ԿԳՄՍ փոխնախարարները հանդիպել են բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ


ԿԳՄՍ փոխնախարարները հանդիպել են բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ

  • 11-03-2021 20:38:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են պետական բուհերի արտաքին կապերի պատասխանատու պրոռեկտորների հետ: Հանդիպման նպատակն էր առավել արդյունավետ դարձնել ԿԳՄՍ նախարարության և բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև քննարկել բուհերի միջազգայնացմանն ուղղված մի շարք հարցեր:
 
Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նախարարության արտաքին կապերի, սփյուռքի և զարգացման ծրագրերի ոլորտները, առանձնացրել է օրակարգային այն երեք հարցերը, որոնք քննարկվել են պրոռեկտորների հետ: Առաջին հարցը վերաբերում էր տարբեր միջպետական, միջբուհական պայմանագրերով, ինչպես նաև ՀՀ գործընկերությամբ պայմանավորված՝ արտերկրում կրթություն ստանալու հնարավորություններին:
 
«Մեր խնդիրն է այնպես անել, որ բուհերի ուսանողներն առավելագույնս տեղեկացված լինեն այդ հնարավորության մասին, և մեծ թվով շահառուներ մասնակցեն շարժունության ծրագրերին: Այսինքն՝ տեղեկատվության հասանելիության և իրազեկության խնդիրն այստեղ առաջնային նշանակություն ունի»,- նշել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ օրակարգի մյուս հարցը վերաբերում է բուհերի միջազգայնացմանը:
 
«Բուհերը պետք է իրենց հետաքրքրող մասնագիտությունները որպես պահանջարկ ձևակերպեն միջազգային հետաքրքրության և արտերկրի բուհերի հետ գործընկերության տեսանկյունից և ներկայացնեն ԿԳՄՍ նախարարությանը: Այն՝ որպես լիազոր մարմին, կամփոփի և որպես պահանջարկ կձևակերպի ԱԳՆ-ի և դեսպանների միջոցով՝ արտերկրի համապատասխան բուհերին վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
 
Անդրադառնալով օրակարգի մյուս՝ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակում համագործակցության հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ այն միջբուհական կապերը նաև ԱՊՀ տարածքում ընդլայնելու լավ հնարավորություն է, և այդ առումով ՀՀ մի շարք բուհեր ունեն համագործակցության հաջողված փորձ:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով համակարգում է բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտը, իր հերթին նշել է, որ բուհերի միջազգայնացման խնդիրն այսօր օրակարգային հարց է:
 
«ՀՀ բուհերն այսօր իրենց կրթությունն արտահանելու հնարավորություն ունեն, բայց այն ամբողջությամբ չեն օգտագործում: Եթե բուհն օտար լեզվով կրթություն տրամադրելու հնարավորություն ունի, ապա պետք է ուսումնասիրի շուկան և իր առաջարկը ներկայացնի ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի համակարգված կերպով կարողանանք մեր երկրի կրթական ծառայությունները ներկայացնել արտերկրի բուհերին: Եթե ՀՀ բուհերը ցանկանում են մտնել միջազգային վարկանիշային ցանկեր, ապա պետք է մեծացնեն օտարերկրյա ուսանողների քանակը, քանի որ վարկանիշավորման չափանիշներից մեկը հենց դա է: Մեր բուհերն ունեն գիտական մեծ ներուժ, որը ևս տարբեր ուղղություններով կարող է ծառայել միջազգային համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ այդ ամենի նպատակը որակյալ կրթություն ապահովելն է:
 
Հանդիպման ընթացքում բուհերի արտաքին կապերի պատասխանատուները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բուհերը բախվում են միջազգայնացման տեսանկյունից: Դրանք հիմնականում վերաբերել են ուսանողների և դասախոսների՝ օտար լեզվի իմացության ոչ բավարար մակարդակի, դիպլոմների փոխճանաչման և մի շարք այլ հարցերի:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play