ԱՄՆ Նևադա նահանգի Քլարքի մարզը ճանաչել է Արցախի անկախությունը


ԱՄՆ Նևադա նահանգի Քլարքի մարզը ճանաչել է Արցախի անկախությունը

  • 19-11-2020 12:00:13   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
Նոյեմբերի 17-ին Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը հռչակագիր ընդունեց, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության Ֆեյսբուքի էջից:
 
Քլարքի մարզի կառավարության շենքում տեղի ունեցած նիստին մասնակցում էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
 
Փաստաթուղթը հեղինակել են Քլարքի մարզի հանձնակատարներ Մայքլ Նեֆթը և Ջասթին Ջոնսը։ Նրանք հանդես եկան հայտարարությամբ, որում ներկայացրին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով պայմանավորված մարդասիրական ճգնաժամը, որում հայտնվել է արցախահայությունը։
 
Հռչակագիրը հանձնվեց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ դատի հանձնախմբի Նևադայի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննիսյանին։ Միջոցառմանը ներկա էին նաև Լաս Վեգասի հայկական եկեղեցիների հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դահլիճում ներկաների թիվը սահմանափակ էր համավարակի արգելքների պատճառով, ուստի բազմաթիվ ամերիկահայեր հավաքվել էին դրսում՝ Քլարքի մարզի հանձնակատարների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման փաստը ողջունելու համար։
 
Դեսպան Բայբուրդյանը գնահատանքի խոսք ասաց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ դատի հանձնախմբի Նևադայի կազմակերպության համանախագահ Լենա Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը շաբաթներ առաջ նամակով դիմել էր Նևադայի նահանգի ընտրված պաշտոնյաներին Արցախի Հանրապետության ճանաչման կոչով և համապատասխան հիմնավորումներով։
 
Քլարքի մարզը Նևադայի խոշորագույն շրջանն է, որտեղ կենտրոնացած է նահանգի 3,8 մլն բնակչության մեծ մասը՝ 2,3 միլիոնը։ Մարզը հայտնի է հատկապես զբոսաշրջային համաշխարհային կենտրոն Լաս Վեգաս քաղաքով, որտեղ տարեկան այցելում է ավելի քան 45 մլն զբոսաշրջիկ։ Քլարքի մարզը նաև ամերիկահայ համայնքի խոշոր կենտրոններից մեկն է, որտեղ ապրում է մոտ 20 հազար հայ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play