Ինչու է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում. պարզաբանում է ՇՄ նախարարությունը


Ինչու է կանաչում Սևանա լիճը, և ինչ քայլեր են ձեռնարկվում. պարզաբանում է ՇՄ նախարարությունը

  • 19-07-2022 18:10:09   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել, նշելով, թե ինչու  է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ:
 
Պարզաբանման մեջ ասվում է, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
 
Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.
 
Ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ,
 
ջրի բարձր ջերմաստիճան,
 
լույսի բավականին մեծ ինտենսիվություն,
 
լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։
 
Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։
 
Ըստ պարզաբանման՝ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:
 
Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից.
 
Կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը,
 
գյուղատնտեսություն և անասնապահություն,
 
ջրածածկ բուսական տարածքներ,
 
ցանցավանդակային ձկնաբուծություն,
 
կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր,
 
Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտենսիվ ծաղկման փուլում: Լիճն, ըստ տրոֆիկ վիճակի, համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։
 
Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտենսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։
 
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8 մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6 մգ/լ-ից):
 
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սակայն 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը:
 
Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։
 
Նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր.
 
Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում
 
ձկնապաշարի համալրում
 
Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում
 
Սևանա լճի ջրի նորմերի հաստատում
 
 (Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում)
 
Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում
 
ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ
 
աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում
 
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝
 
Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում,
 
էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում
 
կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում
 
Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիության բարձրացում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում
 
Սևանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգի բարելավում։
 
Մասնավորապես, կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։
 
«Հարգելի քաղաքացինե՛ր, մենք մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
 
Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո»,- նշված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play