«Լուսակերտը» այս անգամ էլ չի պատրաստվում վճարել տուգանքը եւ դիմելու է դատարան


«Լուսակերտը» այս անգամ էլ չի պատրաստվում վճարել տուգանքը եւ դիմելու է դատարան

  • 19-04-2011 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խախտում է ՀՀ Սահմանադրությունն եւ օրենսդրության մի շարք դրույթներ։ Այս մասին ապրիլի 19-ի ասուլիսում հայտարարեց «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանը: Անցած տարվա սեպտեմբերին հանձնաժողովը «Լուսակերտին» տուգանել էր 5 միլիոն դրամի չափով` ձվի վրա արդրության ամսաթիվը չմակնշելու համար: Սակայն 5 միլիոն դրամի վարչական ակտը դատարանում բողոքարկվել է եւ ընկերությունը գործը շահել է։ Իրինա Հակոբյանի խոսքերով, պարզվել է, որ հանձնաժողովը տուգանում է տնտեսվարող սուբյեկտներին` տուգանքի հիմքում որպես ապացույց դնելով միայն իր որոշումը: «Համաձայն մեր օրենսդրության, երբ տուգանվում է տնտեսվարող սուբյեկտը, ոչ թե պետք է լինի միայն ՏՄՊՊՀ-ի որոշումը, այլեւ պետք է լինեն փաստեր, որոնք ապացուցում են այդ իրավախախտումը: Դատաքննության ընթացքում ՏՄՊՊՀ-ն նման փաստեր չկարողացավ ներկայացնել:Հանձնաժողովը բոլոր ստուգումներն անցկացնում է դիտարկման միջոցով, որովհետեւ նրանց հարմար է գործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, իսկ տնտեսվարող սուբյեկտը չի իմանում ինչպե՞ս պաշտպանվել , քանի որ գոյություն չունի կարգ»,- ասաց ընկերության իրավաբանը: Քանի որ նախադեպը կա, «Լուսակերտը» չի պատրաստվում վճարել նաեւ վերջերս նշանակված 100 միլիոնի չափով տուգանքը, որը նշանակվել է անցած տարվա դեկտեմբերի վերջերին դիտարկված թանկացումների հետ կապված: Ընկերությունը տուգանվել է 2009թ.-ի հասույթի 2 տոկոսի չափով, որը, ըստ Ի.Հակոբյանի, 100 միլիոն դրամ չի կազմել, այլ մոտ 80 միլիոն դրամ։ «Լուսակերտը» պատրաստվում է այս անգամ էլ դիմել դատարան։ «Այս որոշման մեջ առկա հաշվարկները սխալ են կատարված, հաշվի չի առնվել գյուղացիական տնտեսությունների առկայությունը, որոնք շուկայի 56 տոկոսն են կազմում: Բացի այդ, պարզ է, որ ձվի դեֆիցիտը պարզապես պայմանավորված է եղել նրանով, որ մենք Նոր տարուց առաջ սովորություն ունենք մի քանի տուփ գնել ու պահել սառնարանում` մտավախությամբ, որ այն կթանկանա»,- պատճառաբանեց ընկերության իրավաբանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play