2010թ.-ին կնշվի Հայաստանի խորհրդարանի 20-ամյա տարեդարձը<br />


2010թ.-ին կնշվի Հայաստանի խորհրդարանի 20-ամյա տարեդարձը

  • 19-04-2010 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 19-ին, տեւական ընդմիջումից հետո, կայացավ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին խորհրդարանի` Գերագույն խորհրդի, նախկին պատգամավորների հավաքը: Հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանի խորհրդարանի 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը եւ ընդունել համապատասխան հայտարարություն: Նախաձեռնողը «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ն էր: Վերջինի նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտնեց, որ հավաքին հրավիրված են նաեւ ներկայիս գումարման Ազգային ժողովի ղեկավարության եւ խմբակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ: Սակայն հրավերը մնաց անարձագանք, եւ հավաքին մասնակցեցին միայն ԳԽ-ի նախկին շուրջ հինգ տասնյակ պատգամավորներ: Հավաքի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 10 տարի առաջ ընդլայնված կազմով տեղի ունեցած նախորդ հավաքից հետո մահացած շուրջ երկու տասնյակ նախկին պատգամավորների հիշատակը: Ռ.Թորոսյանը հայտնեց, որ վերջին 20 տարում ընդհանուր առմամբ կյանքից հեռացել են չորս տասնյակ ԳԽ-ի նախկին պատգամավորներ: Ակումբի նախագահը ներկայացրեց տոնական միջոցառումների ծրագրի նախագիծը, տեղեկացնելով, որ այն վաղուց է կազմվել եւ նախապես ներկայացվել պետական մարմիններին, սակայն որոշակի դանդաղկոտություն է նկատվում, ու, ցավոք, մի շարք ծարգրված միջոցառումներ, հավանաբար, չի հաջողվի կյանքի կոչել: Սակայն, ըստ նրա, մեկ բան հստակ է. հուլիսի 20-ին` ԳԽ-ի առաջին նիստի օրը, հանդիսավոր կերպով կնշվի առաջին խորհրդարանի 20-ամյակը: Բացի այդ, ներկայիս ԱԺ-ի ղեկավարության կողմից ստացված հավաստման համաձայն, կտպագրվի «ՀՀ խորհրդարանը 1990-2010թ.թ.» գիրքը եւ խորհրդարանի արխիվային նյութերի հիման վրա կնկարահանվի «Պառլամենտարիզնի ձեւավորումը ՀՀ-ում` 1990-2010թ.թ.» ֆիլմը: Հավաքի մասնակիցները` անկախ քաղաքական հայացքներից եւ ներկայումս զբաղեցրած դիրքից, կարեւորեցին 1990-1995թ.թ.-ի խորհրդարանի դերն ու նշանակությունն արդի հայոց պատմության հիմնադրման, ինքնիշխանության հռչակման տեսանկյունից: Ելույթներում հնչեց նաեւ որոշակի քննադատություն, մասնավորապես, երկրի «զարգացման ուղղությունը փոխվելու», քաղաքական ասպարեզում «մականունավորների» ի հայտ գալու, քաղաքական մշակույթի բացակայության հետեւանքով առաջին խորհրդարանի անդամներին «պատմությունից դուրս մղելու եւ անտեսելու» կապակցությամբ: Որոշվեց սեփական ուժերով կազմել պաշտոնավարման ժամանակաշրջանի տարեգրությունը, հրատարակել ԳԽ-ի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկագիրք: Կազմվեց նաեւ աշխատանքային խումբ` խորհրդարանի 20-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունվելիք հայտարարության տեքստը հիմնովին վերամշակելու համար, իսկ նախապես կազմված տեքստը որակվեց «անատամ»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play