Հարեւան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը կօգնի<br /> հնարավորինս նվազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցությունները<br />


Հարեւան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը կօգնի
հնարավորինս նվազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցությունները

  • 13-03-2009 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին մարտի 13-ի հանդիպմանը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության մակարդակից, ընդգծելով, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության եւ այլ բնագավառներում փոխշահավետ գործակցության դրական արդյունքները: Այդ հաջողությունները, ըստ կողմերի, ոգեւորող օրինակ են նոր ծրագրերի ու նախագծերի մշակման եւ իրականացման համար, որոնցից շատերը Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի օրակարգում են: Նախատեսվում է, որ դրանք կքննարկվեն նաեւ Իրանի նախագահի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի ընթացքում: Տ.Սարգսյանը եւ Մ.Մոթթաքին իրականացվող հեռանկարային նախագծերի շարքում կարեւորել են, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի (տերմինալի) շինարարությունը: ՀՀ վարչապետը նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղին կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, երկուստեք նշվել է երկու երկրների միջեւ առեւտրի, ապրանքափոխանակության խթանման անհրաժեշտությունը, որի ծավալները դեռեւս հեռու են բավարար լինելուց: Անդրադառնալով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակին, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հարեւան երկրների հետ կապերի ու հարաբերությունների ամրապնդումը, համատեղ փոխշահավետ ջանքերը կօգնեն հնարավորինս նվազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցությունները, հաղթահարելու դժվարությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play