Լեյդենի համալսարանում բացվել է «Հայեր: Հնագույն<br /> քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը<br />


Լեյդենի համալսարանում բացվել է «Հայեր: Հնագույն
քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը

  • 07-05-2010 15:26:00   | Նիդեռլանդներ  |  Հասարակություն
ԼԵՅԴԵՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեյդենի համալսարանի գրադարանում մայիսի 6-ին բացվել է «Հայերը: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը` նվիրված 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350-ամյակին: Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ համալսարանականներ, ուսանողներ, Նիդերլանդների հայկական համայնքների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յ.Վայտենբերգի եւ Արեւելյան ցուցանմուշների համակարգող Արնոլդ Ֆրոլայկի կողմից: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանն ունեցած ելույթում Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանն ընդգծել է, որ 5-րդ դարում հայկական գրերի գյուտը դարձավ մշակութային այն հզոր ազդակը, որի շնորհիվ հայ պատմագրությունը, թագմանչական արվեստը, պոեզիան, միջնադարյան փիլիսոփայությունը եւ, 16-րդ դարից սկսած, հայ տպագիր գիրքը դարձան ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային մշակույթի եւ մտավոր հարստության անբաժան մասը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, բացման արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաեւ Յ.Վայտենբերգը, Ա.Ֆրոլայկը, Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության նախագահ Մ.Հախվերդյանը: Ցուցահանդեսում ներկայացված են Լեյդենի համալսարանում պահվող հայկական ձեռագիր մատյաններ եւ տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մագաղաթյա գիրքը` ժամանակակից թարգմանությամբ: Համալսարանի տրամադրության տակ կա 65 ձեռագիր մատյան, որոնցից 57-ը 1985թ. համիդյան ջարդերի ժամանակ Կիլիկիայի հայերը, ոչնչացումից փրկելու նպատակով, հանձնել են անգլիացի Ռենդել Հարիսին (Rendel Harris), որը հետագայում դարձել է Լեյդենի համալսարանի տնօրենը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 31-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն