Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում գրանցվել է 806 կանչ


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում գրանցվել է 806 կանչ

  • 11-01-2021 15:52:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախում այս տարվա հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ: 
 
«Մասնավորապես վերջին 10 օրերի ընթացքում, չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: Արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում և շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:
 
Հրդեհների մասին 15 հաղորդում է արձանագրվել 2021 թվականի առաջին տասնօրյակում: Ընդ որում՝ հրդեհների  բոլոր դեպքերը պայմանավորված էին  բաց տարածքում, չոր խոտի այրվելու հետևանքով, որոնք տարածվել և ընդլայնվել էին քամու միջոցով: Հրշեջ փրկարարների շնորհիվ՝ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Վնասի մակերեսը ճշտվում է:  Արձանագրված հրդեհներից  տուժածներ չեն եղել:
 
Նույն ժամանակահատվածում ԱԻ 911 ահազանգման կենտրոնում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 2 դեպք՝ 1 տուժածով: Փրկարարները նրան  տեղափոխել են բժշկական կենտրոն, իսկ  վիճակը գնահատվում է բավարար:
 
Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային կանչերի վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես պայմանավորված  էին՝ ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման խնդիրներով:
 
Նոր տարվա առաջին օրերին փրկարարները  քաղաքացիներին տրամադրել են  ավելի քան  150  խորհրդատվություն:
 
ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:
 
Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ»,-նշված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:
 
 Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play