Հրայր Թովմասյան. Ռազմավարական առումով «Նուբարաշեն»-ը` որպես ՔԿՀ, ընդհանրապես պետք է փակվի


Հրայր Թովմասյան. Ռազմավարական առումով «Նուբարաշեն»-ը` որպես ՔԿՀ, ընդհանրապես պետք է փակվի

  • 13-04-2011 22:04:01   | Հայաստան  |  Հասարակություն
Վերջին 3 տարիներին քրեակատարողական հաստատություններում չի եղել սպանություն, չի դատապարտվել իգական սեռի եւ ոչ մի անչափահաս։ Ազգային ժողով-կառավարություն ապրիլի 13-ի հարցուպատասխանի ժամին այս մասին հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Նախարարը համաձայնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի դիտարկմանը, թե կալանավայրերում շուրջ 2,5 անգամ ավելացել են մահվան դեպքերը. 2010թ.-ին դրանք կազմել են 37՝ նախորդ տարվա 15-ի դիմաց։ Ըստ ոլորտի պատասխանատուի, մահվան դեպքերի մի մասը հետեւանք է թմրամոլությամբ պայմանավորված` բենզինի եւ որոշակի նյութերի խառնուրդի օգտագործմամբ ։ Կալանավայրերում արձանագրված բոլոր 4 ինքնասպանության դեպքերում առկա է ինքնասպանի գրությունը` իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրելու մասին: Այդ է պատճառը, որ, նախարարի ունեցած տեղեկություններով, քրեական գործեր չեն հարուցվել։ Նախարարն որպես «ամենամտահոգող» գնահատեց կալանավայրերի գերբնակեցման խնդիրը, որը բնորոշ է գրեթե բոլոր հետխորհրդային տարածքի երկրներին։ Դրա լուծման մեխանիզմներից է, մասնավորապես, պատժի չկրած մասը հանրային աշխատանքով փոխարինելու միջոցը՝ նախորդ ամիս 19 դատապարտյալ է փոխարինել պատժի չկրած մասը հանրային աշխատանքով, իսկ այս ամիս նրանց թիվը կհասնի մոտ 40-ի։ Ներկայումս քննարկվում է Գորիսի քրեակատարողական հիմնարկի շինարարության համար բյուջեով նախատեսված մեկ մլրդ դրամը Արմավիր քրեակատարողական հիմնարկին վերաբաշխելու հարցը, ինչի արդյունքում 1-2 տարվա ընթացքում հնարավոր կլինի ունենալ 400-տեղանոց նոր տիպի քրեակատարողական հիմնարկ։ Քննարկվում է նաեւ Երեւանում նոր կառույց ունենալու հարցը, ինչը կթեթեւացնի «Նուբարաշեն» ՔԿՀ գերբնակեցվածության խնդիրը։ «Ռազմավարական առումով «Նուբարեշեն»-ը` որպես ՔԿՀ, ընդհանրապես պետք է փակվի, որովհետեւ ժամանակակից չափանիշներին իրոք չի համապատասխանում»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը։ Հրայր Թովմասյանը հայտնեց նաեւ, որ վերազինման աշխատանքների շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի փոքր վիրահատություններ կազմակերպել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։Հիմնադրամների աջակցությամբ ձեռք է բերվել մոտ 8 մլն դրամի դեղորայք, ներկայումս բանակցություններ են ընթանում «Գլոբալ» հիմնադրամի հետ առողջապահական նյութեր եւ սարքավորումներ մատակարարելու հարցով։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play