Երեւանում ավարտվեց ՖԽՎ-ի Եվրոպական տարածաշրջանի` կրթական<br /> համակարգի խնդիրներին նվիրված, համաժողովը<br />


Երեւանում ավարտվեց ՖԽՎ-ի Եվրոպական տարածաշրջանի` կրթական
համակարգի խնդիրներին նվիրված, համաժողովը

  • 05-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ: «Կրթական համակարգերի խնդիրները եւ մարտահրավերները մեր հասարակություններում սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացումների համատեքստում» թեմայով Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի ավարտին` մայիսի 5-ին, ընդունվեց բանաձեւ: Կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ պարունակող փաստաթղթում համաժողովին մասնակցած Եվրոպայի տարբեր երկրների ավելի քան 80 ներկայացուցիչների կողմից, մասնավորապես, կարեւորվում է որակյալ կրթության անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի դպրոցում էթնիկ եւ այլ խմբերի համար հավասար պայմանների, արդարության ապահովմանը: Ինչպես համաժողովին հաջորդած ասուլիսում հայտնեց ՖԽՀ-ի եվրոպական տարածաշրջանի առաքելութան ղեկավար Ժան-Պոլ Վահլը, կազմակերպության անդամ երկրների կողմից բանաձեւում ամրագրված առաջարկների կատարման ընթացքին հետեւելու նպատակով իրենք կդիմեն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը` Եվրոպայի մակարդակով դիտորդական մարմին ստեղծելու առաջարկով: Առաքելության ղեկավարը եւ ՖԽՎ-ում Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության նախագահ Հենրիետ Մարտինեսը գոհունակություն հայտնեցին Հայաստանի կողմից համաժողովը «հոյակապ մակարդակով» կազմակերպելու, նաեւ հուզմունք հայտնեցին համաժողովի շրջանակներում այցելած երկուական համալսարաններում եւ դպրոցներում առկա կրթական որակի կապակցությամբ: Ըստ բելգիացի Ժան-Պոլ Վահլի, անձամբ ինքն երջանիկ կլիներ, եթե իր երկրում, որտեղ կա պետական երկու լեզու, երկրորդ լեզվին տիրապետեին այնպես, ինչպես` Հայաստանում: Ինչպես նշեց Ա.Մարտինեսը, ՖԽՎ-ն ունի երկու նպատակ` պաշտպանել ֆրանսերենը եւ խթանել ժողովրդավարական արժեքները: Ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստանը հավատարիմ է երկու նպատակներին էլ, իսկ ֆրանսերենի հարցում կարելի է ասել, որ այն Հայաստանում «խորապես պաշտպանված է»: ՖԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ Երեւանում համաժողովի անցկացման հիմնական նպատակն էր հանրության կողմից կազմակերպության դերն ընկալելի դարձնելը, ինչն այս երկու օրերին հաջողվեց: Ըստ նրա, համաժողովի անցկացումը նաեւ լուրջ հնարավորություն էր շփումների, միջազգային կապերի զարգացման համար: Նշվեց նաեւ, որ Ֆրանկոֆոնիան համախմբում է ոչ միայն ընդհանուր լեզվամտածողությամբ մարդկանց, այլեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արժեհամակարգը կրողներին: Ասուլիսից անմիջապես հետո համաժողովի մասնակիցներն ուղեւորվեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայիսի 6-ին նրանք կայցելեն Հայաստանի մի շարք պատմամշակութային օջախներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play