Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հարկ<br /> վճարողներին կտրվեն որոշակի արտոնություններ<br />


Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հարկ
վճարողներին կտրվեն որոշակի արտոնություններ

  • 16-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային ժողովի մարտի 16-ին մեկնարկած հերթական լիագումար նիստերի օրակարգում 69 հարց է, այդ թվում ՀՀ Նախագահի կողմից վավերացման ներկայացված 10 միջազգային պայմանագիր: Օրակարգի հաստատումից հետո խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրնագծերն ու մեկ օրենսդրական փաթեթը, որոնցով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում մի շարք գործող օրենքներում: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց նաեւ «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» հանրապետական պատգամավորների հեղինակած օրինագիծը: Այն տարածվելու է համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ 2008թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկ վճարելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց վրա: Մասնավորապես, այն անձինք, ովքեր նշված ժամանակահատվածի համար հաշվարկված հարկի գումարները` առանց հաշվարկված տույժերի, կվճարեն մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, կազատվեն այդ տույժերի վճարումից: Կրկին հետաձգվեց նախկինում առաջին ընթերցմամբ քննարկված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում եւ Քրեական օրենգրքում փոփոխությունների ու լրացումների փաթեթի քվեարկությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ եւ հիմնական զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արմեն Աշոտյանը, այն քվեարկության կդրվի Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play