Մեդալների հաշվարկով Հայաստանի ծանրամարտի հավաքականը 3-րդն է Եվրոպայի առաջնությունում


Մեդալների հաշվարկով Հայաստանի ծանրամարտի հավաքականը 3-րդն է Եվրոպայի առաջնությունում

  • 12-04-2021 20:20:45   | Հայաստան  |  Սպորտ

Մոսկվայում ավարտվեց  Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:  Այն տղամարդկանց  առումով թվով 99 –րդ, իսկ կանանց ՝ 33 –րդ ստուգատեսն էր:
 
Հայաստանի օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանից մրցահարթակ ելան տասը տղամարդ և չորս կին: Նրանք սպասելիքներն արդարացրին:
 
Չեմպիոնի պատվին արժանացավ էջմիածինցի Կարեն Ավագյանը / 89 կգ /, որը երկամարտում ցույց տվեց 375 կգ / 175կգ + 200կգ / արդյունք:
 
Գերազանց մրցելույթներով աչքի ընկավ նաև գյումրեցի Սամվել Գասպարյանը / 102 կգ / : Նա պոկեց 176 կգ, հրեց 214կգ և երկամարտի 390 կգ ցուցանիշով վստահորեն գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնական ոսկին: Հաճելի է, որ նույն քաշային կարգում երկրորդ տեղը գրավեց էջմիածինցի Արսեն Մարտիրոսյանը՝ 380կգ / 171կգ + 209կգ /: Ճիշտ է Արսենը Սամվելից ետ մնաց  ամբողջ 10 կիլոգրամով , բայց առաջին անգամ Եվրոպայի մեծահասակների ստուգատեսում մեդալակիր դարձած այդ երիտասարդը   հիրավի տղամարդկություն ցուցադրեց: Նա կամքի աներևակայելի ուժ դրսևորեց և  մեկ կիոլգրամով առաջ անցավ փորձառու բաքվեցի Դադաշ  Դադաշբայլիից , որին պոկումում զիջել էր  վեց կիլոգրամով:
 
Հապա Եվրոպայի արդեն եռակի փոխչեմպիոն, մեր հրաշալի մարդ – ծանրորդ, գյումրեցի գերծանրքաշային Գոռ Մինասյանը . . .  Բարեկիրթ,  զուսպ  ու համեստ այդ երիտասարդը տղամարդավարի պայքարեց անպարտելի Լաշա Տալախիձեի դեմ: Պատվասեր գյումրեցին մրցահարթակի վրա հանդես եկավ վստահ, անմնացորդ ներդրեց  բոլոր ուժերը և 464կգ / 216կգ + 248կգ /  արդյունքով արժանիորեն նվաճեց արծաթե մեդալը: Նրա շնորհալի կրտսեր համաքաղաքացի Վարազդատ Լալայանի նորամուտը աշխարհամասի ստուգատեսում նշանավորվեց բրոնզե մեդալով՝ 445կգ / 205կգ + 240կգ / :
 
Ունենք նաև բրոնզե երկյակ: Վարազդատի մասին արդեն նշեցինք: Մյուսը՝ էջմիածինցի շնորհալի Անդրանիկ Կարապետյանն է / 89 կգ / ,որը ծանր վնասվածք ստանալուց  ու դրան հաջորդած  երկարատև բուժումից հետո կարողացավ ցույց տալ 365կգ / 170կգ + 195կգ / արդյունք ու նպաստեց մեր հավաքականի հաջողությանը:
 
Ոսկե մեդալ էր ակնկալվում Սիմոն Մարտիրոսյանից / 109կգ /: Ճիշտ է, նա պոկում վարժությունում երկու անհաջող փորձից հետո,  երրորդ մոտեցումով բարձրացրեց 190կգ ծանրաձողը ու դարձավ  ոսկե մեդալակիր, բայց հրում վարժությունում  0 ստացավ և հուսախաբ արեց:
 
Սիմոնը  բնածին օժտված, հիրավի տաղանդավոր մարզիկ է: Կարծում ենք , որ նա ավելի ուշադիր կլինի օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում և չեմպիոնական մրցելույթներ կունենա Տոկիոյում: Աշխարհասփյուռ հայ մարզասերը հավատում է իր սիրելի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին:
 
Կանանց մրցաշարի երկամարտում կայուն մրցելույթներով աչքի ընկավ Լիանա Գյուրջյանը / 81 կգ/:Երևանցի մարզուհին պոկեց 98կգ, հրեց 129կգ և երկամարտի 227կգ արդյունքով գրավեց պատվավոր երրորդ տեղը:
 
Թիմային պայքարում մեր հավաքականը հինգերորդն է, իսկ մեդալների հաշվարկով ՝ երրորդը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play