Տիգրան Սարգսյան. Մեքենաների տեխզննման վերաբերյալ կառավարության որոշումը չի հակասում օրենքին


Տիգրան Սարգսյան. Մեքենաների տեխզննման վերաբերյալ կառավարության որոշումը չի հակասում օրենքին

  • 13-04-2011 21:39:51   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանում մեքենաների տեխզննման գործընթացի կանոնակարգերի վերաբերյալ կառավարության որոշումը բացարձակապես չի հակասում օրենքին՝ կառավարությունը չի վերացրել օրենքի դրույթները, ընդամենը ֆիքսել է որոշակի գործառույթներ։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն ապրիլի 13-ի հարցուպատասխանի ժամին հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ կառավարության որոշումը բխում է տեխզննում անցնող 300 հազար մեքենաների սեփականատերերի շահերից։ «Տեխզննում իրականացնող կայանների միջեւ պետք է լինի մրցակցություն, նրանք պետք է պատշաճ ծառայություններ մատուցեն, եւ մեր քաղաքացիները կարող են ընտրել այն տեխզննման կայանը, որն առաջարկում է ավելի բարենպաստ ծառայություն»,- ասաց կառավարության ղեկավարը։ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ տեխզննման ոլորտում կային լրջագույն` մինչեւ 90 տոկոս հասնող, կոռուպցիոն ռիսկեր, եւ կառավարությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն պայքարի ուսումնասիրություններ իրականացնելիս կառավարությունը բացահայտել էր, որ տեխզննման կտրոնները համատարած կերպով տրվում էին առանց տեխզննում իրականացնելու՝ 5000 դրամ կաշառք շորթելու դիմաց։ Երբեմն մեքենաները տեխզննում «անցնում էին» առանց տեխզննման կայան ժամանելու։ Կառավարության ղեկավարը ընդունեց Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության անդամ Արա Նռանյանի առաջարկը` խնդրի առնչությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ։ «Պատրաստ ենք քննարկել հարցի իրավական կողմը»,- ասաց Տ.Սարգսյանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play