Արմեն Աշոտյան. «Քանի դեռ ուշ չէ, վերադարձրեք երեխաներին<br /> դպրոցներ»<br />


Արմեն Աշոտյան. «Քանի դեռ ուշ չէ, վերադարձրեք երեխաներին
դպրոցներ»

  • 28-04-2010 21:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Քանի դեռ շատ ուշ չէ, մի խաղացեք ձեր երեխաների ճակատագրերի հետ եւ վերադարձրեք նրանց դպրոցներ, որպեսզի նրանք ավարտեն հանրակրթական դպրոցը սահմանված ժամկետում եւ սահմանված պայմաններում»: Ազգային ժողով-կառավարություն ապրիլի 28-ի հարցուպատասխանի ժամին ծնողներին ուղղված այսպիսի կոչով հանդես եկավ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարության կողմից Երեւանի եւ մարզերի 750 դպրոցի ավագ դասարաններում (շուրջ 43 հազար աշակերտներով) կատարված ուսումնասիրությունը ի հայտ է բերել մտահոգիչ թվեր: Այսպես, պարզվել է, որ այս ուսումնական տարվա ընթացքում ՀՀ կրթական տարածքի հաշվառումից կորել են 3300 աշակերտ, այսինքն տարեսկզբից տարբեր շարժառիթներով դպրոցներից վերցվել են երեխաների անձնական գործերը, սակայն որեւէ այլ դպրոց կամ արտասահման նրանք չեն տեղափոխվել: «Դա դեռ ապօրինություն չէ, բայց համենայն դեպս, մտահոգություն է առ այն, որ եթե վերջին պահին որոշ ճարպիկ տնօրեններ, ճարպիկ ծնողներ փորձեն 3300 աշակերտների անձնական գործերով վերադառնալ դպրոցներ եւ նստեցնել իրենց երեխաներին մեկ դասարան բարձր, ապա նախազգուշացնում ենք, հետեւելու ենք մինչեւ վերջին միասնական քննությունը, համադրելու ենք մեր բազան Գնահատման եւ տեստավորման կենտրոնի բազայի հետ»,- հայտարարեց նախարարը: Նշենք, որ նախարարի 2009թ նոյեմբերի 26-ի հրամանով փոփոխություն է կատարվել Հանրակրթական դպրոցներում էքստեռն փոխադրման կարգում, որի 6-րդ կետի համաձայն, արգելվում է «թռիչքը» հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանից 11-րդ դասարան:
Նոյյան տապան  -   Հասարակություն