Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ


Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

  • 20-05-2022 17:37:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են պարտադիր ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նոր մոտեցումները: Այս մասին հատնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 
 
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: 
 
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սահմանված գլխավոր նպատակն ազատ և բաց մրցակցային միջավայրի ձևավորումն է, որը պետք է հագեցնի հերթական ատեստավորումից առաջ իրականացվող վերապատրաստումների որակական բարելավմանը: Փաստելով, որ նախարարությունը երաշխավորել է 48 վերապատրաստող կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց, նա նշել է, որ ուսուցիչները հնարավորություն ունեն ընտրելու նշված կազմակերպություններից և դասընթացներից որևէ մեկը:
 
«Ստեղծված են նախադրյալներ` ուսուցչի վերապատրաստման դասընթացների մեխանիզմը կատարելագործելու և նորովի գործարկելու համար»,- նշել է նախարարի տեղակալը` միաժամանակ կարևորելով ի հայտ եկած խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը: 
 
Նա նաև տեղեկացրել է, որ անցյալ տարի պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել են շուրջ 6700 ուսուցիչներ, այս տարի նախատեսվում է ավելի քան 14 000 ուսուցիչների վերապատրաստում: Փոփոխություններ են կատարվել ուսուցչի վերապատրաստման և կազմակերպությունների երաշխավորման կարգերում: 
 
«Փորձել ենք հնարավորինս կրճատել գործընթացի թղթաբանությունը: Մեր հանդիպման հիմնական նպատակը, փոփոխություններով պայմանավորված, աշխատանքային և կազմակերպական հարցերի քննարկումն է»,- նշել է նախարարի տեղակալը:
 
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հայտարարված է մրցույթ` երաշխավորված կազմակերպությունների ցանկի համալրման նպատակով, որին կարող են մասնակցել նախարարության սահմանած չափանիշներին բավարարող բոլոր կազմակերպությունները: 
Նրա խոսքով՝ նախարարությունը որպես հիմնական պահանջ կարևորում է վերապատրաստման դասընթացների առկա ձևաչափով կազմակերպումը` հաշվի առնելով դրանց բարձր արդյունավետությունը: Հեռավար եղանակով վերապատրաստումները, ըստ Ժաննա Անդրեասյանի, կարող են ընդունելի լինել բացառիկ դեպքերում` լուրջ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում: 
ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է վերապատրաստման դասընթացների և կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների դիտարկման արդյունքները: 
 
Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ երկխոսություն. կազմակերպությունների ներկայացուցիչները հարցեր են ուղղել վերապատրաստման ծրագրի, ֆինանսավորման և այլ խնդիրների վերաբերյալ:
 
Նշենք, որ ուսուցչի հերթական ատեստավորման նպատակով վերապատրաստող կազմակերպության՝ սահմանված չափանիշներին համապատասխանությունը որոշում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հերթական (պարտադիր) ատեստավորումից առաջ ուսուցիչների վերապատրաստումն օրենսդրական պահանջ է: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն