարկվում է խստացնել արժութային օրենսդրության պահանջները խախտող անձանց նկատմամբ պատասխանատվությունը: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները, ըստ հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանի, պայմանավորված են պետական ծառայության համակարգում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի պետական կադաստրի եւ վերջինի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակման եւ ազատման հիմքերն ամրագրող դրույթները` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հետ հնարավոր հակասությունները վերացնելու նպատակով: Ներկայումս գործող օրենքով տվյալ պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 60 տարեկան քաղաքացիները, մինչդեռ քաղծառայության մասին օրենքով քաղծառայության պաշտոնների համար տարիքային սահմանափակումը 65-ն է: Օրինագծին դեմ քվեարկեց միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը: Վերջինի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ անձամբ ինքը կողմ է տարիքայիան սահմանափակման վերացմանը բոլոր այն կառույցներում, որտեղ հատուկ պատրաստվածության հետ խնդիրներ չեն առաջանում, բայց դեմ է, «երբ օրենքները կարում են ինչ-որ մեկ անձի հագով»: Նրա պարզաբանմամբ, խոսքը վերաբերում է մամուլում տեղ գտած եւ շրջանառվող այն լուրերին, որ երկրի Նախագահը ցանկանում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, սակայն գործող տարիքային սահմանափակումը խոչընդոտում է դրա իրականացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play