Կմշակվի պետական միջոցներով տպագրվող դասագրքերի տրամադրման<br /> նոր կարգ<br />


Կմշակվի պետական միջոցներով տպագրվող դասագրքերի տրամադրման
նոր կարգ

  • 29-04-2010 21:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության ապրիլի 29-ի նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Հայաստանում պետական ֆինանսավորմամբ տպագրվող դպրոցական դասագրքերի տրամադրման կարգի փոփոխման անհրաժեշտություն կա: Ըստ նրա, չնայած տարրական դասարանների դասագրերի տպագրության համար մեծ գումար է հատկացվում, որոնք պետք է տրամադրվեն անվճար, սակայն շուկայում շարունակվում է դրանց վաճառքը: Ի.Զաքարյանի խոսքերով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետական բյուջեի միջոցներով տպագրվող գրքերը 100%-ով բավարարում են պահանջարկը: «Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու՞ են հրատարակիչները ավելի շատ գրքեր տպագրում, ինչ արդյունքում դասագրքերը հայտնվում են շուկայում»,- նշեց Ի.Զաքարյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ գրքերի տրամադրման գործող կարգն իրեն չի արդարացնում: Ըստ նրա, շատ դեպքերում դպրոցներից ու մարզպետարաններից ստացված հայտերը չեն համապատասխանում դպրոցի ուսուցչի կամ տնօրենի ցանկությանը: Այստեղ խնդիրն այն է, որ որոշ հրատարակիչներ տեղերում իրականացնում են լոբբիստական գործունեություն: «Դպրոցները պատրաստ չեն այսօր լավագույն բովանդակությամբ գիրք ինքնուրույն ընտրելու»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ հաջորդ տարվա համար պետք է փոխվեն մեխանիզմները եւ մոտեցումները: Այսինքն, ըստ Ա.Աշոտյանի, գրքերի ընտրությունը չպետք է կախված լինի մարզպետարանից կամ դպրոցից:
Նոյյան տապան  -   Հասարակություն