Հայաստանի ՔրՕր-ի 225 եւ 300 հոդվածներում փոփոխությունների<br /> օրինագիծը հնարավոր է քննարկվի ԱԺ-ի հաջորդ քառօրյա նիստերում<br />


Հայաստանի ՔրՕր-ի 225 եւ 300 հոդվածներում փոփոխությունների
օրինագիծը հնարավոր է քննարկվի ԱԺ-ի հաջորդ քառօրյա նիստերում

  • 05-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 («Զանգվածային անկարգություններ») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 5-ին գումարել է իր անդրանիկ նիստը: Խմբի ղեկավար, ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում նախատեսվող փոփոխությունների նպատակը երկուսն են` իրավական որոշակիության սկզբունքի արտացոլումը նշված հոդվածներում եւ դրանց համապատասխանեցումը եվրոպական չափանիշերին: Անդրադառնալով քննարկվող հոդվածներին, նա ասել է, որ դրանց իրավական ձեւակերպումները հաջողված չեն. մասնավորապես 300 հոդվածը, որը վերաբերում է իշխանության յուրացմանը, ինքնահակասական նախադասություն է, քանի որ ասվում է` իշխանության զավթում` առանց Սահմանադրությունը խախտելու: Նշվել է այլ օրինակ եւս` «Ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները»: Ըստ նրա, նախ պետք է սահմանել, թե ինչ է «սահմանադրական կարգը», քանի որ հոդվածի ձեւակերպումը տարածական մեկնաբանությունների տեղիք է տալիս: 225 հոդվածի առնչությամբ էլ, որը վերաբերում է զանգվածային անկարգություններին, նշվել է, որ այն չի սահմանում, թե ինչը կարելի է համարել զանգվածային անկարգություն: Նիստից հետո Դ.Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ նիստը զուտ աշխատակարգային էր. խումբը ծրագրավորել է իր հետագա անելիքը: Բացի այդ, խմբի անդամներից երեքը ներկայացրել են լրամշակվելիք հոդվածների վերաբերյալ իրենց վերլուծությունները, որոնք առաջիկայում կդառնա քննարկման առարկա: Դ.Հարությունյանը հույս հայտնեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հրավիրվելիք նիստում խումբը քննարկման համար արդեն կունենա որոշակի գրավոր նյութ: Նա չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում խումբը կհրավիրի տեղական փորձագետներ, իսկ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մինչեւ երկրորդ ընթերցումը դիմի նաեւ եվրոպական փորձագետներին: Խմբի ղեկավարի կարծիքով, եթե աշխատանքը ընթանա ծրագրված հունով, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ի փետրվարի 23-ին մեկնարկելիք քառօրյա նիստերում ՔրՕր-ի երկու հոդվածներում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը կներկայացվի առաջին ընթերցմամբ քննարկման:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play