Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը


Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

  • 29-04-2022 14:48:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եվրոպական երաժշտական միջոցառման կազմակերպման հարցում: 
 
Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ստացել կազմակերպելու «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը:
 
Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
 
Արայիկ Հարությունյանն ընդգծել է միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու խնդիրը: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող աջակցության ծրագիրը:
 
Քանի որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը տեղի է ունենալու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես նաև այս վայրում են անցկացվելու մի շարք կարևոր այլ միջոցառումներ, համալիրում ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, ինչը նույնպես դարձել է քննարկման առարկա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն