Երեւանում մեկնարկեց «Տարածաշրջանային համագործակցության<br /> խթանում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» երկօրյա<br /> համաժողովը<br />


Երեւանում մեկնարկեց «Տարածաշրջանային համագործակցության
խթանում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» երկօրյա
համաժողովը

  • 02-04-2009 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-ին Երեւանում աշխատանքն սկսեց «Տարածաշրջանային համագործակցության խթանում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» խորագրով համաժողովը` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես համաժողովի բացման խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, համաժողովը Երեւանում է անցկացվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (BSEC-ՍԾՏՀ) Հայաստանի կիսամյա նախագահության շրջանակներում: Միջոցառման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են մեկ տարի առաջ: Ըստ նրա, նշված թեմայով համաժողովի անցկացման առաջին ազդակներից էր այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարեւոր թեմա է դիտարկվում ամբողջ աշխարհում: Բացի այդ, ՀՀ կառավարությունը երկրում ՏՏ բնագավառի հաջողությունները համարում է որպես Հայաստանի գերազանցության կենտրոն դառնալու հիմք: Տեղեկացվեց, որ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտի համար առաջնային է համարում էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական հասարակության (նաեւ` դպրոցների էլեկտրռնային փոխկապակցման, էլեկտրոնային կրթության) զարգացումը, «Համակարգիչ` բոլորի համար» ծրագրի իրականացումը: Վ.Դանիելյանը հավելեց, թե ՀՀ կառավարությունը գտնում է, որ ապագայում Հայաստանի ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները կարող են դառնալ «մեծ լաբորատորիա գլոբալ շուկաների համար»: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Էկոնոմիկայի, Արտաքին գործերի նախարարությունները եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ): Վերջինիս տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, ՏՏ ոլորտը ամբողջ աշխարհում լուրջ վնասներ է կրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Նա ՏՏ ոլորտում փորձի փոխանակումը եւ համագործակցությունը կարեւորեց այն առումով, որ ՏՏ-ի նկատմամբ նոր մոտեցումների կիրառումը այլ ոլորտներին կընձեռի ծախսերի կրճատման միջոցով ճգնաժամի հետեւանքները մեղմելու հնարավորություն: Ըստ Բ.Ենգիբարյանի, Հայաստանի ՏՏ ոլորտի ճիշտ շուկայական թիրախներ ընտրած ընկերություններն ունեն նաեւ արտադրության եւ աշխատատեղերի աճ: Նա կարեւորեց հայկական ՏՏ ձեռնարկությունների հետագա մուտքը նոր շուկաներՆ նշելով, որ, ՀՀ վարչապետի հանձնարարականով, պետական պատկան մարմինները` մասնավոր հատվածի հետ համատեղ, մշակում են նշված ձեռնարկությունները նոր շուկաներում վերադիրքավորելու մեխանիզմներ: Նրա գնահատմամբ, Հայաստանի ՏՏ ոլորտի մրցակցային ամենամեծ առավելությունը մտավոր ներուժն է եւ աշխատուժի հարաբերականորեն էժան գինը: «Տարածաշրջանային համագործակցության խթանում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» համաժողովի (կավարտվի ապրիլի 3-ին) աշխատանքերի շրջանակն ընդգրկում է «Ճգնաժամի ազդեցություն/ ՏՏ աութսորսինգ/ Վաճառքի խթանում», «Երկրների ՏՏ քաղաքականություն/ Էլեկտրոնային հասարակություն» եւ «ՏՏ կրթություն/ աշխատուժի զարգացում» բաժինները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play