Մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. գործն ուղարկվել է դատարան


Մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. գործն ուղարկվել է դատարան

  • 09-12-2020 17:25:30   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել են «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները:
 
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2006-2019 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնավարման ընթացքում իր հետ բարեկամական կապ ունեցող անձանց նույն կազմակերպությունում աշխատանքի է ընդունել, որոնք առհասարակ աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել աշխատանքային պարտականությունները, սակայն տնօրենը վերջիններիս ոչ միայն աշխատանքից չի ազատել, այլև իր անմիջական ենթակայության տակ աշխատող գործավարի օժանդակությամբ և նրա միջոցով, ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել մարզադպրոցի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում, իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել  է դրանք և հանձնել  Վանաձորի համայնքապետարանի «Հաշվապահ» ՀՈԱԿ:
 
Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված աշխատակիցների աշխատավարձի բանկային քարտերը և ծածկագրերը տրամադրության տակ ունենալով, բանկոմատից կանխիկացրել է աշխատակիցների անվամբ հաշվարկված աշխատավարձի գումարները և անձնական կարիքների համար օգտագործելու, մարզադպրոցի՝ իրեն վստահված բյուջեից վատնման եղանակով կատարել հափշտակություն:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Իսկ դպրոցի գործավարի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել՝ գործուն զղջալու հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play