Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում<br /> ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ<br />


Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում
ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ

  • 04-12-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հանձնարարականներ են տրվել բոլոր նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին, ինչպես նաեւ խնդրանք-առաջարկ Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի ներկայացնեն առաջարկություններ բիզնեսի զարգացման վերաբերյալ, բացահայտեն առկա տնտեսական պոտենցիալը, եւ այն ծրագրերը, որոնք կարելի է իրականացնել կառավարության աջակցությամբ: Այս մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ աշխատանքները կոորդինացնելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով վարչապետի ղեկավարությամբ, որն աշխատելու է օպերատիվ ռեժիմով: Տ.Սարգսյանը նշեց, որ բոլոր գերատեսչություններին եւ նախարարություններին հանձնարարվել է ամփոփել այն առաջարկությունները, որոնք ստացվել են մասնավոր հատվածից: Առաջարկություններն ունենալու են երկու ուղղություն` մեկն այն է, որ ձեռնարկություններն ունեն գրագետ եւ պատրաստված մենեջմենթ, որը ներկայացնում է հստակ ծրագիր, որով նկարագրվում են այն բարդությունները, որոնք առկա են եւ այն առաջարկությունները, թե ինչպես պետությունը կարող է օգնել տվյալ ձեռնարկություններին այդ բարդությունները հաղթահարելու համար: Երկրորդը` եթե ձեռնարկությունները չունեն բավարար աստիճանի կառավարման համապատասխան մակարդակ, ու պետությունը պետք է օգնի մշակելու բիզնես ծրագրեր եւ իրականացնելու այդ բիզնես ծրագրերը: Այդ պարագայում, ըստ վարչապետի, չի բացառվում պետության մասնակցությունը այդպիսի ձեռնարկություններում, ինչի շնորհիվ պետությունը որոշակի լծակներ ձեռք կբերի կառավարման համակարգում նշված ծրագրերն արդյունավետ իրականացնելու: «Այսինքն, այն գործիքակազմը, որ մենք առաջարկում ենք, շատ ճկուն է եւ բազմազան: Մենք ակնկալում ենք, որ մեր մասնավոր հատվածն ինքը նույնպես պետք է ջանքեր գործադրի նախապատրաստվելու բոլոր այդ բացասական հետեւանքները հաղթահարելուն, իսկ պետությունն ունի բավարար հնարավորություններ, միջոցներ, որպեսզի կարողանանք նրանց օժանդակել»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play