Հայաստանը այս տարի եւս հայտնվել է «մասնակի ազատ» երկրների<br /> շարքում<br />


Հայաստանը այս տարի եւս հայտնվել է «մասնակի ազատ» երկրների
շարքում

  • 19-01-2009 16:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ֆրիդըմ հաուզ» միջազգային կազմակերպության «Ազատությունը աշխարհում» զեկույցի համաձայն, Հայաստանը 193 երկրների շարքում այս տարի եւս հայտնվել է «մասնակի ազատ« երկրների ցանկում: Այս մասին հունվարի 19-ի ասուլիսում հայտնեց Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խատլամաջյանը: Ըստ զեկույցի, 193 երկրներից ազատ են 89-ը կամ 46%-ը, մասնակի ազատ` 62-ը կամ 32%-ը, ոչ ազատ` 42-ը կամ 22%-ը: Հայաստանի հարեւան երկրներից Վրաստանը գտնվում է մասնակի, իսկ Ադրբեջանը` ոչ ազատ երկրների շարքում: Հետազոտության արդյունքում 1-7 միավորների սանդղակում (որքան միավորը ցածր է` այնքան լավ) գնահատական է տրվում տվյալ երկրի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների համար: Հայաստանին այս տարի տրվել է, համապատասխանաբար, 5 եւ 4, իսկ Ադրբեջանին` 6 եւ 5 միավորներ: Շ.Խատլամաջյանը նշեց, որ հետազոտություն են անցկացվել նաեւ ՄԱԿ-Ի կողմից չճանաչված 16 երկրներում, այդ թվում ԼՂՀ-ում: Ըստ այդմ, ԼՂՀ-ը նույնպես համարվել է մասնակի ազատ երկիր, իսկ երկրի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների համար տրվել է 5-ական միավոր: Շ.Խատլամաջյանի դիտարկմամբ, հետազոտության որոշ գնահատականներ իրականությանը կամ չեն համապատասխանում, կամ շատ խիստ են ներկայացված: Մասնավորապես, զեկույցում նշված է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ոչ բոլոր իրավուքներն են հարգված, մինչդեռ այդ մասին ոչինչ գրված չէ Վրաստանին վերաբերվող զեկույցում: Նրա կարծիքով, հետազոտություններ անցկացնող մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում «Ֆրիդըմ հաուզ»-ը, ունեն շատ ուղղակի եւ շոշափելի քաղաքական նպատակներ. նման հարցումներով փորձվում է երկրում ստեղծել հասարակական անհամաձայնության մթնոլորտ: Այդ առումով, Շ.Խատլամաջյանի կարծիքով, կարելի է ենթադրել, «որ Հայաստանի ընդդիմությունը շատ լավ զգում է արեւմուտքի սատարումը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play